Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿՆՀԱՅՏ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտ 11,2003 00:00

ԱԿՆՀԱՅՏ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԼՄ-ների նյութերին մենք սովորաբար չենք անդրադառնում՝ ներլրագրողական բանավեճ սարքելը ոչ միայն տհաճ է, այլեւ մեզ, լրագրողներիս, համար անպատվաբեր ու վարկաբեկիչ: Մեր հարգարժան գործընկերները իշխանամետ թերթերից գրեթե ամեն օր անդրադառնում են «Առավոտի» հրապարակումներին /նաեւ աշխատակիցներին/՝ երբեմն օգտագործելով բավականին վիրավորական որակումներ: Մենք դրանց չենք պատասխանում, չենք էլ պատրաստվում դա անել: Բայց այս անգամ խոսքը մեր մասին չէ, այլ մի անձնավորության, որը բացարձակապես կապ չունի քաղաքականության հետ եւ երբեք իրեն չի դրսեւորել որպես որեւէ ճամբարի կողմնակից: ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտն անց է կացրել մոնիտորինգ, թե ինչպես են մեր լրատվամիջոցները լուսաբանել նախընտրական պայքարը Հայաստանում, հրապարակել է զեկույց, որը ինստիտուտի փոխտնօրեն Մարկ Գրիգորյանը ներկայացրել է ասուլիսի ժամանակ: Ահա այդ ասուլիսի մասին նյութը իշխանամետ թերթերից մեկը վերնագրել է՝ «Պավլիկ Մորոզովի ստանդարտներով»: Ասեմ, որ զեկույցի ոչ բոլոր դրույթների հետ եմ ես համաձայն, ինչի մասին, ի դեպ, խոսք գնաց նույն թեմային նվիրված այս շաբաթ-կիրակի կայացած սեմինարում: Բայց ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի /ինչպես նաեւ Երեւանի մամուլի ակումբի/ հիմնական եզրակացություններն այնքան ակնհայտ են, որ դրանց հետ վիճելը, իմ կարծիքով, անիմաստ է: Այդ եզրակացությունների իմաստը ես հասկացել եմ հետեւյալ կերպ. տպագիր մամուլը նախընտրական շրջանում բաժանված էր երկու, գրեթե հավասար, մասերի՝ իշխանամետ եւ ընդդիմադիր, եւ այդքանով ապահովում էր կարծիքների բազմազանությունը: Բայց լսարանի /եւ, հետեւաբար, ազդեցության/ առումով թերթերը երկրորդական նշանակություն ունեն՝ հեռուստաընկերությունների հետ համեմատելով: Իսկ վերջիններս ամբողջությամբ գտնվում են իշխանության վերահսկողության տակ: Եվ նրանց խմբագրական լուսաբանումները կողմնակալ էին ու միանշանակ պաշտպանում էին գործող նախագահին՝ մի մասն ավելի զուսպ եւ պարկեշտ, մյուսը՝ կոպիտ եւ «կացնային»: Մասնավորապես, Հանրային հեռուստատեսությունն այդ առումով խախտում էր ոչ միայն էթիկական, այլեւ իրավական նորմերը, քանի որ ըստ օրենքի պարտավոր է լինել անաչառ եւ հավասարակշռված: Արդյոք որեւէ մեկը կպնդի՞, որ այդպիսին էր, օրինակ, «Օրակարգ» հաղորդաշարը: Այդ հանրահայտ ճշմարտություններին ստիպված չէի լինի անդրադառնալ, եթե դրանք արձանագրելու համար Մարկ Գրիգորյանին չանվանարկեին «Պավլիկ Մորոզով»՝ այսինքն դավաճան, ընտանիքն ուրացող: Պարզապես հիշեցնեմ, որ խոսքը «տոհմիկ» մտավորականի մասին է: Եվ մտավորականի բարձր սկզբունքերը նա ոչ միայն չի ուրացել, այլեւ հպարտությամբ կրում է իր ազգանունը, որը հայաստանցիների մի քանի սերնդի համար խղճի, ազնվության եւ անկաշառության մարմնավորում է: Ցավոք, նման մտավորականները Հայաստանում քիչ են մնացել: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել