Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՏԱՐԻՉՆԵՐԸ

Մարտ 15,2003 00:00

ԸՆՏՐԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՏԱՐԻՉՆԵՐԸ Հազար ամոթ ու ափսոսանք եմ ապրում, որ մասնակցել եմ այս ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերին, ի՞նչ եղավ իմ տված ձայնը՝ դարձավ «ձայն բարբառո հանապատի՞», թե՞ պարզապես խարույկ հանեցին, որովհետեւ իմ ծանոթներից մեկն ասաց, որ ինքը տեսել է, թե ինչպես գիշերը Երեւանի թիվ 33 դպրոցի ետնաբակում խրձերով այրում էին ընտրաթերթիկները՝ ո՞ւմ օգտին ձայն տվողների ընտրաթերթիկները՝ գործող նախագահի՞, թե՞ Ստեփան Դեմիրճյանի։ Ահա մի հարց, որի պատասխանը նորին մեծություն քմծիծաղն է։ Եվ քմծիծաղով ասեմ, որ իշխանությունը բավարարել է ընտրական կարգախոսի «արդար, ազատ եւ թափանցիկ» երեք կետերի պահանջներից երկուսը՝ կեղծվել է «ազատ եւ թափանցիկ» եւ եթե արդար կեղծիք էլ լիներ՝ արդար էլ կկեղծեին։ Մեր ազգային ճակատագրում երբեք «երկու երնեկ մի տեղ» չի եղել, այդպես եղավ եւ անկախությունից հետո՝ մեր հավաքական արատների բեռը ծանրացավ մի հանցանք-արատով եւս՝ ընտրանենգությամբ, որն աննախադեպ վայրագության հասավ փետրվարի 19-ի եւ մարտի 5-ի նախագահական ընտրություններին։ Ինձ այնքան ցավ չեն տալիս ընտրանենգության պատճառած քաղաքական վնասները, որքան բարոյական կորուստները։ Քաղաքական վնասները, ի վերջո, կհաղթահարվեն, որովհետեւ ժողովրդի կամքին դեմ գնալ՝ նույնն է՝ փորձես ջրվեժի հակառակ հոսանքով լողալ, եւ եթե որեւէ մեկը հեղափոխական մոլեռանդությամբ փորձի այդ բանն անել, կընկնի անդունդ եւ ջրվեժի ջրափրփուրը ամոթանքի թուքի նման կծածկի նրան։ Կործանարարն ու ահավորը քաղաքական կորուստներն են՝ նախ, խաթարվում է ժողովրդի հավատը եւ այնուհետեւ՝ ճշմարտությունն էլ կարող է կեղծիք համարվել, իսկ կեղծիքը՝ ճշմարտություն, ապա, վատ օրինակը համաճարակային արագությամբ է տարածվում եւ շարունակական լինում, եւ եթե այս նորօրյա ընտրական ժանտախտի դեմը չառնվի, մատաղ սերնդի մեջ էլ ընտրանենգները բազում-բազմաթիվ կլինեն, այլ կերպ ասած՝ ընտրակեղծարարությունը «երեւանյան հիվանդության» նման ազգային դիմագիծ կստանա։ Պատահական զուգադիպությո՞ւն է, թե՞ սատանայական օրինաչափություն, որ գործող նախագահի նախընտրական շտաբը տեղակայված էր Գիտությունների ակադեմիայում, իսկ ընտրատեղամասերը՝ դպրոցներում, արդյո՞ք այս խորհրդանշանները ենթադրել չեն տալիս, որ այսուհետեւ ընտրանենգությունն ակադեմիական երաշխավորմամբ մտնելու է դպրոցական ծրագրերի մեջ՝ որպես առանձին առարկա, եւ, եթե այդպես լինի, ես չեմ զարմանա, որովհետեւ ընտրությունից ընտրություն, ինչպես գոմաղբանոցներում գարնանային կանաչ ճանճերը, բազմանում են ընտրանենգները, որոնց գործած հանցանքները ոչնչով չեն զիջում մաքսանենգների եւ պատմությունը նենգողների հանցանքներից, որոնց Սերվանտեսը մահապատժի արժանի է համարում։ Սերվանտեսի պես իրենց պահող գրողներին, նաեւ դերասաններին, գիտնականներին, մտավորականներին, քաղաքական գործիչներին, օրենսդիրներին, որոնք գործող նախագահի «գլուխօրհնեք» կարդացող տիրացուներ էին, հիմա դառնամ հարցնեմ. ի՞նչ պատժի արժանի եք տեսնում ձեզ, որ մի գիշերում գործող նախագահին սատարողից դարձաք ընտրանենգության սատարիչներ, չարիք գործեցիք, խիղճներդ կորցրիք, մեղք գործեցիք, մեղք, որը ձեզ կպած է լինելու ընդմիշտ, ինչպես ձեր ստվերը։ Ատելությունը վառոդ է, որի պարկուճները մարդկային հոգիներն են, վառոդով լցված մարդկային հոգիներից բաղկացած հասարակությունը պայթունավտանգ է, եւ ընդունակ է չարենցյան «խելագարված ամբոխներին» փողոց հանել։ Ի սեր Աստծո եւ Ազգի, զոհաբերեք ոչ թե ձեր կյանքը, ինչպես անձնազոհ եռաբլուրցիներն արեցին՝ հանուն Արցախի, այլ ընդամենը ձեր աթոռը՝ ձեր այդ չորքոտանի կուռքը, մենք կռապաշտությունը 1700 տարի առաջ ենք մերժել, 1700 տարի ետ մի հրեք մեր ազգին, այս բանը գուցե մտահոգի հայ կղերականներին եւ մտահոգի իրեն՝ կաթողիկոսին, որը շարունակ ժպտահայաց շնորհավորում է իշխանությանը։ Նախագահական գահաթոռը պահելու համար ազգի եւ պետության պատիվն աշխարհի առաջ գետնին մի հավասարեցրեք, կաթողիկոսի ժպիտից վախեցեք։ Ս/թ փետրվարի 11-ի «Առավոտ» թերթի իմ «Ընտրաքարոզչություն հայավարի» հոդվածում ես իմ անհանգստությունն էի արտահայտել նախընտրական կեղծ գովաբանությունների եւ վերագրումների նկատմամբ, որոնք ընտրական երկու փուլերում դարձան կեղծ ընտրաթերթիկներ, կեղծված հաշվարկներ, մեծատառով կեղծիք, որը նորօրյա բառով ես կոչում եմ ընտրանենգություն։ Պատմության թուքումրին արժանի այս ընտրություններում բանականության սպասավորները դարձան որովայնի սպասավորներ եւ իրենց կերակրամանների լիքը լինելու վայելքը գերադասեցին մարդկային վայելչությունից։ Այս էլ ասեմ՝ չկարծեք, թե ընտրակեղծիքը նոր բան է՝ նախանցյալ դարի կեսերի Ֆրանսիայի բարձրագույն իշխանավորի ընտրություններում էլ կեղծիքներ են եղել, եւ Վիկտոր Հյուգոն իր «Բոնապարտ փոքրը» պամֆլետում վերընտրվողին ասել է. «Պարոն Բոնապարտ, ստիպված եմ ձեզ բացատրել՝ ստելը լավ բան չէ, դավաճանելը՝ վատ, կարելի է տեր լինել, ութ միլիոն ձայն ստանալ… Ձեր առջեւ փորսող են գալու, չորեքթաթ են տալու… Կարելի է լինել բռնակալ… Եվ ահա խավարի մեջ անտեսանելի ինչ-որ մեկը՝ մի անծանոթ անցորդ, կանգնում է ձեր առջեւ եւ ասում՝ «Դու դա մի՛ արա»։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել