Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՄՆԱՑԵԼ»

Մարտ 16,2003 00:00

«ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՄՆԱՑԵԼ» Ասաց Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան Գրետա Սարգսյանը երեկ կեսօրից նախագահի նստավայրի մոտ անժամկետ նստացույց հայտարարեց։ Նրան միացան «Հոկտեմբերի 27»-ի զոհերի այրիներն ու հարազատները։ Մայիսի 15-ի գիշերը ձերբակալվել է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը՝ Տիգրան Նաղդալյանի սպանության կազմակերպման մեղադրանքով։ Կիրակի օրը մեր թերթին տված հարցազրույցում Գրետա Սարգսյանը կարծիք հայտնեց, որ «Տիգրան Նաղդալյանի սպանությունն իրականում չի բացահայտվել, քաղաքական պատվեր է իջեցվել, որ պիտի այդ հանցագործությունը կապվի իմ որդիների անվան հետ եւ ստեղծվի հավանականության տպավորություն, ինչը եւ արվում է երկար ժամանակ»։ Մեր հարցին՝ արդյոք այս ամենը կապվո՞ւմ է Արամ Սարգսյանի եւ «Հանրապետություն» կուսակցության ծավալած քաղաքական գործունեության հետ, տիկին Գրետան պատասխանեց. – Իհարկե, իրենք զգում են, որ Արամն այդքան հեշտ կոտրվողներից չէ, ինչպես եւ ես։ Ես էլ վերջին հարցազրույցում ասել եմ, որ իրենց նպատակը դա է՝ մեզ կոտրելը, բայց մենք պիտի մինչեւ վերջ գնանք, որ «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները, պատվիրատուները բացահայտվեն։ Ես բազմիցս ասել եմ, որ բոլորն էլ գիտեն՝ ովքեր են հանցագործները, բայց դատարանում պիտի բացահայտվի, օրինական ճանապարհով։ Մենք պետությանն ու պետականությանը հավատացող մարդիկ ենք, մենք ուզում ենք, որ հանցագործությունը դատարանի դահլիճում բացահայտվի, ու հանցագործներն օրենքով պատժվեն։ – Ձեր կարծիքով, ո՞ւմ էր ձեռնտու Տիգրան Նաղդալյանի սպանությունը։ – Ես չգիտեմ, ես ենթադրում եմ, որ նրա մահը պետք էր այն մարդկանց, ովքեր վախենում էին տեսաերիզից, այն ամենից, ինչ կարող էր նա դատարանում ասել։ Մեզ դա ձեռնտու չէր։ Արամը միտինգում էլ է ասել, որ մեզ պետք էր, որ նա դատարանում ցուցմունք տար։ Իմ երեխաները ոճրագործ չեն։ Արմենը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, Արամը քաղաքականության մեջ է, նրան կպչելը մեծ աղմուկ կառաջացներ։ Ուրիշ տղա ունենայի, նրան էլ էին խառնելու։ Նրանք վախեցած են։ Տեսնում են, որ ժողովուրդը ոտքի է կանգնել, իսկ ժողովուրդն ուժ է։ Հանաք բան չէ։ Գյուղերից չեն թողնում քաղաք հասնեն, ճանապարհները փակում են, Երեւանում հավաքվում է միայն Երեւանի ժողովուրդը՝ 70-100 հազար մարդ։ Այդքան մարդու հետ կատակ չես անի՝ սա արդեն շարժում է, համազգային շարժում, ոչ թե սովորական հանրահավաք։ Էսքան մարդու չես խաբի, մարդիկ տեսել են, թե ինչ է կատարվել ընտրությունների օրը, հազար մարդ է ինձ զանգել, եկել մեր տուն, թե հայտնեք շտաբ՝ ի՞նչ է կատարվում, ո՞վ է տեսել հատուկ զորքերը տանեն ընտրատեղամասեր։ Ժողովուրդն իր ձայնն է ուզում, ժողովուրդը չի ընտրել, զոռով են արել։ – Ձեր կարծիքով, ի՞նչ է ուզում Ռոբերտ Քոչարյանը ձեր տղաներից։ – Իրեն հարցրեք։ «Հոկտեմբերի 27»-ից հետո ես ասացի՝ պարզեք, անպայման պատվիրատուներ կան։ Առաջին օրվանից ինձ տարբեր մարդիկ ասում էին՝ «իրենք» են, արտասահմանից էին զանգում՝ «անոնք են, բան մը ըրեք»։ Ես լռեցնում էի, ասում էի՝ անհարմար է, անբարոյականություն է նման բան ասելը, ես չեմ կարող դրան հավատալ, նրանք Վազգենիս ընկերներն են եղել։ Բայց իրենք որեւէ բանով մեզ նեցուկ չեղան, մի անգամ չեկան, չնստեցին իրենց զոհված ընկերոջ մոր ու հոր կողքին, մխիթարանքի խոսքեր չասացին։ Էդ ճիճուներն ո՞վ էին, որ մտնեն ԱԺ, ամբողջ խորհրդարանի պահակային ծառայությունն ո՞ւր էր, անվտանգությունն ո՞ւր էր, պատգամավորների մի մասն ո՞ւր էր։ Գիտեին ինչ է լինելու ու չէին եկել։ Բարի խոսքի փոխարեն՝ նախաքննությանն ու դատաքննությանն իրենց խանգարելը տեսա։ Արամիս տարան վարչապետ ու, հենց որ գործը պիտի բացվեր՝ ազատեցին։ Հետո էլ սկսեցին մեկ-մեկ ազատել ձերբակալվածներին։ Էդ որ իմացել-չի հայտնել՝ հանցագործ է, զենք է մատակարարել՝ հանցագործ է, ԱԺ-ի դռները բացել է՝ հանցագործ է, անցաթուղթ է տվել՝ հանցագործ է։ Իրենք իրենց քայլերով ինձ էլ, բոլորին էլ ապացուցեցին, որ սրտները շատ է ցավում հանցագործների համար՝ համաներումով ազատում են, երաշխիքներ են տալիս, թե բան չի լինելու, չվախենաք։ Էդ ինչո՞ւ։ Որովհետեւ իմացել-չեն կանխել, ԱԺ-ն անպաշտպան են թողել։ Ես հիմա գնամ, ինձ ԱԺ կթողնե՞ն, որ Սպարապետի մայրն եմ։ Չեն թողնի։ Էդ մարդիկ էդքան զենք ո՞նց մտցրին, իրենք ո՞նց մտան։ Գոնե մեկը պաշտոնական մի հայտարարություն արե՞ց։ 99-ին չարեց, 2000-ին չարեց։ Մինչեւ հիմա՝ ոչ մի բառ։ Տիգրան Նաղդալյանի սպանությունից կես ժամ հետո նախագահը հայտարարություն արեց, եթերում համաշխարհային սուգ էր։ Հա, մեղք էր, ջահել տղա էր, բան չունեմ ասելու։ Բայց էդքան անարդարությունները չեն մարսելու, իմ երեխան՝ անկողնուց հանած, ջերմությունը վրան, ի՞նչ կապ ուներ էդ ամեն ինչին։ Իմ տղայի հարցը չէ, բոլորիս տղաների հարցն է, մեր երկրի, մեր ժողովրդի, արդարության հարցն է։ Մեզ չեն վախեցնի, մենք պայքարելու ենք։ Բռնություններով, մարդկանց բանտերը լցնելով, գործից հեռացնելով հա՞րց են լուծում։ Շուրջբոլորը կեղծիք, անօրինականություն։ Հիմա մենք պահանջատեր ենք։ «Հոկտեմբերի 27»-ից իմ սիրտն էր մրմռում։ Բոլորի վիշտը հարգում եմ, հիշատակը հարգում եմ, բայց որդին ուրիշ է, ես չեմ կարող լռել, էն էլ էդպիսի տղային կորցնող մայրը չի լռելու։ Վազգենին կորցնելուց հետո ինձ ինչո՞վ են վախեցնելու։ Անամոթաբար Բանակի օրը Վազգենի մասին խոսք չեն ասում, Շուշիի հաղթանակի օրը Վազգենի մասին ոչինչ չեն ասում։ Բայց երբ ինքը պիտի ընտրվեր, անամոթաբար Վազգենի խոսքը եթեր են տալիս, որ Վազգենի օգնությամբ հաղթեն։ Հա, էն ժամանակ էդպես էր, բայց հետո դու քեզ չարդարացրիր, ու Վազգենը վերաբերմունքը փոխեց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել