Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՇԱ՜Տ Է ՍԻՐՈՒՄ

Մարտ 16,2003 00:00

ՀՅԴ-Ն «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՇԱ՜Տ Է ՍԻՐՈՒՄ ԱԺ ընտրության նախօրեին Դաշնակցությունը հայտնվեց «կաթնամթերքի կայսրությունում», հուսալով, թե «ժողովուրդը երբեք չի սխալվում»: ՀՅԴ 101 հոգանոց համամասնական ցանկում 28 անկուսակցականների շարքում են «Գրանդ-Քենդի» ՍՊԸ գործադիր տնօրեն Արմենուհի Հովհաննիսյանը, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ գործադիր տնօրեն Միքայել Վարդանյանը, Ավշարի գինու գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արայիկ Գրիգորյանը, «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ խորհրդի նախագահ Աշոտ Ափոյանը, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արամ Անդրեասյանը, «Երառսպասարկում» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Շաքարյանը, «Հախճապակի» ԲԲԸ գործադիր տնօրեն Սերգեյ Սարգսյանը, «Միկա-ցեմենտ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Մարտիրոսյանը (եթե չենք սխալվում՝ սա նույն Մարատ Մարտիրոսյանն է, որը ձերբակալվել էր էներգետիկ չարաշահումներն ուսումնասիրող Դավիթ Լոքյանի գլխավորած հանձնաժողովի հաշվետվության հիման վրա հարուցված քրեական գործով): Ահա «գումարներ՝ ցուցակում ընդգրկվելու դիմաց» սկզբունքով ընտրված հովանավորների այսպիսի պատկառելի ցանկով է ՀՅԴ-ն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Հայտնի է, որ այլ մեծահարուստների էլ իշխանությունը տեղաբաշխել է Ռոբերտ Քոչարյանի աջակից այլ կուսակցություններում՝ ՀԺԱՄ-ում, ՀՌԱԿ-ում (ճակատագրի հեգնանքով՝ ՀՀՇ-ին հետին թվով այդքան քննադատող ՀՌԱԿ-ի ցուցակում թիվ 2-ը դարձել է 1995-ի ԱԺ ընտրություններին՝ որպես ՀՀՇ անդամ «Հանրապետություն» խմբակցության ցուցակով ընտրված Գագիկ Աբրահամյանը): Թվում էր, թե ՀՅԴ-ն ամենաքիչը պիտի ունենար ֆինանսական ներարկումների կարիքը, քանի որ համամասնական ցանկից դատելով՝ 71 դաշնակցականներից շատերն են հարմար տեղավորվել նախարարություններում, մարզպետարաններում, զանազան բուհերում, կան նաեւ տարբեր ՍՊԸ-ների տնօրեններ: «Առավոտի» հարցին, թե գործարար Հրանտ Վարդանյանի կուսակցության հետ միասնաբար հանդես գալն արդյոք նախընտրական ծախսերը հաղթահարելու նպատակո՞վ է պատճառաբանված, պատասխանեցին երեկ հրավիրված ասուլիսի բոլոր մասնակիցները: Նախ՝ ՀՅԴ ցուցակում 3-րդ տեղում գտնվող նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը հայտնեց, թե բավական քաջատեղյակ է այս համագործակցության առաջացման հիմքերին, եւ վկայեց, թե ցուցակը միայն քաղաքական «ուժեղ կուսակցության» եւ տնտեսության մեջ «լուրջ դերակատարություն» ունեցող մարդկանց համագործակցության վկայություն է. «Սա չի կարելի երկու կուսակցությունների դաշինք անվանել»: Արտաշես Թումանյանը նաեւ տեղեկացրեց. «Ցուցակում է նաեւ Հրանտ Վարդանյանի տղան, որին տվյալ պահին գործարար անվանելը ճիշտ չէ՝ նա, ավելի շատ՝ մենեջեր, կառավարիչ է, արեւմտյան կրթությամբ: Սա ավելի նպատակահարմար է, քան երբ խոշոր բիզնեսմեններն իրենք են ուղղակի մտնում խորհրդարան»: Վերընթերցեք այս հրապարակման սկզբում մեջբերված անունները՝ հավաստիանալու համար, որ ՀՅԴ ցանկում կան նաեւ նման խոշոր գործարարներ: Եվ ծանոթացեք նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի պատասխանին մեր հարցին. «Մեր մոդելն այս է՝ ավելի ճիշտ է, որ խոշոր բիզնեսը ներկայացված լինի մենեջերներով, իրավաբաններով, որոնք իսկապես կարող են տնտեսական դաշտի իրենց իմացությամբ շատ օգտակար լինել ԱԺ-ում»: Իսկ ընդհանրապես՝ պրն Հովհաննիսյանը գործարարների ներկայությունը կուսակցական ցանկերում համարում է առաջընթաց եւ երկրի զարգացման արդյունք. «Երեկ մարդիկ փորձում էին իրենց նյութական հզորությունը վերածել քաղաքական հզորության՝ մեծամասնական ընտրատարածքներում: Քանի որ մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց մեծամասնականի հաշվին համամասնականի թիվը խորհրդարանում ավելացնել՝ դա բերեց շատ դրական արդյունքի, մարդիկ սկսեցին գտնել քաղաքական ուժերի հետ իրենց համագործակցության ճիշտ ձեւը»: Նշենք, թե ոչ բոլոր գործարարներն են, որ կուսակցությունների ցուցակներում տեղեր են գնել. կան նաեւ առանձին առաջադրվողներ՝ Խաչատուր Սուքիասյանը, Գագիկ Ծառուկյանը եւ այլք: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պնդեց, թե գործարարների մասնակցությունը թելադրվել է հետեւյալ մոտեցումներով. «Ելել ենք այն ծրագրերից եւ տեսակետներից, որ մենք ունենք: Եվ տեսել ենք, որ այդ տեսակետներն ու ծրագրերը մեզ հետ կիսում են նաեւ անձինք, որոնք կան այս ցուցակում: Սա առաջին հերթին՝ տեղական արտադրության, գործարարության խթանումն է, ազատ մրցակցության, աշխատատեղերի ստեղծումը… Այս համագործակցությունը լավագույնս կնպաստի այդ խնդիրների իրականացմանը»: Նկատենք, որ այս հսկա ցանկում միայն երկուսն են ներկայացված իբրեւ Հրանտ Վարդանյանի Համահայկական աշխատավորական կուսակցության անդամներ: Թեեւ երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ո՞ր պահից է ցուցակի թիվ 20-ում իբրեւ անկուսակցական նշված Վոլոդյա Բադալյանը (Կարեն Դեմիրճյանի կողմնակիցներից մեկը, որ ներկայումս Ռոբերտ Քոչարյանի խնամին է) տոգորվել ՀՅԴ ծրագրերով՝ հետեւեց պատասխան, թե նա Համահայկական աշխատավորական կուսակցության ղեկավարներից է: Շուրջ 30 դաշնակցականներ առաջադրվել են մեծամասնական ընտրակարգով: Ցուցակի թիվ 1-ը՝ Վահան Հովհաննիսյանը, Կենտրոնի 16 ընտրատարածքում պիտի մրցակցի Շավարշ Քոչարյանի եւ Արարատ Զուրաբյանի հետ, իսկ թիվ 2 Արմեն Ռուստամյանն առաջադրվել է Քանաքեռ-Զեյթունի թիվ 4 ընտրատարածքում: Վերջինիս խոսքերից դատելով՝ Դաշնակցությունը հույս ունի մեծամասնություն կազմել հաջորդ խորհրդարանում. «Ձգտելու ենք առավելագույն տեղերն ունենալ»: «Առավոտի» հարցին, թե արդյոք մեծամասնություն կազմելու պարագայում Արտաշես Թումանյա՞նն է գլխավորելու կառավարությունը, պատասխանեց պրն Թումանյանը՝ շեշտադրելով, թե անկուսակցականի կարգավիճակ եւ համոզմունքներ ունի. «Եթե ՀՅԴ-ն լուրջ դերակատարություն ունենա գործադիր իշխանության ձեւավորման մեջ, իհարկե, կանի նաեւ ֆունդամենտալ առաջարկություններ»: Նաեւ հավելեց, թե մտադրությունները քննարկման առարկա չեն. «Կոնկրետ ո՛վ, որտե՛ղ՝ կարող է բանակցությունների նյութ լինել: Որեւէ նախնական պայմանավորվածություն չի կարող լինել»: Սակայն Արմեն Ռուստամյանը նշեց, թե ՀՅԴ ցուցակը «ուղղակի մեր կադրային քաղաքականությունն է նաեւ արտացոլում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել