Լրահոս
Օրվա լրահոսը

«Թռչունիչը մտնելու է պառլամենտ»

Մարտ 16,2003 00:00

«Թռչունիչը մտնելու է պառլամենտ» «Չգիտեմ ինֆորմացիան որտեղից է, թե իմ հետեւից Սանատրուկ են գցում: Կոմկուսում այդպիսի մարդ չի ծնվել, որ եթե ես մի գործ անեմ, ու ինչ-որ մեկը փորձի այն ինձնից հետ վերցնել»,- հայտարարեց Խորեն Թռչունիչը՝ վստահեցնելով, որ ինքն իսկապես վերցրել է Վլադիմիր Դարբինյանի սեղանի վրայի ցուցակը, որպեսզի հետո կարողանա ապացուցել, թե ինչ է կատարվում Կոմկուսում: Խ. Թռչունիչի հավաստմամբ, նախագահական ընտրությունների ժամանակ Կոմկուսի վրա «ղարաբաղյան կլանը հարմար աշխատել է»: «ԼՂՀ ՀԿԿ քարտուղարը Վլադիմիր Դարբինյանին եկել համոզել է, որ իրենք պետք է գնան Սերժ Սարգսյանի մոտ: Գնում են, որտեղ Վ. Դարբինյանը համաձայնության է գալիս ու հայտարարում է, որ իրենք այդ ընտրություններին ոչ մեկին չեն պաշտպանում: Դրանից հետո նույն Սերժ Սարգսյանը կտրականապես դեմ է լինում, որ երեք ընդդիմադիր պատգամավորներս՝ ես, Ն. Պետրոսյանն ու Գագիկ Թադեւոսյանը, ԱԺ ընտրություններում ընդգրկվենք կուսակցության համամասնական ցուցակում, ու ինքն է կազմել ցուցակը, որտեղ մենք վերջին տեղերում ենք»,- ասաց Խ. Սարգսյանը: Ըստ նրա, ՀԿԿ բյուրոյի նիստում այդ որոշումը բացասաբար է ընդունվել, ու որոշում են կայացրել Խ. Սարգսյանին ցուցակի առաջին տեղում գրել, իսկ Վլադիմիր Դարբինյանին, ըստ պատգամավորի, չորրորդ, հինգերորդ տեղում, եւ անգամ համաձայնել են հանել ընդհանրապես ցուցակից: «Այդ ցուցակի պատճենը գտնվում է Սերժ Սարգսյանի մոտ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ՀԿԿ-ում այսօր քննարկվում է բյուրոյից Վ. Դարբինյանի հեռացման հարցը: Պատգամավորը նաեւ հայտարարեց, որ ինչպիսի միջոցներով էլ փորձեն Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը պայքարել իր դեմ, որ ինքը չընդգրկվի ԱԺ կազմում, միեւնույն է, «Թռչունիչը պառլամենտ գալիս է: Թռչունիչն իր թեկնածությունը դրել է իր ծննդավայրում, ու դուք միայն Թռչունիչի հետ չեք մտելու պայքարի մեջ, մտնում եք մարտունեցիների հետ»: Լ. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել