Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԵՐ ԿԱՆ

Մարտ 19,2003 00:00

ՀԱՐՑԵՐ ԿԱՆ Երբ մարտի 5-ի ընտրությունների օրը հայտարարվեց, որ բացահայտվել է Տիգրան Նաղդալյանի սպանությունը, հասարակության մեջ կասկած առաջացավ՝ ինչո՞ւ է դա արվում հենց այս պահին: Մանավանդ, որ դատախազությունը թաքուն էր պահում ձերբակալվածների անունները՝ նախաքննության գաղտնիքը վկայակոչելով: Ումի՞ց էր գաղտնիք՝ ձերբակալվածների շրջապատի՞ց /ինչը հնարավոր չէ/, թե՞ հասարակությունից /շատ հնարավոր է/: Այնուհետեւ՝ սպանության փաստով գործ հարուցվեց՝ մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն /ի՞նչ իմացան/ եւ անօրինական զենքի կրում /գուցե շատ էլ օրինական էր/: Հայտարարվեց նաեւ, որ Տիգրանը սպանվել է TT մակնիշի ատրճանակով՝ չնայած ատրճանակն այն պահին չէր հայտնաբերվել, իսկ TT-ի փամփուշտներով կարելի է կրակել այլ ատրճանակներից: Հիմա, երբ դատախազությունը բացահայտել է գործի մանրամասները, այդ հարցերին ավելանում են մի շարք այլ հարցեր. 1. Հնարավո՞ր է, որ քաղաքական սպանությունը պատվիրեն ոչ թե մեկ քիլլերի, այլ մի ամբողջ բանդայի: Գործի հրապարակված նյութերից ստացվում է, որ Արմեն Սարգսյանը քիչ էր մնում թերթում հայտարարություն տար՝ պահանջվում են քիլլերներ: 2. Հնարավո՞ր է, որ սպանությունից հետո մի քանի ամիս շարունակ քիլլերը զենքը պահի մոտը: 3. Հնարավո՞ր է, որ բանականությունը չկորցրած մարդը սպանությունը պատվիրի ոչ թե դրսի /ասենք, Ռուսաստանից/ մարդկանց, այլ իր բարեկամներին՝ թեկուզ եւ հեռավոր: 4. Ինչպե՞ս եղավ, որ նույն բանդան պատրաստվում էր սպանել նաեւ Սուրիկ Մելքոնյանին, որը նույնպես Սարգսյանների բարեկամն է: 5. Եթե նախաքննության գաղտնիք այլեւս չկա, ապա ինչո՞ւ ոչինչ չի ասվում հանցագործության շարժառիթների /մոտիվների/ մասին: 6. Ինչո՞ւ էր Լյովա Հարությունյանն իր հեռուստատեսային ցուցմունքները տալիս գլխարկով: Գլուխը ցավո՞ւմ էր: Չեմ ուզում խղճիս վրա մեղք վերցնել՝ գուցե քննչական խումբը շատ էլ բարեխիղճ էր աշխատել: Բայց մենք սովոր ենք, որ ոստիկանությունը, դատախազությունը եւ դատարանները զբաղվում են հիմնականում երեք գործով. ա/ գործ են սարքում, բ/ կալանավորներից խոշտանգման միջոցով ցուցմունքներ են կորզում, գ/ կաշառք են վերցնում: Չկա հասարակության վստահություն այդ մարմինների նկատմամբ: Այնպես որ, չեմ զարմանա, եթե 5 տարի հետո «Ապերը» եւ Սանահայրն իրենց մատուցած ծառայությունների դիմաց ժամկետից շուտ դուրս գան բանտից եւ սկսեն աշխատել իշխանության որեւէ թեկնածուի նախընտրական շտաբում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել