Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից չընտրեցին

Մարտ 19,2003 00:00

Նորից չընտրեցին Մինչ իշխանությունները ջանք չխնայեցին, որպեսզի ընտրություններում մեռած հոգիներն իրենց «վճռորոշ քվեն բաշխեն»՝ Խարբերդի ամառանոցային տնակներում բնակվող մոտ 3000 մարդ չի կարողացել իր քաղաքացիական պարտքը կատարել։ Կարծում ենք, այդ էլեկտորատը «պատահաբար» չի վրիպել իշխանությունների աչքից։ Չէ որ ցուցակներն այնքան «մանրակրկիտ» էին կազմվել, որ հանրապետությունից դուրս գտնվող մեր հայրենակիցները մասնակցության 100%-անոց արդյունք են ապահովել։ Պարզապես եթե մեռած հոգիների եւ բացակաների քվեարկության արդյունքները կանխատեսելի են, ապա այդ 3000 մարդկանց քվեարկության արդյունքները եւս կանխատեսելի կարող են լինել։ Մանավանդ, եթե հաշվի առնենք այն խայտառակ պայմանները, որում այդ մարդիկ բնակվում են։ Մենք արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու այն 6 հազար ընտանիքների ճակատագրին, որոնցից շատերի համար, բախտի քմահաճույքով, տարբեր տրամաչափի իշխանավորների թեթեւ ձեռքից ամառանոցային տնակները դարձել են մշտական բնակության վայր։ Տարիների համառության արդյունքում վերջերս հաջողվել է բնակավայր դարձած այդ տարածքում միայն բուժկետի հարցը լուծել։ Խմելու, ոռոգման ջրի, դպրոցի, մանկապարտեզի, հեռախոսակապի, տրանսպորտի, աղբահանության եւ մյուս բոլոր խնդիրները շարունակում են պահպանվել՝ իրենցից բխող բոլոր հետեւանքներով։ Չնայած բնակավայրի կարգավիճակի փոփոխության հարցով բնակիչներից կազմված նախաձեռնող խումբը բազմիցս է դիմել պատկան մարմիններին՝ քաղաքապետարան, կառավարություն, ԱԺ, նախագահի ապարատ, միայն քաղաքապետարանից են պատասխանի արժանացել։ Այն էլ խիստ «մխիթարական»՝ օգնել չենք կարող։ Դե ֆակտո փոփոխված կարգավիճակով այս բնակավայրի, այսպես կոչված, «տերուտնօրեն» նախկին այգեգործական կոոպերատիվների նախագահներն այլեւս անկարող են որեւէ հարց լուծել։ Նրանց եւ նախաձեռնող խմբի ջանքերի արդյունքում հաջողվել է ընդամենը Շենգավիթի թաղապետարանի ու անձնագրային եւ վիզաների վարչության կողմից թույլտվություն ստանալ, որպեսզի այգեգործական գրքույկ ունեցող ընտանիքների անդամները հաշվառվեն Շենգավիթ համայնքի անձնագրային բաժանմունքներում եւ անձնագիր ստանան։ Ի դեպ, հանուն արդարության արձանագրենք, որ հարցի այսօրինակ լուծումը հակաօրինական է։ Եվ, ի վերջո, ամեն ինչ հանգում է այս բնակավայրի կարգավիճակի հստակեցմանը։ Ընդ որում, արձանագրենք նաեւ, որ այս կերպ հաշվառված քաղաքացիներն անգամ չեն կարողացել կատարել իրենց ընտրությունն այն պարզ պատճառով, որ ընտրացուցակներում ընդգրկված չէին։ Իսկ դատարաններից՝ հերթերի պատճառով, որոշ մարդիկ ձեռնունայն են վերադարձել։ Մյուսներն էլ պարզապես՝ «տրանսպորտի փող չունեինք, որ մի հատ էլ դատարան գնայինք»։ Պատգամավորական ընտրությունների շեմին մարդիկ պահանջում են, որ «մի ընտրատեղամաս էլ էստեղ լինի՝ հանգիստ գնանք-ընտրենք»։ Այլապես սպառնում են «բոյկոտել ընտրությունները»։ Դրանով իսկ հույս փայփայելով, որ «գոնե հիմա մեզ կհիշեն»։ Ավելին՝ «մեր հարցերին լուծում կտան»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել