Լրահոս
Օրվա լրահոսը

Պատճառը գարունն է

Մարտ 21,2003 00:00

Պատճառը գարունն է Արդեն քանի օր է՝ մայրաքաղաքի որոշ դպրոցներում երեխաները ստիպված են դասերն անցկացնել վերարկուներով։ Կարելի է ասել, որ նախորդ տարիների համեմատ, այս տարի մայրաքաղաքի դպրոցներում ջեռուցման խնդիրն ավելի նպաստավոր է լուծվել։ ՀՀ նախագահական ընտրություններն այս տարի փրկեցին երեխաներին, քանի որ մինչ ընտրությունները, քարոզարշավի ընթացքում դպրոցներում քիչ թե շատ նորմալ ջերմաստիճան էր ապահովված։ Իսկ թե մյուս տարիներին էլ, երբ ընտրություններ չեն լինի առջեւում, երաշխիքներ կա՞ն, որ ջեռուցման խնդիր չի լինի հարցին քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Կուբանյանը մի առիթով պատասխանել էր, որ իրենք ապաքաղաքականացված աշխատողներ են, որ դպրոցներում էլ թույլ չեն տալիս նման գործունեությամբ զբաղվել։ Իսկ առաջիկա ընտրություններն էլ այս տարվա ջեռուցման հետ որեւէ կապ չունեն։ ՀՀ նախագահական ընտրությունները կայացան, այն էլ՝ երկու փուլով։ Եվ եթե տեսականորեն դպրոցների տնօրենները ապաքաղաքականացված էին, ապա գործնականում տեսանք հակառակը։ Այդ են վկայում մամուլի էջերում հայտնված տարբեր դպրոցների տնօրենների անուն-ազգանունները, որոնք եւս անմասն չէին մնացել ընտրակեղծիքներ անելուց։ Օրերս եղանք մայրաքաղաքի մի քանի դպրոցներում։ Հատկապես հյուսիսային շրջաններում գտնվող դպրոցների ստվերոտ դասարաններում ջերմաստիճանը նախատեսված 18 աստիճանից շատ ավելի ցածր էր։ Ե՛վ աշակերտները, ե՛ւ ուսուցիչները դասերը պարապում էին վերարկուներով ու գլխարկներով։ Ուսուցիչները պատմեցին, որ ցրտից ավելացել է նաեւ բացակաների թիվը։ Եղել են դասարաններ, որոնք փախել են՝ պատճառաբանելով ցուրտը։ Ա. Կուբանյանից տեղեկացանք, որ դպրոցներում ջեռուցման սեզոնը պետք է ավարտվեր դեռեւս մարտի մեկին։ Իսկ ջերմամատակարարումը մի քանի օր երկարաձգելը պարոն Կուբանյանը բացատրեց այսպես. «Քանի որ մի շարք դպրոցներ ջեռուցվել են կենտրոնացված համակարգով, իսկ ազգաբնակչության ջեռուցումը պետք է դադարեցվեր մարտի տասին, ուստի բոլոր դպրոցներում էլ սեզոնն ավարտեցինք մարտի 10-ին։ Երեխաները դեռ մի քանի օր շահեցին»։ Եթե խոսելու լինենք շահած օրերի մասին, ապա նշենք, որ մարտի 6-ից հետո աշակերտների «լոտոն» էլ չի շահել։ Այդ օրերին երեխաների շրջանում խոսակցություններ էին պտտվում, որ դպրոցները քաղաքապետարանից հրահանգ են ստացել ջեռուցումը դադարեցնել։ Կենտրոնացված համակարգով ջեռուցվող տարբեր շենքերի բնակիչներից ճշտեցինք, որ բնակարանների ջեռուցումը նույնպես ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ։ Ա. Կուբանյանը նաեւ խոստովանեց, որ թեեւ մարտի 10-ից ջեռուցման սեզոնն ավարտվել է, այնուամենայնիվ խորհրդակցության ժամանակ տնօրեններին հրահանգ են տվել հյուսիսային հատվածներում գտնվող դասարանները ջեռուցել՝ հաշվի առնելով նաեւ ֆինանսական վիճակը։ «Այս ձմռանը մեր լիմիտները չենք գերազանցել եւ դպրոցներն իրենց տնտեսած գումարների հաշվին ցուրտ եղանակին կարող են ջեռուցվել»։ Իսկ բացակայությունները կամ դասարանով փախուստները պարոն Կուբանյանը կապեց ոչ թե ցուրտ դասասենյակների, այլ գարնանը դրսում գտնվելու ցանկության հետ։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել