Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բաժանում չկա, կա մրցակցություն

Մարտ 22,2003 00:00

Բաժանում չկա, կա մրցակցություն ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը երեկ Մամուլի ազգային ակումբում անդրադարձավ ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտնվելուն: Այդ փաստը հատկապես հետաքրքիր է, եթե նկատի ունենանք, որ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն ու աշխատակազմին հարող այլ պաշտոնյաներ այսօր հայտնվել են ՀՅԴ-ի, իսկ Ս.Սարգսյանը, նաեւ մի շարք այլ նախարարներ՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակներում: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ իշխանական թեւերի միջեւ մրցակցություն կա: ՀՀԿ փոխնախագահի ասելով, հանրապետականների ցուցակում Սերժ Սարգսյանի հայտնվելը պայմանավորված է մի քանի գործոնով. ա/ նախ, ինչպես Վազգեն Սարգսյանն 98-ին եւ 99-ին, այնպես էլ Ս.Սարգսյանն ուզում է հրապարակային քաղաքական գործունեությամբ զբաղվել, դառնալ հրապարակային գործիչ, եւ նրա հայտնվելն ԱԺ կուսակցական ցուցակում այդպիսի սկզբունքային մոտեցման հաստատումն է, բ/ նա սկզբունքների ընդհանրություն ունի ՀՀԿ-ի հետ, նաեւ ՀՀԿ-ն առանձնահատուկ վերաբերմունք ունի բանակի նկատմամբ: «Ս.Սարգսյանի՝ ՀՀԿ համամասնական ցուցակում լինելը նրան թույլ կտա հստակ արտահայտել իր տեղն ու վերաբերմունքը Հայաստանի քաղաքական ուժերի եւ կյանքի նկատմամբ»,- նշեց պրն Թորոսյանը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, թե «ՀՀԿ ցուցակում հայտնված ինչպես Ս.Սարգսյանը, այնպես էլ մյուս պաշտոնյաները պատգամավոր դառնալու ցանկություն չունեն: Այստեղ հստակ դիրքորոշումներ հայտնելու խնդիր կա»: Ինչ վերաբերում է իշխանական ուժերի միջեւ հակասությանը կամ մրցակցությանը, ապա Տ.Թորոսյանի կարծիքով՝ «իշխանության թեւերի միջեւ բաժանում չկա, բայց մրցակցություն, բնականաբար, կա»՝ ճիշտ այնպես, ինչպես կա մրցակցություն ՀՀԿ-ի ու «Ազգային միաբանության» միջեւ: Տ.Թորոսյանը նաեւ խոստովանեց, թե ՀՀԿ-ն ակնկալում է ԱԺ ընտրությունների արդյունքում ոչ միայն պահպանել այն, ինչ այսօր ունի, այլեւ՝ ավելացնել եղածը: «Կարծում եմ, դա շատ բան է ասում»,- եզրակացրեց Տ.Թորոսյանը՝ այդպես էլ չհստակեցնելով՝ ԱԺ-ում մեծամասնություն ունենալու դեպքում ո՞վ է լինելու ՀՀԿ-ի վարչապետը, արդյո՞ք Ս.Սարգսյանը: Պրն Թորոսյանը պատասխանեց նաեւ այն հարցադրմանը, թե ՀՀԿ-ն՝ որպես իշխանական ուժ, պատասխանատվություն կրո՞ւմ է արդյոք նախագահի ընտրությունների երկու փուլերում տեղի ունեցած ընտրակեղծիքների համար: Ըստ նրա, ՀՀԿ-ի պատասխանատվություն կրելու իմաստով՝ ամեն ինչ «պարզ է», թեեւ դատելով Տ.Թորոսյանի խուճուճ-մուճուճ ձեւակերպումներից՝ պարզվեց, որ խնդիրն, այնուամենայնիվ, այնքան էլ պարզ չէ: Նա մեկ ասաց, թե «ընտրությունների համար պատասխանատու են ընդհանրապես ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը» հետո՝ «բնականաբար, նաեւ իշխանությունը», իսկ «ՀՀԿ-ի պատասխանատվությունը մյուս կուսակցությունների համեմատ մի փոքր ավելի է, բայց ամբողջ պատասխանատվությունը, կներեք, ՀՀԿ-ն չի կարող կրել, որովհետեւ ընտրական հանձնաժողովներում կոնկրետ ՀՀԿ ներկայացուցիչներին՝ որպես կեղծարարների, որեւէ մեկը չի մեղադրել»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել