Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ «27»-Ի ՀԱՄԱՐ»

Մարտ 22,2003 00:00

«ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ «27»-Ի ՀԱՄԱՐ» Հերթական անեկդոտը արեւմտյան եւ ասիական մենթալիտետների տարբերության մասին: Բուշն ու Քոչարյանը կանգնում են անդունդի եզրին եւ գրազ են գալիս, թե ում թիկնապահն է ավելի հավատարիմ: Բուշը կանչում է իր թիկնապահին եւ հրամայում է ցած թռնել: Թիկնապահը սկսում է աղաչել. «Թույլ տվեք՝ չթռնել: Ընտանիք ունեմ, երեխաներ, եղբայրներ»: Եվ չի թռնում: Քոչարյանը կանչում է իր թիկնապահին, նույն հրամանն է տալիս, եւ թիկնապահն իսկույն թռնում է: Անդունդի հատակին մահամերձ թիկնապահին մոտենում են ընկերները եւ հարցնում՝ ինչո՞ւ արեցիր: Թիկնապահը պատասխանում է. «Ինչպե՞ս չթռնեի: Ընտանիք ունեմ, երեխաներ, եղբայրներ»: Մեր ասիական տարածաշրջանում, եթե թագավորը որոշում է մեկից վրեժ լուծել, ապա դա անում է հետեւողականորեն, մինչեւ վերջ, ընտանիքը քոքահան անելով: Անձամբ ես չէի կասկածում, որ վերջիվերջո ձերբակալվելու է նաեւ Արամ Զավենի Սարգսյանը՝ ասենք, հանրահավաք կազմակերպելու կամ գործարանում ցեմենտ գողանալու համար: Բայց նման մեղադրանքը կլիներ չափից դուրս պարզունակ լուծում: Ավելի հետաքրքիր վարկած ինձ երեկ հուշեց դատախազությունը, որը հայտարարեց, թե Արմեն Զավենի Սարգսյանը պատվիրեց Տիգրան Նաղդալյանի սպանությունը՝ որպես վրեժխնդրություն «Հոկտեմբերի 27»-ի համար: Այսինքն՝ այդ մարդն այնքան էր խելքը կորցրել, որ եկել իր այն համոզման, թե «Հոկտեմբերի 27»-ի գլխավոր կազմակերպիչը հենց Տիգրան Նաղդալյանն է, ուստիեւ հավաքել էր քիլլերներից բաղկացած մի ամբողջ ավազակախումբ, որում ներգրավված էին նաեւ իր բարեկամները, եւ իրականացրել էր այդ հանցագործությունը: Ինչ խոսք, շատ համոզիչ վարկած է, եւ մեր անկախ դատարանն այն անպայման «կդակի»: Կան ճանապարհներ սույն իրավաբանական գյուտը խորացնելու համար. ոչնչացնել «Հոկտեմբերի 27»-ի գործով անցնող եւս մի քանի վկայի եւ հետո հայտարարել, որ սա էլ Արամ Զավենի Սարգսյանի վրեժն էր «Հոկտեմբերի 27»-ի համար: Շատ հարմար է. համ վկաներն են վերացվում, համ էլ անցանկալի ընտանիքն է մեկուսացվում: Մի փոքրիկ թերություն կա «27-ի վրեժխնդրությունը» որպես շարժառիթ ներկայացնելու մեջ: Թեթեւակիորեն ինքնախոստովանության հոտ է գալիս: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել