Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենամռայլ կանխատեսումից էլ մռայլ

Մարտ 22,2003 00:00

Ամենամռայլ կանխատեսումից էլ մռայլ «ԱՊՀ տարածաշրջանի քաղաքական առաջնորդների համար ՁԻԱՀ-ն առաջնային խնդիր պետք է լինի»,- սա ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի իրականացման խորհրդատու Արկադիուշ Մայիշեկի կարծիքն է, որից հաստատ անտեղյակ են կամ անտարբեր՝ մեր երկրի քաղաքական առաջնորդները։ Այս օրերին, երբ նրանք անձնական հարցեր լուծելով են զբաղված, Երեւանում սկսվեց եւ ավարտվեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ԱՊՀ անդամ-պետությունների հավաքական նիստը։ Հետեւելով նույն Արկադիուշ Մայիշեկի այն խորհուրդ-առաջարկին, որ «ծրագրեր կազմելու ժամանակն ավարտված է, այժմ արդեն հարկավոր է գործել մինչեւ այսօր հանձն առնված պարտավորությունների համաձայն», նիստի մասնակիցները ներկայացրին իրենց արած-չարածն ու անելիքները։ Վիճակագրական տվյալներն ասում են, որ մեր տարածաշրջանում հիվանդությունը տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով այն դեպքում, երբ վերջին տարիներին ՁԻԱՀ-ի զարգացման տեմպերը նկատելի թուլացել են Արեւմտյան Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում։ Այսօրվա դրությամբ մեր տարածաշրջանում ՁԻԱՀ-ի համաճարակի զարգացման տեմպերն աշխարհում ամենաբարձրն են։ Խոսելով կանխարգելման խնդիրներից, երեկվա ամփոփիչ նիստում ներկայացվեցին նաեւ բանակում կատարված աշխատանքները։ Վերջին 2-3 տարիներին վերաորակավորվել են բժիշկներ, որոնք ընդգրկվել են զորակոչային բուժհանձնաժողովում։ Ուսուցողական-ճանաչողական սեմինարներ են անցկացվել զինակոչիկների ու նրանց ծնողների շրջանում։ Հիվանդության տարածման ամենալայն ճանապարհը թմրանյութերի ներարկումն է։ Տոկոսային ամենաբարձր համեմատական ցուցանիշն այս առումով բաժին է ընկնում Միջին Ասիայի երկրներին։ Վերջին 10 տարիներին 4 անգամ ավելացել է «հերոին» թմրանյութի արտադրությունը ողջ աշխարհում, իսկ միջինասիական երկրներով նոր ճանապարհ է բացվել դեպի հյուսիս դրա տեղափոխման համար։ Մասնակիցները տարածաշրջանում թմրանյութերի օգտագործման աճը վերագրեցին սոցիալ-տնտեսական ցնցումներին ու աղքատության բարձր ցուցանիշներին։ 2002 թվականին ՁԻԱՀ-ով վարակվելու 981 նոր դեպք է արձանագրվել Ուզբեկստանում, Հայաստանում այդ թիվը կազմել է 41։ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի մեջ այս անգամ որոշվեց ընդգրկել նաեւ եկեղեցականներին։ Նրանք հոգեւոր դաստիարակչական աշխատանքի հետ միասին այսուհետ պետք է քարոզեն մարմնական դաստիարակությունը՝ ՍՊԻԴ-ից «ձեռնպահ» մնալու ուղիները ցույց տալով։ Ձեռնպահ մնալու լավագույն ազդեցիկ միջոցներից է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրության արդյունքը՝ ներկայումս մոլորակի բնակչության 10%-ը կամ 60 մլն մարդ վարակված է ՁԻԱՀ-ով։ Մինչ այժմ հիվանդությունից մահացել է 20 մլն մարդ։ Մասնագետների կարծիքով, այս թվերը գերազանցում են տարիներ առաջ արված ամենամռայլ կանխատեսումները։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել