Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԴՐԱԾՈ ՉԵՆՔ»

Մարտ 25,2003 00:00

«ՄԵՆՔ ԴՐԱԾՈ ՉԵՆՔ» ԱԺ ընտրությունների նախաշեմին ի հայտ եկած «Արդարություն» կուսակցության վերաբերյալ ընդդիմության առաջին վարկածն այն էր, թե այդ կուսակցությունը ստեղծվել է իշխանությունների կողմից, որպեսզի շփոթմունք առաջացնի միացյալ ընդդիմության «Արդարություն» դաշինքի միջեւ: Կուսակցության համամասնական ցուցակի 1-ին հորիզոնականը զբաղեցնող անկուսակցական, հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանի հավաստմամբ, իրենք որոշել են ընտրություններին մասնակցել ԿԸՀ սահմանած վերջնաժամկետից մի քանի օր առաջ, եւ համարում են, որ դա եղել է զուտ «Ճակատագրի բերումով»: Սակայն նկատենք, որ նրանց որոշումն ավելի շատ ճակատագրական կարող է լինել ընդդիմության համար: «Երբ հայտնի դարձավ, որ ընդդիմության դաշինքի անունն էլ է «Արդարություն», շատ վատ զգացինք, եւ այցելեցինք ՀԺԿ գրասենյակ ու կարճ քննարկեցինք այս հարցը: Սա զուտ համընկնում է, եւ մենք էլ շատ վատ վիճակի մեջ ենք հայտնվում,- ասաց Հակոբ Աբրահամյանը՝ ավելացնելով, թե իրենց ցուցակում ընդգրկված անձինք քաղաքական տարբեր մոտեցումներ ունեն:- Մեր ցուցակում կան մարդիկ, ովքեր նախագահական ընտրություններում տարբեր թեկնածուների են պաշտպանել՝ Գեղամյան, Քոչարյան, Դեմիրճյան… Մենք իսկապես ցավում ենք, որ նման համընկնում եղավ, երբ նորմալ մարդը նայում է, առաջին ռեակցիան այն է, որ մենք իշխանությունների դրածո ենք ու ինչ-որ բան անելու ենք: Քաղաքական տարբեր համակրանք ունեցող մարդիկ ենք եւ եթե ցուցակը նայում ենք, գերակշռողը Դեմիրճյանին սատարողներ են ընդգրկված, բայց մենք չեզոք ենք՝ հազար ձեւով կարող են ստուգել»,- ասաց նա: «Արդարության» ցուցակի 3-րդ տեղում գտնվող պետհամալսարանի շրջանավարտ Արսեն Քարամյանի կարծիքով, իրենք այդ զուգադիպությունից կարող են միայն տուժել, եւ դա իրենց էլ բոլորովին ձեռնտու չէր. «Մի պահ պատկերացնենք, թե մենք կհաղթահարենք 5 տոկոսը, ինչպիսի պիտակավորում է գնալու. կգրեն՝ կեղտոտ տեխնոլոգիաների արդյունքում մտան, եւ այլն»: Նշենք, որ կուսակցության ցուցակը բաղկացած է 10 անձից, որոնք բոլորն էլ երիտասարդներ են: Ըստ Քարամյանի, 1996-ից Հայաստանում բնականոն ընտրություններ տեղի չեն ունեցել, ինչը խոչընդոտել է սերնդափոխության սկզբունքին. «Այն, ինչ կատարվում է մեր քաղաքականության մեջ, բարոյականության խնդիր է: Կադրային դաշտում փակ շղթա է ստեղծվել. անընդհատ նույն մարդիկ են. անկախ այն բանից՝ փոխվե՞լ է քաղաքական ռեժիմը, թե՞ ոչ: Մենք մարդիկ ենք, ովքեր թարմություն պետք է բերեն: Մենք մեր ինտելեկտով ոչ մեկից պակաս չենք: Համենայնդեպս՝ այսօրվա խորհրդարանի ու կառավարության ներկայացուցիչներից: Նոր մարդիկ պետք է գան, նոր ուժեր, որոնք դեռեւս բարոյական հետագիծ պետք է ունենան: Սա նախադեպ է, որ այդ սերունդն արթնանա ու տեր կանգնի այս երկրին»,- ասաց Ա. Քարամյանը՝ վստահեցնելով, որ իր սկզունքայնության մասին կարող է հավաստել իր համալսարանական շրջապատը: «Ես երբեք ոչ մեկի դուդուկի տակ պարողը չեմ, ով ուզում է լինի, ես մարդ եմ, որն ունի սկզբունքներ»: Ըստ «Արդարության» երիտասարդների, իրենք լինելու են այլընտրանք թե՛8217 իշխանությանը, թե՛8217 ընդդիմությանը, որովհետեւ, ինչպես նշեց Ա. Քարամյանը՝ «բարոյական նկարագրի առումով ոչ այս է մի բան, ոչ այն»: Հ. Աբրահամյանի կարծիքով, հասարակության մեջ այնպիսի կարծիք է ձեւավորվել, թե պատգամավորները ծնվում են մանդատով, եւ եթե ընտրվում ու ինչ-որ հանգամանքների բերումով դառնում են պատգամավոր, ապա պիտի ամբողջ կյանքում պատգամավոր լինեն. «Բայց նրանց 90 տոկոսը լճացել է, սկզբունքներ չունեն ու կախված իրավիճակից՝ պարում են այս կամ այն քաղաքական քամու թեւի տակ»: Հ. Աբրահամյանի համոզմամբ, իրենք մեծ լումա ունեն այս երկրում ներդրած, եւ համարում են, որ իրենք պետք է նաեւ իրենց մասնակցությունն ունենան երկրի օրենսդիր մարմնում: «Մարդիկ են հայտնվում, որոնք իսկապես երեկ են եկել Հայաստան, մինչեւ հիմա ոչ մի բան չեն արել այս երկրի համար: Իսկ ես 14 տարի է, աշխատում եմ այս երկրի համար եւ համարում եմ, որ այս երկրի համար շատ մեծ բան եմ արել՝ կապված հաշմանդամների ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական ռեաբիլիտացիաների հետ: Հազարավոր հաշմանդամների ենք օգնել, որ այս երկրում գտնեն իրենց տեղը: Բավական մեծ մասսա կա, որ ինձ սիրում, հարգում է՝ որպես կազմակերպության հիմնադիր եւ ղեկավար»,- ասաց Հ. Աբրահամյանը՝ ավելացնելով, թե սոցիալական խնդիրներ կան, եւ իշխանամետ ու ընդդիմադիր ուժերը «ճիշտ քաղաքականություն չեն տանում»: «Տեսնելով, թե ինչ է կատարվում, ովքեր են մտել այդ բանի մեջ, ովքեր չեղած տեղից իրենցից ինչ են ներկայացնում, մենք գտանք, որ ինչու չփորձենք նաեւ այդ ասպարեզում»,- հայտարարեց Աբրահամյանը: «Արդարության» կարգախոսը, ըստ նրանց, նախնական պայմանավորվածության համաձայն՝ կլինի «Ճանապարհ երիտասարդությանը»: «Պարոն Քոչարյանին եւ պարոն Դեմիրճյանին հարց ենք տալու՝ Ճանապարհ տալո՞ւ եք երիտասարդությանը»: Իսկ թե ինչու են որոշել այդ հարցն ուղղել նաեւ ընդդիմության ներկայացուցչին, ապա Քարամյանը նկատեց. «Եթե ինքը քաղաքական կյանքի կոմպոնենտ է, բնականաբար: Դուք մի կարծեք, թե նա իշխանական լծակներ չունենալով՝ ազդեցություններ չունի: Ինքս գիտեմ շատ բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր Ս. Դեմիրճյանի ջատագովներն են՝ թե՛ անթաքույց, թե՛ գաղտնի»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել