Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՅՐԵՆՈՒԹՅԱՆ «ՇՔԱՀԱՆԴԵՍ»

Մարտ 25,2003 00:00

ՎԱՅՐԵՆՈՒԹՅԱՆ «ՇՔԱՀԱՆԴԵՍ» Մարտի 21-ի հանրահավաքից հետո, որում որեւէ տհաճ միջադեպ չէր արձանագրվել, ձերբակալվել են 70-80 հոգի: Ընդ որում՝ ոստիկաններն արդեն սկսել են բռնություններ գործել ձերբակալվածների նկատմամբ: Վերջին օրերին ձերբակալվածներին առնչվող պատմությունները լսելիս՝ ինձ ամեն անգամ թվում էր, թե այսպես կոչված իրավապահներն ավելի նողկալի արարք չէին կարող թույլ տալ, եւ ամեն հաջորդ օր նրանք ապացուցում էին, թե կարո՛ղ են: Նրանք նախ 3 անչափահաս երեխաների մորը՝ Նունե Բաբաջանյանին տարան Արաբկիրի ոստիկանություն՝ սպառնալով, թե պահելու են այնքան, մինչեւ չներկայանա նրա մայրը՝ նստացույցի մասնակից Ջուլիետա Սերգոյանը, հաջորդ օրը Շենգավիթի ոստիկանները մեկ այլ մասնակցի՝ Մարգարիտ Բաղդասարյանին համոզել էին չմասնակցել նստացույցին՝ անվանարկելով Հայաստանի ազգային հերոսի մորը, մյուս օրն էլ ձերբակալել էին նստացույցի մեկ այլ մասնակցի՝ Ռիտա Եգանյանին՝ իր 5 տարեկան երեխայի հետ եւ հետո 500 դրամ տուգանելով՝ ազատ արձակել: Անմարդկայնության եւ կամայականությունների այս «շքահանդեսը» շարունակվում է եւ էլի կանայք էլ են դառնում բռնությունների թիրախ: Նման մի դեպքի մասին պատմեց «Արդարություն» դաշինքի անդամ Դուստրիկ Մխիթարյանը. «Ալիտա Սարդարյանը եւ նրա ուղեկիցն Աբովյանից եկել էին մարտի 21-ի հանրահավաքին մասնակցելու, հետո մտել խանութ, որ ուտելիք գնեն, եւ երթից հետ էին մնացել: Խանութից անմիջապես դուրս գալիս երկուսին էլ բռնությամբ նստեցրել էին «Նիվա» մակնիշի մի մեքենա ու տարել Արաբկիրի ՆԳ բաժին: Այնտեղ նրանց տեղեկացրել են, թե երթին մասնակցելու համար են բերման ենթարկվել: Այս մարդիկ հակաճառել են, թե իրենք երթին չեն էլ մասնակցել: Վեճի ընթացքում Արաբկիրի ՆԳ բաժնի աշխատակիցը Ալիտա Սարդարյանի գլխին է խփել «Ջերմուկով» լի պլաստիկե մեծ շշով եւ ասել, թե այլեւս չմասնակցեն հանրահավաքներին: Նաեւ վիրավորել է կնոջը՝ ամենավերջին հայհոյանքները տեղացել ու ծաղրուծանակի ենթարկել: Այդ օրը նրանց պահել են ոստիկանությունում, հաջորդ օրը նոր տարել են Կենտրոնի դատարան, որտեղ Ալիտա Սարդարյանին ասել են, թե տուգանված է, իսկ ուղեկցին մի քանի օրով կալանել են: Ալիտա Սարդարյանը եկավ ՀԺԿ գրասենյակ ու բացատրագիր գրեց այդ ամենի մասին: Մենք պատրաստվում ենք դիմել դատախազությանը, որ գործ հարուցվի այս փաստի առնչությամբ»: ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը պատմեց եւս մի արտառոց դեպքի մասին. «Մարտի 24-ին ՀԺԿ գրասենյակ էր եկել Նորքի զանգվածի բնակիչ, 62 տարեկան, թոշակառու Սուրեն Սարգսյանը, որը երկու անգամ կաթված է տարել ու վատառողջ է: Նրան ձերբակալել էին մարտի 18-ի առավոտյան ժամը 8-ին եւ անգամ թույլ չէին տվել, որ մարդը հագնվի եւ առանց կոշիկների, ոտաբոբիկ էին տարել քաղմաս: Արգելել էին զանգահարել տնեցիներին, որ գոնե կոշիկ բերեն ու ամբողջ մի օր պահել են ոստիկանությունում: Դատարան են տարել միայն հաջորդ օրը՝ առավոտյան: Ի դեպ, այդ ընթացքում նրան ստիպել են, որ գրի, թե խուլիգանություն է կատարել, հայհոյել հարեւաններին, այսինքն՝ փորձել են խուսափել հանրահավաքի եւ երթին մասնակցության մասին հիշատակումից, սակայն նա հրաժարվել է նման ցուցմունք տալ: Սուրեն Սարգսյանն ասաց, որ ոստիկանության պետի տեղակալը բռունցքով խփել է իր գլխին: Դեպքի մասին իմացել ենք հիմա, երբ մարդը կրել է դատարանի սահմանած 3 օրվա կալանքը: Եվ որեւէ մեկը չի իմացել, թե որտեղ է նա գտնվում, որ կարողանան ցույց տալ իրավական օգնություն»: Այս օրերին անգամ կես ժամով հայտնվելով ՀԺԿ գրասենյակում՝ կլսես այնպիսի պատմություններ, որոնցից արյունը կարող է սառչել երակներումդ: Ասենք երեկ երեկոյան շուրջ կես ժամի չափ բարձրաձայն ողբում էր էջմիածինցի Արթուր Մարտիրոսյանի մայրը, որի որդու կալանքի ժամկետը լրացել էր, բայց նրան ազատ չէին արձակել: Այնպես որ՝ այս գրասենյակում գտնվողներին դժվար է զարմացնել: Սակայն 62-ամյա Սուրեն Սարգսյանի պատմածից արտասվել էին անգամ 1996-ին իրագործված բռնությունները տեսած կանայք: Եվ գուցե այս ամենը փոքր-ինչ չափազանցություն թվար, եթե երեկ ինքս չհանդիպեի 15-օրյա վարչական կալանքի արժանացած Ամուր Պետրոսյանի կնոջը՝ Նաիրա Նիկողոսյանին: Նա պատմեց. «Շահումյանի շրջանի ոստիկանները ամուսնուս ձերբակալեցին մարտի 22-ին, առավոտյան ժամը 7-ին: Երեքով մտան տուն ու միանգամից կանգնեցին ամուսնուս անկողնու կողքին, թե՝ հագնվի՛ր: Ասացի՝ ինչո՞ւ եք տանում, պատասխանեցին, թե ոչինչ չկա, մի անհանգստացիր, կտուգանենք ու կգա տուն: Խնդրում էի, թե վիճակս շատ վատ է՝ երեխա ենք կորցրել, դրանից հետո նյարդերս են շատ վատ, երիկամների լուրջ խնդիր ունեմ, ինքն էլ ստամոքսի խոց, ահավոր ցավեր ունի, 3 տարի է՝ մեջքին շալ է կապած՝ չլսեցին ո՛չ ինձ, ո՛չ ամուսնուս: Տարան, ու ոչ մի տեղեկություն չունեի իրենից: Փորձեցի այսօր իր շալը փոխանցել մեկուսարան եւ 2 հատ «Ջերմուկ»՝ չհամաձայնեցին, անգամ չեն էլ լսում»: Ռուզան Խաչատրյանը հայտնեց, որ մարտի 21-ի հանրահավաքին մասնակցելու համար ձերբակալվածների դատավարությունները շարունակվում են ընթանալ փակ, չնայած հակառակի մասին ԱԺ ամբիոնից արդարադատության նախարարի հավաստիացումներին: Ձերբակալվածները նաեւ չեն օգտվել փաստաբանների ծառայություններից: «Կարելի է ենթադրել, թե բոլոր այդ ձերբակալվածներն այնպիսի՜ իրավական գիտելիքներ ունեն, որ կարող են իրենց իրավունքները պաշտպանել առանց դատապաշտպանի,- ասաց Ռուզան Խաչատրյանը եւ պարզաբանեց, թե իրականում ինչ է կատարվում:- Մարդիկ անգամ չգիտեն, թե ինչպես պետք է դիմեն իրավաբանի օգնությանը եւ տեղյակ չեն, որ «Արդարություն» դաշինքն ունի անվճար օգնություն մատուցող իրավաբանական ծառայություն: Մինչեւ դատարան հասցնելը՝ ոստիկաններն աշխատում են համոզել մարդկանց, թե ի՜նչ գործ ունեք, ավելի վատ կլինի վիճակը, եթե փաստաբանի դիմեք, փող պիտի տաք նրան եւ այլն»: Դուստրիկ Մխիթարյանը պատմեց՝ մի քանիսին նույն կերպ խաբել են, թե փաստաբան պետք չի՝ կտուգանեն, կգնաք, նրանք էլ հրաժարվել են ու… արժանացել մի քանի օրվա կալանքի: Իսկ թե ինչ «հիմնավորված» որոշումներ են կայացնում դատավորները՝ վկայում են թեկուզ այս 2 օրինակները: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի մի դատավոր՝ Հ. Հովհաննիսյանը, մարտի 21-ին որոշել է Շուշաննա Առաքելյանին ենթարկել վարչական տուգանքի՝ ժամը 16-18-ի սահմաններում չարտոնված երթի մասնակցելու համար, թեեւ այդ ժամին հանրահավաք է եղել՝ ոչ երթ: Իսկ մեկ այլ դատավոր՝ Պարգեւ Օհանյանը, թերեւս թղթի կամ ժամանակի խնայողության նկատառումով մարտի 20-ին «չարտոնված միտինգի եւ երթի ժամանակ հասարակական կարգը խախտելու» համար մի վճռով որոշել է տուգանել է միանգամից 2 հոգու: Ո՞ւր մնացին մեղքի անհատականացման կամ գործի անհատական քննության մասին օրենքի պահանջները: Թեեւ ինչի մասին ենք խոսում, երբ այս ամենի ընթացքում խախտվում են նաեւ Եվրախորհրդին Հայաստանի պարտավորությունները եւ միջազգային կոնվենցիաների որոշ դրույթներ, որոնց միացել է մեր երկիրը: Այս մասին՝ վաղվա համարում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել