Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատյան սինդրոմ

Մարտ 25,2003 00:00

Արարատյան սինդրոմ ԸԸՀ-ն գերազանցում է իր լիազորությունները Ընդդիմադիր քաղաքական դաշտում գործող ՀՀ երեք քաղաքացիներ՝ Արամայիս Բարսեղյանը (ՀԺԿ անդամ, պատգամավոր), Վիկտոր Իսրայելյանը (ՀԺԿ անդամ) եւ Ստեփան Ստեփանյանը (ԱԺԴ անդամ), ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների՝ Արտաշատի եւ Մասիսի, թեթեւ ձեռքով այս օրերին ստիպված են դատական կարգով վերահաստատել իրենց ընտրվելու իրավունքը։ Այսօր Արտաշատի եւ Մասիսի առաջին ատյանի դատարաններում երկու հայց կլսվի՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների լիազորությունների ինքնագերազանցման մասին։ Արամայիս Բարսեղյանի եւ Վիկտոր Իսրայելյանի իրավունքները դատարանում կպաշտպանի փաստաբան Վարդան Զուռնաչյանը, որը մեզ հայտնեց հետեւյալը. «Հանձնաժողովը բացահայտ անօրինական որոշում է կայացրել, որովհետեւ հանձնաժողովի որոշումն ընթերցելիս պարզվում է, որ նա մերժում է անձի՝ որպես պատգամավորության թեկնածու առաջադրումը։ Կուսակցությունը առաջադրել է անձին որպես թեկնածու, հանձնաժողովը որոշել է, որ մերժում է անձի առաջադրումը։ Ընտրական օրենսգիրքը նման իրավունք չի տալիս հանձնաժողովին, հանձնաժողովը փաստորեն գերազանցել է իր լիազորությունները։ ԸԸՀ-ն պարտավոր է ղեկավարվել ԸՕ-ի 107 հոդվածով եւ ընդամենը պաշտոնաթերթիկ տալ թեկնածուին՝ ստորագրահավաքը կազմակերպելու համար։ Այս փուլում դեռեւս չկա գրանցման խնդիր, որ հանձնաժողովը իրավունք ունենա մերժել գրանցման հարցը։ Դեռեւս փաստաթղթերը հանձնաժողովին ներկայացնելու փուլն է։ Եվ այս իմաստով պաշտոնաթերթիկներ չտրամադրելը լրիվ ապօրինի է։ Փաստորեն, պրն Արամայիս Բարսեղյանին զրկել են ստորագրահավաք կազմակերպելու հնարավորությունից»։ Վարդեն Զուռնաչյանը գտնում է, որ «հանձնաժողովը ցուցաբերել է ակնհայտ կողմնակալ վերաբերմունք, ակնհայտորեն ցանկացել են, չգիտեմ ում պատվերով, դուրս մղել պրն Բարսեղյանին մրցապայքարից»։ Եթե կատարվածը քաղաքական որոշում է, ուրեմն դատարանի վճիռը եւս ենթադրելի է, ի՞նչ ակնկալիք ունի փաստաբանը դատարանից։ Պրն Զուռնաչյանը լավատես է եւ կարծում է, որ «այդ քաղաքական որոշումները հաճախ մինչեւ վերջ չեն կատարվում, հաճախ լինում են դեպքեր, երբ արթնանում է որեւէ դատավորի խիղճը, կամ՝ այդ քաղաքական որոշումը այնքան էլ պինդ չի եղել, կամ՝ ներկայացվում է քաղաքական, բայց իրականում քաղաքական չի եղել, տեղում ինչ-որ մեկի նախաձեռնությունն է, որեւէ թեկնածուի նախաձեռնությունն է ուժեղ մրցակցին դուրս թողնելու նպատակով։ Այսօր դատարանի միջոցով հնարավոր կլինի պարզել, թե ի վերջո ի՞նչ շահագրգռություն է ունեցել հանձնաժողովը»։ ԱԺ պատգամավոր, ՀԺԿ անդամ Արամայիս Բարսեղյանը այս մասին ասաց. «Թիվ 22 ընտրատարածքում առաջադրվել եմ որպես պատգամավորության թեկնածու։ Մարտի 21-ին, ժամը 15-ին հրավիրվում է ԸԸՀ նիստ։ Ես ուղիղ 15-ին ներկայանում եմ ԸԸՀ, հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանը (ասեմ, որ հանձնաժողովում այդ պահին կերուխում էր) ինձ ասում է, թե նիստը ժամը 11-ին էր, ոչ թե 15-ին, ու իբր ինձ փնտրել են ու չեն գտել։ Սուտ, իմ ցանկացած հեռախոսահամարում ինձ գտնելը շատ հեշտ էր։ Փաստորեն, իրենք-իրենցով նշանակված ժամից շատ առաջ հավաքվել են, նիստ են կայացրել, որոշել են, որ իբր իմ փաստաթղթերը ամբողջական չեն եւ մերժել են իմ առաջադրումը որպես պատգամավորի թեկնածու»։ Այս ընտրատարածքում Արամայիս Բարսեղյանի մրցակիցներն են Հենրիկ Աբրահամյանը (համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի եղբայրը), ՀՅԴ-ից՝ Բագրատ Սարգսյանը, ընդամենը՝ վեց թեկնածու։ Արամայիս Բարսեղյանի ջանքերը՝ համոզել ԸԸՀ-ին, որ նա պարտավոր է ԸՕ-ի 107 հոդվածով առաջնորդվել եւ թեկնածուին իր առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկ տրամադրել, անցել են ապարդյուն։ Մյուս թեկնածուն՝ Վիկտոր Իսրայելյանը, առաջադրված է թիվ 21 ընտրատարածքում (Մասիս քաղաքը եւ շրջակա գյուղերը), եւ մերժում է ստացել նույն պատճառաբանությամբ՝ իբր ինչ-ինչ փաստաթղթային տվյալներ ամբողջական չեն։ Նույն պատճառաբանությամբ պաշտոնաթերթիկ չի տրվել նաեւ թիվ 23 ընտրատարածքում առաջադրվելու հայտ ներկայացրած ԱԺԴ անդամ Ստեփան Ստեփանյանին։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել