Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ հիացած են

Մարտ 25,2003 00:00

Պարզվում է՝ հիացած են Մեկ տարի առաջ «Շարմ» ընկերությունը, որի միջոցով իշխանությունը եթերից դուրս մղեց «Ա1+» անկախ հեռուստաընկերությանը, հայտարարում էր, թե իրականությանը չեն համապատասխանում բոլոր այն կանխատեսումները, որ իրենք չեն կարող նույնչափ անկողմնակալ աշխատել, եւ հավաստիացնում էր, թե իրենք հավասարապես հիացած չեն եւ ներկա իշխանությամբ, եւ ընդդիմությամբ: Մեկ տարի անց պարզվեց՝ մի հինգերորդական-վեցերորդական պաշտոնյայի՝ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատուի հեռախոսազանգն էլ էր բավական, որ «Շարմի» «Կենտրոն» հեռուստաընկերությունը մինչեւ ընտրության ավարտն արձակուրդ ուղարկի իր լրագրողներին: Նրանցից մեկի՝ «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի թղթակից Նանե Աճեմյանի հետ կատարվածի մասին ակնարկ կա նախագահի ընտրության երկրորդ փուլի լուսաբանման վերաբերյալ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի զեկույցում. նշված է, թե տեղեկություն ունեն, որ մասնավոր հեռուստաալիքներից մեկի թղթակցին ընտրարշավի ընթացքում ստիպել են արձակուրդ գնալ, քանի որ ղեկավարությանը ձեռնտու չի եղել նրա ռեպորտաժների քաղաքական ուղղվածությունը: Ըստ էության՝ Նանե Աճեմյանը որեւէ ուղղվածություն չի էլ արտահայտել. նա ուղղակի չեզոք էր ներկայացնում Դեմիրճյանի կամ Գեղամյանի ասուլիսները՝ առանց հեգնելու կամ ծաղրելու, ինչպես անում են այլ հեռուստաալիքների լրատվական ծրագրերը, երբ խոսքը վերաբերում է ընդդիմությանը: Ուստի եւ Վահագն Մկրտչյանը դժգոհել էր. «Այդ աղջիկը ոնց որ Դեմիրճյանի շտաբից լինի՝ արձակուրդ ուղարկեք դրան»: Նույն կերպ ընտրության ընթացքում արձակուրդում հայտնվեց նաեւ «Տեսանկյուն» հաղորդաշարի վարող Գեւորգ Ալթունյանը: Վերջինս հարվածն իր վրա վերցրեց եւ բոլորին հավաստիացնում էր, թե ուղղակի հիվանդ է: Իսկ Նանե Աճեմյանն այդ հարկադիր արձակուրդից այլեւս չցանկացավ վերադառնալ «Կենտրոն»: Նորից հիշեցնենք մեկ տարվա վաղեմության հավաստիացումները, թե հիացած չեն այս իշխանությամբ, եւ նշենք եւս մի փաստ: Երկրորդ փուլի ընթացքում Երեւանի թիվ 78 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում 4 հոգու կողմից ծեծի էր ենթարկվել Դեմիրճյանի վստահված անձ Սամվելը՝ միայն այն պատճառով, որ քվեաթերթիկները գրպանները լցրած մեկին ասել էր. «Գրպաններդ դատարկիր՝ նոր մոտեցիր քվեատուփին»: Միջադեպին ներկա էր «Էպիկենտրոնի» թղթակից Արմինե Գրիգորյանը, որն անգամ չհիշատակեց կատարվածի մասին իր ռեպորտաժում: Նանեի փո՞րձն էր ստիպում լռել: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել