Լրահոս
Օրվա լրահոսը

Կորդեգրի՞ նախագահը

Մարտ 25,2003 00:00

Կորդեգրի՞ նախագահը «Ոչ աշխատանք ունեմ, ոչ էլ արտաքին լավ տվյալներ, որ բարերում, կազինոներում ինձ աշխատանքի ընդունեն։ Իսկ երեխաներիս ո՞նց պահեմ, մանկատուն տա՞մ։ Չէ, ավելի լավ է ձեզ տամ, պարոն Քոչարյան։ Սիրուն-սիրուն էրեխեք են, չունես երեքը, ունեցիր վեցը»։ Կոնդ թաղամասի 148 տան բնակիչ Անահիտ Չիլոյանն իր այս «նախաձեռնությունն» այսպես արդարացրեց. «Ես ուզում եմ, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինձ իմ երեխաների հետ որդեգրի, որպեսզի կարողանամ այս երեք երեխաներին նորմալ մարդ դարձնեմ եւ հանձնեմ Հայաստանի Հանրապետությանը»։ Գործազուրկ այս կինն իրեն խաբված ու նվաստացած է զգում՝ սոցիալական անարդարության եւ տարրական նյութական պահանջներից կախված լինելու պատճառով։ Անահիտ Չիլոյանը երեք անչափահաս երեխաների մայր է։ Ութ տարի առաջ կորցրել է ամուսնուն. «Կողքից օգնող ձեռք չեմ ունեցել, ապրել եմ երեխաներիս չնչին նպաստներով։ Մի կերպ կարողացել եմ նրանց կրթության տալ, որպեսզի մարդկանց աչքերին պարզ երեսով նայեմ»։ Կինը պատմում է, որ ամուսնու մահից հետո ութ տարի շարունակ դիմում է տարբեր ատյաններ՝ երեխաների սոցիալական վիճակը փոքր-ինչ բարելավելու խնդրանքով։ Տունը, որտեղ բնակվում է Ա. Չիլոյանի ընտանիքը, խոնավ էր ու կիսափուլ։ Բացակայում էր մանրահատակը, փոխարենը բետոնե հատակը ծածկված էր հին գորգերով։ Դեռեւս 98-ին, կնոջ խոսքերով, Վազգեն Սարգսյանն էլ է եղել այս տանը ու «զարմանքից քար կտրել», որ այդօրինակ աղքատության պայմաններում երեխաներ են մեծանում։ «Ինձ խոստացավ, որ շուտով նոր բնակարան կտեղափոխվենք, սակայն Վազգեն Սարգսյանի մահից հետո բոլոր բողոքներս անպատասխան մնացին»։ Ա. Չիլոյանի պատմելով, եղել են բարերարներ, որ հեռուստացույց կամ ձմռանը վառելիք են տրամադրել, սակայն «ամեն օր իմ տան մեջ հացի խնդիրն է, ես չեմ կարող այլեւս այսպես ապրել, ուզում եմ, որ երեխաներս մաքուր տան մեջ ապրեն ու ես աշխատանք ունենամ։ Այս ապրուստը մուրացկանի ապրուստ է»։ Ձմռանը ցրտից չսառչելու համար կնոջ ընտանիքը սպառած էլեկտրաէներգիայի դիմաց 41 հազար դրամ պարտք է կուտակել։ Օրական երեք հաց գնելով էլ՝ մոտ 50 հազար դրամ խանութին է պարտք։ Տղան՝ Կարենը, սնվում է «Օրրան» բարեգործական կազմակերպությունում, ինչը, կնոջ կարծիքով, նույն մուրացկանությունն է։ Գիտելիքների առումով երեխաների արժանիքները մեկ առ մեկ թվարկելով, Ա. Չիլոյանը նշեց, որ աղջիկն ունի երաժշտական կրթություն եւ այս տարի ավարտելով դպրոցը, ցանկանում է ուսումը շարունակել կոնսերվատորիայում, «բայց ես չունեմ այդ գումարը, որպեսզի վարձը վճարեմ։ Մյուս աղջիկս երրորդ դասարան է, նույնպես լավ է սովորում։ Տղաս էլ է լավ սովորում, բայց շատ ժամանակ հուսահատված չի ուզում դպրոց գնալ, ոչ շոր ունի, ոչ կոշիկ»։ Իր երեխաների ճակատագրով մտահոգված այս կինը կենցաղային պայմանները բարելավելու ցանկությունից բացի, «ձեռքի հետ» էլ երկրի նախագահին դիմեց, որպեսզի վերջինս իր երեխաների «փոքրացած հագուստներն» ուղարկի. «Թող իմ երեխաները հագնեն, ես դրանից չեմ ամաչի, կհագցնեմ, որպեսզի իմ երեխան նորմալ դպրոց գնա ու չամաչի»։ Կարելի է ասել, որ այս կինը մի շնչով դատարկեց այս ութ տարիների ընթացքում հոգում կուտակված մաղձը. «Բա սա կյա՞նք ա, սա կյանք ա՞։ Կերածներս հաց է»։ Ա. Չիլոյանն իր դարդ ու ցավը պատմելուց բացի, մեզ խորհուրդ տվեց նաեւ շրջել Կոնդ թաղամասով՝ ծանոթանալու մարդկանց ապրուստին, նիստուկացին։ Այս կամ այն ընտանիքն էլ մատնացույց անելով, փորձում էր համոզել, որ իրեն «բախտակիցներ» Կոնդում շատ կան։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել