Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ՝ ԳՅՈՒՂԻ ԿՈՒՅՐ ԱՂԻՔ

Մարտ 25,2003 00:00

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ՝ ԳՅՈՒՂԻ ԿՈՒՅՐ ԱՂԻՔ 1996-ին եղավ այնպես, որ գյուղապետերը մանկապարտեզներից սկսեցին «գլուխ հանել» այնպես, ինչպես արհեստավարժ վիրաբույժները. կտրեցին ու դեն նետեցին կույր աղիքը։ Գյուղապետի համար մանկապարտեզը բեռ էր, հոգս, ծախս, եւ պետք էր ազատվել։ Իսկ պատճառաբանությունները մեկը մյուսից լուրջ են. բյուջեն չի կատարվում, փող չկա, շենք չկա, շենքը խոնավ է եւ այլն։ Դպրոցը, լավ թե վատ, տանիք ունի՝ ԿԳ նախարարությունը։ Մանկապարտեզն անպաշտպան է, չնայած այն պահելը պետք է լիներ գյուղապետի թիվ 1 պարտականությունը։ Արարատի մարզպետարանում այս թեմայով արագ համաձայնեցին հարցազրույց տալ, ասելով, թե իրենց մարզում վիճակը լավ է։ Կրթության վարչության մասնագետ Վիոլետա Ալոյանի տրամադրած տվյալներով, 1996թ. մարզում եղել է 83 մանկապարտեզ, այժմ գործում է 63-ը, որոնցից 22-ը՝ քաղաքներում (Վեդի, Արարատ, Արտաշատ, Մասիս)։ Եթե նկատի ունենանք, որ մարզում մոտ 100 համայնք կա, ուրեմն յուրաքանչյուր երկրորդում մանկապարտեզ չկա։ «Շատ համայնքների ղեկավարներ ամեն ինչ անում են, որ մանկապարտեզը չգործի»,- ասում է մասնագետը։ Այդպիսի համայնքներում ամենաշահագրգիռ մարդիկ դպրոցների տնօրեններն են, քանի որ 6-ամյա երեխային դպրոց մտնելու համար նախնական պատրաստվածություն է պետք։ Մանկապարտեզները հիմնականում սեզոնային են, բայց այս ձմեռ աշխատել են Դալար եւ Քաղցրաշեն գյուղերի մանկապարտեզները։ «Լավ աշխատողն այն գյուղապետն է, որ մանկապարտեզ ունի։ Շենք կամ 1-2 սենյակ միշտ էլ համայնքում կարելի է գտնել ու հարմարեցնել մանկապարտեզի։ Օրինակ, Դարակերտի գյուղապետը երկու տարի առաջ այդպիսի բողոք ուներ, բայց, կարծում ենք, որ ցանկության դեպքում, հենց իրենց մանկապարտեզի հին շենքը կարող էր գործարկել։ Գյուղապետը օրերս վերընտրվել է, եւ հույս ունենք, որ այս տարի կօգնի համայնքի երեխաներին։ Նոր Կյուրիի գյուղապետն էլ բացել է դպրոց-մանկապարտեզ, որը ենթարկվում է համայնքին, բայց ղեկավարում է դպրոցի տնօրենը»։ ԿԳՆ Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Մելսիդա Սարգսյանի ներկայացմամբ, հանրապետությունում ամենավատ վիճակը Արագածոտնի մարզում է՝ «կոտորած»։ Թալինի շրջանում, օրինակ, ընդհանրապես մանկապարտեզներ չկան։ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել