Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՔՐ ՊՏՈՒՏԱԿՆԵՐԸ

Մարտ 26,2003 00:00

ՄԵԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՔՐ ՊՏՈՒՏԱԿՆԵՐԸ Տիգրան Նաղդալյանի սպանության առնչությամբ Քոչարյանը հայտարարեց՝ սպանությունը քաղաքական է, դրա կազմակերպման մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանի կալանավորումը հիմնավոր է, ապացույցներն էլ՝ բավարար: Այս ամենի շուրջ ավելի լուրջ դատողություններ անելը, թե Քոչարյանն իր հայտարարություններով ուղղորդում, հրահանգներ է իջեցնում «անկախ» դատախազությանը, դատական համակարգին՝ այլեւս անիմաստ է: Պատասխանելով այն հարցին, թե որքանով են այսպիսի հայտարարությունները հարիր երկրի նախագահին՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նկատեց. «Նախ՝ «երկրի նախագահին հարիր» արտահայտության մասին. ընդհանրապես նախագահներն ընտրվում են, լինում են լեգիտիմ, ընդունվում եմ բոլորի կողմից: Եթե հասարակության մի մեծ հատվածի կողմից նա չի ընդունվում՝ ապա լիարժեք նախագահ կոչվելու իրավունք չունի, ու այդ դեպքում արդեն այդ նախագահը կարող է իրեն թույլ տալ նաեւ նախագահին ոչ հարիր արտահայտություններ: Այդպիսիք Քոչարյանը թույլ է տվել նախկինում, թույլ է տալիս նաեւ այսօր՝ խոսելով նախաքննական մարմնին, դատախազին հատուկ ոճաբանությամբ ու տերմինաբանությամբ: Այդ պահվածքը հարիր չի կարող լինել, օրինակ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ այլ նորմալ պետության նախագահին. նրանք երբեք դա չեն անի: Բայց Քոչարյանը դա անում է ազատորեն. դա իր «կանյոկն» է»: Այս երեւույթներին հակակշռող ոչինչ, ըստ իրավապաշտպանի, չկա: «Չեմ տեսնում»,- ասաց Վ.Հարությունյանը՝ արձանագրելով, որ մեր երկրում հիմա պարզապես «բեսպրեդել» է, ինչը նշանակում է՝ երկրում բոլոր հարաբերություններն օրենքից դուրս դաշտում են, ընդ որում՝ «ցանկացած՝ քրեական, քաղաքացիական, գողական օրենքներից, Սահմանադրությունից դուրս»: «Այսինքն՝ մեր իրականության մեջ ամեն ինչ թույլատրելի է: Եվ փորձել այդ «բեսպրեդելին» հակակշռել՝ դրա դեմ իրավական ու իրավաբանական տերմիններով խոսելով, ասել, որ 70 հոգու ձերբակալել են օրենքի այս կամ այն հոդվածի խախտումով՝ անիմաստ է, որովհետեւ դա ի սկզբանե կնշանակի՝ պարտվել, լինել դատապարտված: Ես կարծում եմ՝ Հայաստանում այս իրավիճակը կարելի է շտկել միայն քաղաքական դաշտում, հարցին միայն քաղաքական լուծում տալով: Պետք է լինի լեգիտիմ իշխանություն, որը երկիրը կբերի օրինականության եւ օրենսդրական դաշտ»: Ըստ նրա, այսօրվա իրականության պայմաններում «Քոչարյանի բոլոր դրսեւորումները մեկնաբանելի են»: Իրավապաշտպանի ձեւակերպումները խիստ բնութագրական էին մեր իրականությանը, ուստի այլեւս անիմաստ էր թվում խոսել աննախադեպ ու բացառիկ այնպիսի երեւույթի մասին, ինչպիսին է քրգործի նախաքննության փուլում պաշտոնական մակարդակով նախաքննական ցուցմունքների հրապարակման թույլատրելի լինել-չլինելը: «Դատախազության, ՆԳ մարմինների աշխատակիցները, բոլորն առանձին վերցրած մարդիկ են, մեր հասարակության մի մասնիկը, ովքեր իբրեւ առանձին անհատներ՝ լավ էլ հասկանում են՝ ինչ է կատարվում, բայց երբ մտնում են համակարգ՝ դառնում են այդ մեծ համակարգի փոքր պտուտակը, սկսում են հարմարվել այդ համակարգի խաղի կանոններին՝ «բեսպրեդելին», որի մասին քիչ առաջ ասացի: Հայաստանի վերջին 10 տարվա պատմությունը ցույց է տվել, թե ինչ գունափոխումների ու գունազարդումների են ենթարկվել այն մարդիկ, ովքեր երեկ էլ էին դատախազ, այսօր էլ դատախազ են, վաղն էլ կլինեն»,- նկատեց Վ.Հարությունյանը՝ կարծիք հայտնելով, թե «նրանց պահանջներ ներկայացնելն անիմաստ է, որովհետեւ պահանջը պետք է ներկայացվի մեկ հոգու՝ Քոչարյանին»: Իհարկե, ինչպես պարզվեց, դա էլ լուծում չէ, որովհետեւ, Վ.Հարությունյանի համոզմամբ՝ «պահանջ պետք է ներկայացնել, իրոք ընտրված, լեգիտիմ, նաեւ պարտվածի կողմից ճանաչված նախագահին, որի անունով կարելի է նամակ գրել եւ խնդրել՝ պաշտպանել քաղաքացու իրավունքները, որովհետեւ նրա նշանակած դատավորն անօրինական վճիռ է կայացրել»: «Այսօր ես նման դիմում Ռ.Քոչարյանին չեմ գրի եւ որեւէ մեկին կոչ չեմ անի գրել, որովհետեւ անօրեն դատավորն անօրեն է այն պատճառով, որ նախագահը նախագահ չէ»,- հայտարարեց նա: Ինչ վերաբերում է Տ.Նաղդալյանի սպանության բացահայտման շուրջ իշխանական ԶԼՄ-ներով հասարակությանը հրամցված շոուներին՝ դատախազների, լրագրողների մասնակցությամբ կամ առանց նրանց, ապա՝ «Բոլոր ժամանակներում՝ 1928-ին, 36-ին, 49-ին, եղել է իշխանության ցանկացած անօրինականությանն «ադաբրյամս» ասելուն պատրաստակամ մարդկանց խումբ: Նրանց գրիչը միշտ պատրաստ է ծառայել ցանկացած ուժեղին: Երեկ նրանք ծառայում էին Ստալինին, ավելի վաղ՝ Տրոցկուն, հետո, Խրուշչովին, Բրեժնեւին ու այսպես՝ մինչեւ մեր օրերը: Մարդու այդ տեսակը երեկ եւ այսօր նույն գենն ունի: Ես բոլորովին չեմ զարմանա, եթե վաղը, մինչեւ դատարանի վճիռը նրանք արդեն իրենց վճիռը կայացնեն, որովհետեւ նրանք դեռ 57-ին էին ասում՝ «Պաստեռնակ չեմ կարդացել, բայց գիտեմ, որ նա հանցագործ է»: Նա նաեւ արձանագրեց. «Մեր իրականությունն այսօր այնքան է աղտոտված, որ ջրի երես է դուրս եկել պղտոր գետի հատակի ողջ թափթփուկը, այն կեղտը, որ, հուսով եմ, մի օր կպարզվի»: Իսկ առայժմ, նրա դիտարկմամբ, մեր երկրում հիմնական կարգախոս է դարձել՝ «դավաճանություն, ստորաքարշություն մինչեւ վերջ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել