Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛Չ՝ «ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ» ՕՐԵՆՔԻՆ

Մարտ 27,2003 00:00

Ո՛Չ՝ «ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ» ՕՐԵՆՔԻՆ Թեեւ արդարադատության նախարարի տեղակալ Աշոտ Աբովյանը երեկ Ազգային ժողովում հայտարարեց, որ «ԶԼՄ-ների մասին» օրենքի նախագծի շուրջ որեւէ կոնկրետ նախաձեռնություն, առաջարկ չի եղել, հիշեցնենք պարզապես, որ դեռ 2001թ. դեկտեմբերի 27-ից լրատվամիջոցներում, մասնավորապես՝ «Առավոտում», նախագծի (նաեւ «կոսմետիկ վիրահատման» ենթարկված 2-րդ տարբերակի) մասին լուրջ առարկություններ են եղել։ Դարձյալ հիշեցնենք, որ Մամուլի ազգային ակումբը բողոքի ցույցեր էր կազմակերպել անցյալ տարի ՀՀ նախագահի նստավայրի, արդարադատության նախարարության մոտ՝ «Ոչ՝ գրաքննությանը» կարգախոսի ներքո։ Լրատվամիջոցները համերաշխություն դրսեւորեցին նաեւ երեկ։ Լրատվամիջոցներն ուշադրություն հրավիրեցին ԶԼՄ օրենքի նախագծի տարբեր դրույթների վրա, մասնավորապես պահանջելով խոսքի ազատության ապահովման երաշխիքներ, երկուստեք պատասխանատվություն (հոդված 10-ը լրատվական գործունեություն իրականացողի դեմ է միայն)։ ԶԼՄ-ներն այսօր գրանցվել են որպես ՍՊԸ-ներ՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ (սահմանափակ ազատություններով), եւ արդարադատության նախարարի տեղակալի կողմից առաջարկված նախագծում ոչ մի ակնարկ չկա այդ մասին։ ԶԼՄ-ների մասին օրենքն իր ներքին բովանդակությամբ գերատեսչական է եւ, փաստորեն, հնարավորություն կտա իշխանություններին լրատվամիջոցների դեմ պատժիչ գործողությունների համար թեւերը լայն փռել։ Լրագրողի իրավունքներն ու պարտականությունները չափից թույլ են ներկայացված օրենքի նախագծում, եւ լրագրողն այնքան իրավունք եւ պարտականություն չունի այս օրենքով, որքան նրա դեմ հերքում պահանջողը («քաղաքական պատվիրատուն»)։ Լրատվամիջոցների բողոքին միացան ԱԺ Կրթության եւ գիտության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը, պատգամավորներ Գրիգոր Հարությունյանն ու Արամայիս Բարսեղյանը։ Նրանք խոստացան անձրեւամիտինգային տրամադրությունները հաղորդել Ազգային ժողովին եւ հաշվի առնել լրատվամիջոցների բազմակարծիք մոտեցումներն ու առաջարկները։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել