Լրահոս
Օրվա լրահոսը

Ստոյկիցայի առաջին հանդիպումը լրատվամիջոցների հետ

Մարտ 28,2003 00:00

Ստոյկիցայի առաջին հանդիպումը լրատվամիջոցների հետ Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Փյունիկ» ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ, ռումինացի Միխայ Ստոյկիցան առաջին մամուլի ասուլիսն անցկացրեց մարզական լրագրողների հետ։ «Մենք ուրախ ենք, որ այստեղ ենք։ Գիտցեք, որ մարզչի աշխատանքը նույնն է։ Եթե դուր է գալիս, պետք է աշխատել պրոֆեսիոնալ,- ասաց նա։- Շատ ծանոթ չեմ հայկական ֆուտբոլին, բայց ֆեդերացիան օգնում է ամեն ինչով։ Սակայն ժամանակը կարճ է։ Հյուսիսային Իռլանդիայի հետ խաղում պետք է 11 խաղացողների լավագույն կազմ ընտրել։ Ազգային հավաքականում խաղալը հպարտություն է։ Պետք է խաղալ ոչ միայն ոտքով ու գլխով, այլեւ սրտով։ Եղանակը մեր օգտին չէ՝ բրիտանական է։ Սակայն մեր որակներն ուրիշ են, ունենք արագ տեխնիկա։ Հուսանք, որ խաղը լավ կընթանա»։ Անդրադառնալով իր մարզչական կենսագրությանը՝ Ստոյկիցան ասաց. «Երբ գլխավորում էի Պանամայի հավաքականը, այն 2001թ. ՖԻՖԱ-ի դասակարգմամբ 129-րդն էր, ինն ամիս հետո բարձրացավ 111-րդ հորիզոնական։ Սակայն Պանամայի ֆուտբոլային համակարգը այնքան էլ լավը չէր ու այն փոխել հնարավոր չէր։ Ինձ դուր չեկավ առաջնության անցկացման կարգը։ Իմ գլխավորությամբ Պանաման հաղթել է Հոնդուրասին, Նիկարագուային, Սալվադորին, պարտվել՝ Կոստա-Ռիկային։ Մարզիչը արտահայտվեց նաեւ Հայաստանի ազգային հավաքականի վերջին մրցելույթների շուրջ։ «Նայել եմ տեսագրությունները։ Իսրայելի հետ հավաքականը լավ խաղաց։ Իսկ Ուկրաինայի հետ հանդիպումն ինձ դուր չեկավ։ Իմ կարծիքով, ընդհանուր ընթացքը լավ չէր։ Կան դրական եւ բացասական շատ դրվագներ։ Շատ բան սովորեցնում եմ։ Ոչ մի խաղացող դաշտում պետք է «մեռած» չլինի, այսինքն պետք է ֆիզիկապես լավ վիճակում լինի ու մտածի։ Բացասական է, որ գոլ խփելու համար խաղային դրվագներ չունենք, բացակայում է կենտրոնանալը։ Ուկրաինայից ընդունած առաջին գոլը հենց դրա բացակայության արդյունք էր։ Հավաքականի ֆուտբոլիստները բավականաչափ ներուժ ունեն. խաղում են Մոսկվայի «Դինամոյում», Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», Շվեյցարիայի «Յանգ Բոյզում», ուստի պետք է որ բարձրակարգ ֆուտբոլիստներ լինեն»։ Լրագրողներին հետաքրքրում էր, թե Ստոյկիցան ինչպե՞ս է համագործակցելու Անդրանիկ Ադամյանի հետ։ «Հավաքականը միասին չենք գլխավորելու։ Ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Կազմի մասին խորհրդակցել եմ շատ մարզիչների եւ ղեկավարների հետ։ Սակայն տակտիկան ես եմ ընտրելու»։ Մասնագետը հատուկ խոսեց մեր խաղադաշտերի մասին։ «Ցավոք, մարզվելու վայր չունենք։ Խաղադաշտերը շատ վատն են։ Միայն «Հանրապետական» ստադիոնի եւ «Փյունիկի» դաշտի խոտածածկն է նորմալ։ Մյուսների վիճակն ահավոր է, ինչպես Ռումինիայի առաջնության չորրորդ դիվիզիոնի ակումբներինը։ Մի նեղացեք, դա իրականությունն է։ Ազգային հավաքականում ուժեղացման կարիք ունի հարձակման գիծը, մյուսները քիչ թե շատ լավ են։ Ես զրուցել եմ Ռուբեն Հայրապետյանի հետ ու պայմանավորվել ենք. միայնակ ոչնչի հասնել հնարավոր չէ։ Բոլորս միասին՝ հավաքականների տնօրենները, մարզիչները, ակումբների ղեկավարները, պետք է աշխատենք, որպեսզի հաջողության հասնենք»։ Լրագրողներին հետաքրքրում էր Ռոմիկ Խաչատրյանի վիճակը, որը մարզման ժամանակ վնասվածք է ստացել։ «Ռոմիկ Խաչատրյանը հավաքականին պետքական ֆուտբոլիստ է։ Նա դաշտում շատ մեծ ծավալի աշխատանք է կատարում, հատկապես՝ կենտրոնում։ Վնասվածք նա ստացել է։ Տեսնենք, թե բժիշկներն ինչ կասեն։ Հուսով եմ, որ նա կկարողանա Հյուսիսային Իռլանդիայի հետ հանդիպումում լիարժեք խաղալ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել