Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԿՍԱՐՍԱՓԵԻՆ»

Ապրիլ 01,2003 00:00

«ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԿՍԱՐՍԱՓԵԻՆ» «Շատ լավ է, որ այս սենյակում քիչ են Եվրամիության անդամները, քանի որ, եթե այս հարցը լսվեր Եվրախորհրդարանի լիագումար նիստում՝ կարծում եմ, անդամները կսարսափեին: Նրանցից ոչ բոլորն են դեռեւս կարդացել դիտորդական առաքելությունների զեկույցները»,- ասել էր Եվրախորհրդարանի անդամ Բաշիր Խանբային Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում: Եվրամիությունն էլ է անհանգստացած Մարտի 24-25-ին Բրյուսելում գումարված այս 5-րդ նիստն աչքի ընկավ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ բուռն բանավեճերով: Ավարտին ստորագրված հայտարարությունում մտահոգություն արտահայտվեց այդ ընտրության՝ ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին չհամապատասխանելու առնչությամբ: Հայաստանի խորհրդարանի 7 հոգիանոց պատվիրակության անդամ Խորեն Սարգսյանը ձայնագրել էր քննարկման ամբողջ ընթացքը եւ տրամադրեց «Առավոտին»: Եվ այսպես. հենց նիստի բացման խոսքում Եվրամիության խորհրդի նախագահող երկրի՝ Հունաստանի մշտական առաքելության դեսպանը Հայաստանի նախագահի ընտրության առնչությամբ ասաց. «Դժբախտաբար, վերջին իրադարձությունների կապակցությամբ մենք լուրջ մտահոգություններ ունենք… Մենք Հայաստանից ավելին էինք ակնկալում: Եվ Եվրամիությունը շատ ուշադիր հետեւելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին»: Հայաստանի պատվիրակության մեջ էր նաեւ Արշակ Սադոյանը, որն անմիջապես առարկեց բացման ժամանակ հնչած «Քոչարյանի վերընտրությունից հետո» արտահայտությանը. «Նախագահի ընտրության հարցը վիճարկման առարկա է դեռ: Եվ սկսված առաջին փուլից՝ այդ հարցը բորբոքումներ է առաջացրել Հայաստանում… Երկրորդ փուլի աղաղակող խախտումների հետ կապված՝ այդ հարցը նորից է քննվելու ՍԴ-ում: Եվ բնական կլիներ՝ այդպես միարժեքորեն չարտահայտվել»: Քննարկմանը ներկա ՀՀ կառավարության ներկայացուցիչը՝ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը նախագահի ընտրությունում դիտորդների արձանագրած «որոշ բացասական երեւույթները» բացատրեց այսպես, թե Հայաստանին ավելի խիստ պահանջներ են ներկայացրել, քան այլ երկրների: Այս ելույթից հետո Խորեն Սարգսյանը հարց ուղղեց նիստի նախագահությանը. «Դուք բավականին փորձառու եք ընտրությունների առումով. կարո՞ղ եք մի պետություն նշել, որտեղ առաջին փուլին ավելի քիչ մարդիկ են մասնակցում, քան երկրորդին: Սովորաբար միշտ հակառակն է լինում: Այդ ինչպե՞ս եղավ, որ Հայաստանում ստացվեց հակառակը»: Հակադարձելու նախաձեռնությունը ստանձնեց Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը. «Ոչ ոք նման վիճակագրություն չի վարում՝ մանավանդ այստեղ նստած ընկերները: Դա երկրի ներքին խնդիրն է: Եվ ես կարող եմ նշել երկրներ, որտեղ երկրորդ փուլում իսկապես ավելի շատ են մասնակցել»: Խորեն Սարգսյանի առաջարկին՝ գոնե մեկ օրինակ մեջբերել, պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ափսոս, ձեռքիս տակ չկա: Բայց ես պատրաստ եմ Ձեզ Երեւանում տալ այդ ցուցակը»: Հետո հույս հայտնեց, որ պրն Սարգսյանն այլեւս նման հարցեր չի տա: «Խոստանում եմ տալ»,- արձագանքեց նա: Մինչդեռ Եվրախորհրդարանի անդամները հայտնեցին, թե իրենց հետաքրքիր է լսել երկու կողմերին էլ՝ դա պատճառներից մեկն է նման հանդիպումներ կազմակերպելու համար: Եվրահանձնաժողովի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի ղեկավարն իր ելույթում նշեց, որ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում համաձայնության անկյունաքարերն են. «Ուստի հուսախաբության զգացում ունեցանք, որ ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի դիտորդական առաքելությունները եզրակացրին, թե Հայաստանի նախագահի ընտրությունները չէին համապատասխանում միջազգային չափանիշներին: Մենք կարծում ենք, որ բաց թողնվեց հնարավորությունը՝ լավ օրինակ ծառայել այդ տարածաշրջանի համար»: Նա ընդգծեց, թե իշխանությունները պիտի բարեփոխեն ընտրական գործընթացը մինչեւ ԱԺ ընտրություններ: Քվեաթերթիկները կտպագրվե՞ն Եվրոպայում Պատվիրակության այլ անդամների՝ ցրտաշունչ ձմեռվա կապակցությամբ Եվրամիությունից Հայաստանի գյուղատնտեսությանն օգնություն ցուցաբերելու եւ զանազան այլ խնդրանքներից հետո՝ Արշակ Սադոյանը նշեց, թե միայն տնտեսական ծրագրերով եւ օգնություն ստանալով՝ հազիվ թե ժողովուրդը կարողանա ինքնուրույն կերտել իր ապագան, եւ ավելի ճիշտ կլիներ, եթե աջակցություն ցուցաբերվեր ժողովրդավարական գործընթացներին. «Նկատի ունենալով, որ փակվել են «Ա1+» ու «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունները, եւ Հայաստանում ստեղծվել է, ինչ-որ իմաստով՝ ապատեղեկատվական համակարգ, լավ կլիներ, որ լիներ եվրոպական ընտանիքի կողմից աջակցություն վայելող մի հեռուստաընկերություն, որը քաղաքական ուժերի մասին անաչառ տեղեկատվության եւ ընդհանրապես՝ ժողովրդավարացման ընթացքի խրախուսման հեռուստաալիք կլիներ ու հնարավորություն կընձեռեր, որ հաղորդվեր բոլոր հանդիպումների, հանրահավաքների եւ երթերի, նաեւ թեկնածուների մասին… Գիտեք, որ նախագահի ընտրության աղաղակող թերություններից մեկն էլ եղել է այն, որ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի քարոզչությունը բոլոր հեռուստաալիքներով տարվել է՝ խախտելով ընտրական դրույթները, իսկ մյուս թեկնածուների քարոզչությունը տարվել է միտումնավոր ապատեղեկատվության, վարկաբեկման ուղղությամբ»: Սադոյանը աջակցություն խնդրեց նաեւ ընտրակեղծիքների հիմնական մեխանիզմը շարքից հանելու խնդիրը լուծելու համար. «Հնարավո՞ր է արդյոք Եվրոպայում տպագրել հատուկ նշագրերով քվեաթերթիկներ՝ ըստ տեղամասերի, խիստ որոշակի քանակով եւ կախված մասնակցության աստիճանից՝ հետագայում ստուգել, թե քվեաթերթիկները դրանից ավելի՞ն են օգտագործվել այդ տեղամասում, թե՞ ոչ»: Ի պատասխան՝ Եվրահանձնաժողովի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի ղեկավարը խոստացավ, թե կքննարկեն հեռուստաալիքի ստեղծման առաջարկը. «Ես, իհարկե, լիովին հասկանում եմ Ձեր մտահոգությունը: Իսկ ինչ վերաբերում է քվեաթերթիկներին՝ դա եւս պետք է ներկայացնեմ մեր հանձնաժողովի քննարկմանը եւ հաստատմանը: Մենք, իհարկե, շատ ենք շահագրգիռ, որ կատարելագործվեն այն մեխանիզմները, որոնք կծառայեն ժողովրդավարական ընտրություններին»: Քվեաթերթիկները Եվրոպայում տպագրելու հեռանկարից մտահոգված՝ ձայն է խնդրում ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը. «Ինձ համար տարօրինակ է, որ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն արձագանքեց, թե կքննարկենք այդ հարցը եւ միգուցե նաեւ դրական պատասխան տանք: Ես ընդամենն ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանում ընտրություններն անցկացվում են Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով: Հայաստանն ունի այնքան տպագրական հնարավորություններ եւ հզորություններ, որ կարող ենք նաեւ օգտակար լինել այլ երկրների: Նման խնդրին անմիջապես արձագանքելը եւ մտածելն այն քննարկելու մասին՝ ես ուղղակի լուրջ չեմ համարում»: Այս նախատինքի առջեւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ընկրկեց եւ ասաց, թե ինքն անմիջապես օժանդակություն չի խոստացել. «Մենք պետք է պարզենք, թե ինչ կարծիքի է այդ մասին հանձնաժողովը, ինչպես նաեւ ընտրացուցակների հետ կապված հարցերը պետք է քննարկենք»: Իսկ Արշակ Սադոյանը լրացուցիչ տեղեկացրեց. «ՀՀ-ում որեւիցե օրենք չկա, որ արգելի կամ նպատակահարմարության տեսակետից անընդունելի համարի քվեաթերթիկներն այլ երկրում տպագրելը: Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության դրամը տպագրվում է Եվրոպայում եւ որեւիցե խնդիր չկա այստեղ… Ուղղակի սա իշխանությունների ինքնավերարտադրման ամենապարզ մեխանիզմն է, երբ որ տպում են ինչքան ուզում են՝ առանց վերահսկողության»: Եվ էլի բանավեճին միջամտեց Հովհաննես Հովհաննիսյանը. «Կարծում եմ, որ դա իսկապես մեր ներքին խնդիրն է, եւ իշխանություն-ընդդիմություն ներքին հարցերը մենք կարող ենք նաեւ մեր տանը լուծել»: Ու թեեւ նա խնդրեց գործընկերներին դադարեցնել այդ բանավեճերը՝ «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը հիշեցնենք՝ ընտրություններում պաշտպանեց գործող իշխանությանը, անմիջապես պրն Հովհաննիսյանի կոչից հետո հայտարարեց. «Մեր կազմակերպությունն իշխանության մեջ ներկայացված չէ: Ուղղակի ցավով եմ ասում, որ կան մարդիկ, որոնք պատկերացնում են, թե իրենք ընտրությունների արդյունքում պետք է ստանան N տոկոս: Եվ եթե նրանք հանկարծ ստանում են N հանած տոկոս, ապա նրանց թվում է, որ ամեն ինչ աղավաղված էր»: Եվրախորհրդարանի Արդյունաբերության, արտաքին առեւտրի, հետազոտությունների եւ էներգետիկայի հանձնաժողովի անդամ Խանբային այս բանավեճերից հետո նկատեց. «Հանձնաժողովը եւ Եվրամիությունը շահագրգռված են, որ իսկական ժողովրդավարություն եւ թափանցիկություն լինի Հայաստանի քաղաքական գործընթացներում: Եվ եթե ես լինեի Հայաստանի նախագահը՝ ինձ համար շատ հաճելի կլիներ, որ Եվրամիությունը վճարեր քվեաթերթիկների տպագրության համար, քանի որ ավելի քիչ ծախսեր կլինեին, եւ տնտեսված գումարը կկարողանայի իմ երկրի համար ծախսել: Ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ չպետք է դա արվի»: Նաեւ նշեց, որ եթե Հայաստանն իր ընտրությունների դիտարկման համար հրավիրում է Եվրամիությանը՝ «պետք է նաեւ բացարձակ թափանցիկություն ապահովել, այլապես դրանք չեն տարբերվի աֆրիկյան երկրների ընտրություններից, որոնք օրինական չեն: Եվ դա է պատճառը, որ նրանք շարունակ խնդիրներ են ունենում: Դուք ունեք շատ մեծ պատմություն, խելացի ժողովուրդ, որը շատ մեծ ցանկություն ունի դառնալ Եվրամիության անդամ: Կարծում եմ, այս առումով շատ կարեւոր է այսօրինակ բացառիկ թափանցիկությունն ընտրությունների ժամանակ»: Այս տեսակետից՝ նորից կարեւորեց, որ քվեաթերթիկները տպագրվեն Եվրոպայում: Դրանից հետո նաեւ Արթուր Բաղդասարյանը պաշտպանեց այդ առաջարկը: Իշխանամետները պաշտպանվում են 2002-ի սեպտեմբերի 10-ի համատեղ նիստում ընդունված հայտարարության մասին զեկուցեց Հրանուշ Հակոբյանը. մասնավորապես՝ անդրադառնալով դրա 5-րդ կետին՝ ժողովրդավարացմանը, մարդու իրավունքներին եւ դատաիրավական բարեփոխումներին՝ պնդեց, թե այս առումով ՀՀ-ն ունի որոշակի ձեռքբերումներ: Անդրադարձավ նախագահի ընտրությանը ու հայտարարեց, թե դրանց ժողովրդավարացման լավագույն գնահատականը հետեւյալն է. «Ընտրողն առաջին անգամ արժեւորեց իր ձայնը: Երեւի մինչ այդ նա դեռ սովետական մտածելակերպով էր գալիս-մասնակցում»: «Սովետականին չկպնե՛ս»,- տեղից նետեց կոմունիստ Թռչունիչը: Սակայն Հայաստանի կոմերիտմիության նախկին առաջնորդ Հրանուշ Հակոբյանը չընկրկեց. «Այդպե՛ս չէին մասնակցում, քանի որ՝ մեկ ընտրություն էր, մեկ մարդ, պրն Սարգսյան: Խոսքը վերաբերում է այլընտրանքներին»: Նաեւ պնդեց, թե ընտրության օրը չի գրանցվել որեւէ անախորժություն, իսկ եղած սխալներն ու բացթողումները քննվում են իրավական համակարգում: Պարզ է, չէ՞, որ այս հայտարարությունները պիտի յուղ լցնեին այն կրակին, որ փորձում էին մարել: Այստեղ արդեն Եվրախորհրդարանի անդամները սկսեցին վկայակոչել դիտորդների եզրակացությունները: «Շատ լուրջ օրինախախտումներ են եղել ընտրությունների ընթացքում, ուստի ես զարմացա՝ լսելով, թե ինչ է ասում տիկին Հակոբյանը: Ինձ անգամ թվաց, թե ես սխալ զեկույցներ եմ կարդացել»,- ասաց անգլիացի պատգամավոր Բաշիր Խանբային: Ելույթ ունեցավ նաեւ Արշակ Սադոյանը եւ մասնավորապես պնդեց. «Իրավիճակը Հայաստանում այնքան լարված է, որ ամեն օր սպասելի են քաղաքացիական բախումներ»: Բաշիր Խանբային էլի պնդեց, թե իրականում իրավիճակը շատ լուրջ է, եւ ԱԺ ընտրություններում սխալների շտկումը Հայաստանի այլեւս միակ հնարավորությունն է՝ վերականգնելու հավատը: Նա ասաց. «Հույս ունենանք, որ խորհրդարանական ընտրություններում դուք ցույց կտաք, որ ժողովուրդը չի ահաբեկվում, որ մամուլի կողմից կլինի արդարացի լուսաբանում, որպեսզի վստահություն ներշնչեք ձեր արտասահմանյան գործընկերներին»: Այս ամենին ի պատասխան՝ Աղվան Վարդանյանն ասաց. «Կուզեի, որ շատ ավելի հանգիստ տեսնենք իրականությունը, չփորձենք շատ արագ, կարճ տեւողության մեջ դատել-դատապարտել եւ վերջնական գնահատականներ տալ: Արդեն այն, որ մենք այսօր Եվրամիություն-Հայաստան հանձնաժողովում այս տեսակ բաց քննարկում ենք անում, եւ պատգամավորներն արտահայտում են ամենահակառակ տեսակետներ՝ վկայում է, որ Հայաստանում կա էական ժողովրդավարություն»: Նաեւ հավաստիացրեց, թե Հայաստանում քաղաքացիական բախումների վտանգ չկա, եւ ժողովրդի նկատելի մասը չի վիճարկում ընտրությունների արդյունքները, ուղղակի ընդդիմությունն էր դեռ ընտրարշավից 6 ամիս առաջ շրջանառության մեջ դրել այն վարկածը, որ եթե իրենք չհաղթեն, ուրեմն՝ կեղծված են ընտրությունները: Բորբոքված ամփոփեց. «Մենք հրաշալի հասկանում ենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները փորձություն են, որից պետք է կարողանանք դրական դուրս գալ: Բայց նաեւ դո՛ւք պետք է հասկանաք, որ կան քաղաքական գործիչներ եւ ուժեր, որոնց համար «Որքան վատ՝ այնքան լավ» սկզբունքն է գործում, եւ նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի առաջիկա ընտրությունները եւս փորձեն ձախողել»: Այս ամենը միայն մարտի 24-ի քննարկումներն էին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Հաջորդ օրը վերջապես խոսեց «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը, որը մինչ այդ բացարձակապես չէր խառնվել ընտրական գործընթացների շուրջ վեճերին: Եվ պարզվեց, որ Գեղամյանի կուսակցության ներկայացուցչի հիմնական բողոքները վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դեմ են՝ որպես ընտրախախտումների կազմակերպչի: Նաեւ պարզվեց, որ ԱՄ-ն պատրաստվում է, ինչպես նշեց պրն Կարապետյանը՝ «հանրապետության նախագահի առջեւ հարց բարձրացնել» Անդրանիկ Մարգարյանին մինչեւ ընտրությունների ավարտն աշխատանքից ազատելու մասին: Այս մասին՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել