Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասենք 3-րդ ահազանգի՞ն

Ապրիլ 02,2003 00:00

Սպասենք 3-րդ ահազանգի՞ն Ավելի քան երկու ամիս է, ինչ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատաքննությունն ընդմիջվել է դատավոր Սամվել Ուզունյանի խորհրդավոր հիվանդության պատճառով: Խորհրդավոր, որովհետեւ առայժմ պաշտոնական կամ իրավասու որեւէ մեկը չի հայտարարել ու պարզաբանել, թե հատկապես ի՞նչ հիվանդությամբ է արդեն երկու ամիս տառապում պարոն դատավորը: «Ես հասկանում եմ, որ դատավորի անվտանգությունը պետք է ապահովել, բայց ինչո՞ւ նրան տեսակցելու հնարավորություն չի տրվում գոնե ԱԺ պատգամավորներին, ովքեր փորձել են այդ անել եւ հարցնել Ս.Ուզունյանի որպիսությունը: Որքան հասկանում եմ, պատգամավորների կողմից դատավորի նկատմամբ ահաբեկչական ակտի սպառնալիք չկա»,- երեկ հայտարարեց «27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը: Վերջինս թեեւ հիմքեր չունի հայտարարելու, թե դատավոր Ուզունյանը սիմուլյանտություն է անում, բայց նույնիսկ այդ դեպքում էլ, ըստ Օ.Յունոշեւի, «չեմ կարծում, թե «հիվանդանալը» նրա նախաձեռնությունն է: Եթե նման շահագրգռություն նույնիսկ կա, իսկ որքան այս վիճակը երկարում, ես ավելի եմ հակվում այդպես մտածելուն, ուրեմն նա շատ ուժեղ ճնշումների է ենթարկվում»: Նա արձանագրեց, որ Ս.Ուզունյանն այսօր, ըստ էության, տնային կալանքի տակ գտնվողի վիճակում է: Իսկ թե ինչու էր պետք հետաձգել դատավարությունը, պրն Յունոշեւը, որը դատարանում մոտ մեկ մետրից է հետեւում Նաիրի Հունանյանի պահվածքին, իր կարծիքն ունի. Տ.Նաղդալյանի սպանությունից հետո Հունանյանն ավելի ագրեսիվ, իմպուլսիվ էր դարձել, նույնիսկ արտաքնապես նա փոխվել էր, ընկճված էր եւ, գուցե, դատավարության հետաձգման հիմնական պատճառներից մեկն էլ նրան հանգստացնելն ու վերահսկողության տակ վերցնելն է եղել: Օ.Յունոշեւն անդրադարձավ նաեւ Տ.Նաղդալյանի սպանության գործի նախաքննության վերջին «ձեռքբերումներին»՝ վկայակոչելով դեռ մեկ-երկու ամիս առաջ արած իր այն հայտարարությունը, թե չէր ցանկանա, որ դատավարության հետաձգումը որեւէ կերպ օգտագործվեր ինչ-որ ապօրինի գործողությունների համար: «Ցավոք, դա այսօր տեղի է ունենում: Տ.Նաղդալյանի սպանության «բացահայտումը» փորձ է վարկաբեկել իմ վստահորդին՝ Արամ Սարգսյանին ոչ միայն նրա քաղաքական գործունեությունը զսպելու կամ չափավորելու, այլեւ՝ «27»-ի գործով քննությանը հետամուտ լինելու իմաստով»: Փաստաբանը հիշեցրեց, թե ինչպիսի տեղեկատվություն կամ հաղորդագրություն էր հրապարակվում մինչեւ Արմեն Սարգսյանի կալանավորումը, երբ հայտարարվում էր, թե սպանության մասնակիցներից մեկն ու Արամ Սարգսյանն ազգականներ են: Ըստ նրա, դա Արամ Սարգսյանին ուղղված՝ քաղաքական գործունեությունը չափավորելու առաջին ահազանգն էր: Երկրորդը Արմեն Սարգսյանի կալանավորումն էր: «Ինչպիսին կլինի երրորդ ահազանգը՝ միայն կարելի է ենթադրել»,- հայտարարեց Օ.Յունոշեւը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ինչպես Արամ Սարգսյանին, այնպես էլ նրա եղբորը՝ Արմենին, Տ.Նաղդալյանի սպանությունն ամենեւին էլ ձեռնտու չէր, որ վերջինիս դատարանում հնչեցնելիք վկայությունները կարող էին արժեքավոր լինել «27»-ի բացահայտման համար: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել