Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ

Ապրիլ 02,2003 00:00

Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ Ապագա ընտրություններին ընդառաջ Անցած նախագահական ընտրություններին եվրոպական դիտորդները մնացին զարմացած։ Բացի ընտրությունների որակից, ինչի մասին բավական շատ խոսվեց եւ գրվեց, վերջիններս չէին կարողանամ հասկանալ, թե պետության, հասարակության համար նման ծանր փորձության պահին, երբ ամեն րոպե հնարավոր էր, որ քաղաքական գործընթացներն անկառավարելի դառնան, ինչ տրամաբանությամբ էր մեր Ազգային ժողովը պարապուրդի մատնված։ Մինչդեռ տրամաբանություն իրոք կար։ 1991թ. ընտրություններից հետո, որոնք հասարակության զարգացման էվոլյուցիոն տեսանկյունից չեն կարող դիտվել, քանզի անցան կոմունիզմի թոթափման եւ հեղափոխական տրամաբանությամբ, մեր հասարակության եւ քաղաքական ուժերի մի ստվար հատվածը ընտրությունից ընտրություն մնում է չբավարարված։ 1995թ. խորհրդարանական ընտրություններից հետո հասարակության մեջ եղած ուժերի եւ խորհրդարանում քվեներ ստացած ուժերի հարաբերակցությունը բավական հեռու էին միմյանցից։ Արդյունքում, քաղաքական վստահության դեֆիցիտի համաչափ պրոցեսները տեղափոխվեցին փողոց՝ ստվերելով մինչ այդ եղած բոլոր քաղաքական նվաճումները։ 1999թ. խորհրդարանական ընտրություններին, շնորհիվ Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան քաղաքական դաշինքի, հասարակության մեջ քաղաքական ուժերի եւ խորհրդարանական ուժերի հարաբերակցությունը, համեմատ 1995թ., բավական մեղմվեց։ Սակայն 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո խորհրդարանը վերադասավորվեց: Այդ վերադասավորման տրամաբանությունը բխեց ոչ թե հասարակության մեջ եղած քաղաքական ուժերի հարաբերակցությունից (քաղաքական տրամաբանություն), այլ ներիշխանական ինտրիգներից (պալատական-արքունական տրամաբանություն)։ Արդյունքում ստացվեց խորհրդարան, որը հանրության ուժերի ռեալ արտահայտման տեսակետից ավելի խոցելի էր, քան 1995թ. ձեւավորված խորհրդարանը։ Հատկանշական է, որ 1996թ. սեպտեմբերյան իրադարձություններին հանրությունը եւ քաղաքական ուժերը լուրջ հարցադրումներ ունեին արված ոչ միայն նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, այլեւ հենց խորհրդարանին, իսկ 2003թ. խորհրդարանի մասին ոչ մեկը չհիշեց՝ ո՛չ ընդդիմադիր քաղաքական ուժերը, ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ հասարակությունը։ Հարցումների ողջ սլաքը ուղղված էր եւ է Ռոբերտ Քոչարյանին, որը քաղաքական պատասխանատվության այլեւս միակ կրողն է։ Հարց է ծագում. հնարավո՞ր է որեւէ երկրում խոսել կայուն քաղաքական համակարգից (ինչը ցանկացած երկրում զարգացման պարտադիր պայմանն է), երբ իրական քաղաքական պատասխանատվություն կրողը մեկն է։ 2003-ի նախագահական ընտրությունները եւ դրան հաջորդած գործընթացները ցույց տվեցին, որ ոչ։ 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանին իրոք հաջողվեց քաղաքական կյանքը կայունացնել։ Սակայն այդ կայունության էությունը պայմանավորված էր ոչ թե քաղաքական համակարգի (նաեւ խորհրդարանական ուժերի եւ հասարակության մեջ քաղաքական ուժերի հարաբերակցության համապատասխանությունը) դինամիկ զարգացմամբ, այլեւ վարչական ռեսուրսների կենտրոնացմամբ եւ մաքսիմալ կենտրոնաձիգ կառավարմամբ, ինչը հանրությանը, գիտակցաբար թե անգիտակցաբար, որոշ քաղաքական ուժերի եւ վերլուծաբանների կողմից մատուցվում էր որպես քաղաքական կայունություն։ 1999թ. հոկտեմբերի 27172ից հետո Ռ. Քոչարյանը լուծեց պրոցեսների կառավարելիության հարցը (ինչը դրական է), բայց մեծ իմաստով բաց թողեց կառավարելիության ռեսուրսը կայուն բնական քաղաքական համակարգի ձեւավորմանը ներդնելու հնարավորությունը, որը եւ հանգեցրեց 2003թ. գործընթացներին: Մոտ երկու ամսից խորհրդարանական ընտրություններ են։ Ապագա խորհրդարանի որակի կանխատեսման տեսանկյունից տեղական վերլուծաբանները մեծ իմաստով որպես հայեցակետ ընտրում են ցուցակում եղած տարբեր տրամաչափի գործիչների հարաբերակացությունը։ Մինչդեռ այս խնդիրն արհեստական է, քանզի մեծ իմաստով խնդիրն այն չէ, թե ով որտեղ եւ որ տեղում է, այլ այն, թե արդյո՞ք համամասնական ցուցակների կազմավորման գործընթացը համապատասխանում է ներկուսակցական ժողովրդավարության նորմերին եւ էությանը։ Միանգամից ասենք՝ իհարկե՝ ոչ։ Եթե ոչ, ապա համապատասխանում է արքունականին, ինչը քաղաքական բնական զարգացման տեսանկյունից արդեն իսկ արհեստական է։ Հետեւաբար, ապագա խորհրդարանը, անկախ ձայների հարաբերակցությունից, չի կարող լինել լայն իմաստով քաղաքական մարմին եւ բացառված չէ, որ որեւէ լուրջ փորձության պահի նորից պարապուրդի է մատնվելու՝ էլ ավելի ամրապնդելով եվրոպացիների եւ մեր մենթալիտետի անհամապատասխանության վերաբերյալ արդի «քաղաքական մտքի» միակ տեսական թեզը։ ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ Քաղաքական մեկնաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել