Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ ՕՐԻ ՀԱՍԱՆՔ

Ապրիլ 02,2003 00:00

ԻՆՉ ՕՐԻ ՀԱՍԱՆՔ «Առավոտին» էր դիմել ՀՀ փաստաբանների միության անդամ Արարատ Բենիամինի Սարգսյանը։ Փաստաբանն իրականացրել էր պետպատվերի կարգով պաշտպանություն, որի դիմաց չէր ստացել հասանելիք գումարը։ Նրան ֆինանսների նախարարությունից հայտնել էին, թե «անվանական» 568 հազար դրամն ամբողջությամբ փոխանցվել է Հայաստանի փաստաբանների միություն։ «ՓՄ նախագահ Միշա Փիլիպոսյանը հանձնարարել է գլխավոր հաշվապահ Կարինե Սարգսյանին, որպեսզի ինձ հասանելիք գումարը չվճարի։ Խնդրում եմ Ձեր միջամտությունը»,- գրել էր մեզ փաստաբանը։ Առաջին հայացքից տարօրինակ էր այն, որ փաստաբանն ի՞նչ օրի է հասել, որ չի կարողանում իր իրավունքները պաշտպանել։ Իրավունքներ, որոնք կարգավորվում են «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ի համաձայն («ՀՀ-ում փաստաբանական գործունեությունը վճարովի է»)։ Պետական պաշտպանության իրականացման ժամանակ փաստաբանի վարձատրությունն ապահովում է պետությունը ՀՀ փաստաբանների միության միջոցով։ Երեկ մենք դիմեցինք փաստաբանների միության գլխավոր հաշվապահ Կարինե Սարգսյանին։ Նա տեղեկացրեց, որ փաստաբան Արարատ Սարգսյանը 2002թ. ստացել է 1 միլիոն 100 հազար դրամ գումար։ Այս տարվա հունվարի 9-ին պետպատվերի կարգով պաշտպանություն իրականացնելու համար ստացել է 84 հազար դրամ, իսկ փետրվարի 17-ին՝ 100 հազար 835 դրամ գումար։ ՀՀ ՓՄ-ին չեն ուղարկել մարտի գումարները, որոնք սպասվում են ապրիլի սկզբներին։ Գլխավոր հաշվապահը տեղեկացրեց նաեւ, որ նախկինում ֆինանսների նախարարությունն էր զբաղվում իրենց գումարների հարցով, այս հունվարից՝ արդարադատության նախարարությունը։ Նա նաեւ «չվճարելու» խնդիրը կապեց «27»-ի գործով ներգրավված պետպատվերի կարգով պաշտպանություն իրականացնող փաստաբաններին նախապատվություն տալու հետ։ «Առավոտի» իրավական բաժինը դիմում է պետպատվերի կարգով պաշտպանություն իրականացրած եւ դրա դիմաց չվճարված փաստաբաններին, պատրաստակամություն հայտնելով օգնել նրանց իրենց իրավունքները պաշտպանելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել