Լրահոս
Օրվա լրահոսը

Ես անբարբառ մի մանուկ

Ապրիլ 08,2003 00:00

Ես անբարբառ մի մանուկ Թեեւ ՀՀ ԶԼՄ-ների մասին գործող օրենքով հստակեցված չէ, թե ինչպիսի եւ ինչքան ԶԼՄ է որեւէ կազմակերպության պաշտոնական սայթը, անժխտելի է, որ սայթերը նաեւ լրատվություն տարածելու նպատակով են ստեղծվում: Սխալ կամ թերի լրատվությունը առնվազն պատիվ չի բերում տարածողին: Այս առումով, հպարտանալու տեղ չունի վարչապետական «Հանրապետականը»: Կուսակցության նորաստեղծ սայթը թերի ու սխալ տեղեկությունների բանկ է: Սխալ 1. Հայաստանի «Հանրապետական» կուսակցության պաշտոնական սայթից տեղեկանում ենք, որ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հենրիկ Աբրահամյանը ծնվել է 1954 թվականին, իսկ Երեւանի տնտեսաիրավագիտական ինստիտուտը ավարտել է 1955 թվականին: 1955 թվականին սույն բուհը պարզապես գոյություն չուներ եւ, հետեւաբար, հնարավոր չէ ավարտել այն, ինչ չկա: Այնուամենայնիվ, շատ կուզեի տեսնել, թե թոթովախոս մանուկը ինչպես է պաշտպանում իր դիպլոմային աշխատանքը ու պատասխանում գիտության թեկնածուների, գուցե նաեւ դոկտորների բարդ հարցերին: Չծնված՝ դասերին հաճախելը դեռ մի կողմ: Իրավամբ, Գինեսի ռեկորդների գրքում «անմահանալու» արժանի կամք է ցուցաբերել Հենրիկ Աբրահամյանը: Սխալ 2. Վերջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 1999 թվականի մայիսի 30-ին: Սակայն ՀՀԿ անդամ Սուրիկ Խաչատրյանը պատգամավոր է ընտրվել նույն տարվա մայիսի 31-ին: Մինչդեռ հնարավոր չէ ընտրվել, երբ ընտրություն չկա ընդհանրապես: Սխալ 3. «ՀՀԿ-ն օրենսդիր իշխանությունում» բաժնում, ի թիվս այլոց, ներկայացված է նաեւ «Կուսակցության վարչության որոշմամբ հեռացված Վիկտոր Դալլաքյանը»: Մինչդեռ երբ մեկին հեռացնում ես, արդեն քոնը չէ ու քեզ չի ներկայացնում: Սխալ 4. ՀՀԿ անդամ Ֆիլարետ Բերիկյանը նաեւ ԱԺՄ խմբակցության անդամ է: Մինչդեռ «ՀՀԿ անդամ աժմական» արտահայտությունը նույնքան անհաճո է հնչում, որքան «սփյուռքահայ եզդիները»: Չշարունակեմ: Քիչ չեն նաեւ թերի տեղեկություններով պայմանավորված սխալներն ու ապատեղեկատվությունը: Ասենք, հազիվ մեկ տարվա հանրապետականի կենսագրություն ունեցող Կարեն Ճշմարիտյանը ոչ մի կերպ չէր կարող ՀՀԿ ներկայացուցիչ լինել Արամ Սարգսյանը կառավարությունում, ինչի մասին ազդարարում է կուսակցության պաշտոնական սայթը: Բացարձակ դատարկություն է սայթի «Հրապարակումներ» բաժնում: Մի՞թե 13172ամյա կուսակցության մասին հրապարակման արժանի որեւէ նյութ չկա: Սայթից տեղեկանում ենք, որ ՀՀԿ շատ անդամներ միայն Հայաստանի անկախությունից հետո են գիտակցել բարձրագույն կրթության կարեւորությունը եւ ստացել այն: Հիմնականում՝ ոչ պետական բուհերում: Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել