Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ

Ապրիլ 10,2003 00:00

ՖՈՒՏԲՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ Համոզված է ազգային հավաքականի եւ «Փյունիկի» գլխավոր մարզիչ, ռումինացի Միխայ Ստոյկիցան Իսպանիա-Հայաստան հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Ինյակի Սաեսը խոստովանեց. «Հայաստանի հավաքականը շատ գրագետ էր վարվում գնդակի հետ եւ առաջին խաղակեսը շատ բարձր մակարդակով անցկացրեց։ Մինչեւ ընդմիջում մեր թիմի գործողություններում պակասում էր հստակությունը։ Դաշտում մենք բավականին ծանր վիճակում էինք հայտնվել եւ խաղը փոխվեց միայն Տրիստանի խփած գոլից հետո»։ Բասկցի մասնագետը հատուկ ընդգծեց, որ իրեն շատ է դուր եկել Հայաստանի հավաքականի մարտական ոգին. «Նրանք ձգտում էին հաղթանակի եւ հենց սկզբից նետվեցին գրոհի։ Դա հանգեցրեց նրան, որ երկրորդ կեսում հայերն արդեն նույն տեմպով չէին կարողանում խաղալ»,- ասաց Սաեսը՝ գուցե ակնարկելով ուժերը ճիշտ բաշխելու սխալ արված հաշվարկը։ Մեր թիմի նորընտիր գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան ափսոսանք հայտնեց, որ իր թիմը չկարողացավ օգտագործել ընդմիջումից առաջ գոլ խփելու ընձեռված հնարավորությունները։ «Երկրորդ խաղակեսում զգալ տվեց ֆիզիկական անբավարար պատրաստվածությունը,- ասաց նա։- Առաջին խաղակեսում մերոնք իսպանացիներից վատ չէին նայվում եւ լավ խաղով մրցակցի համար որոշ բարդություններ առաջադրեցին»։ Ստոյկիցայի համոզմամբ իր տղաների լավ խաղն արժանվույն չփոխհատուցվեց։ «Եթե օգտվեինք առաջին կեսում գոլ խփելու ընձեռված հնարավորությունից, կարծում եմ, հանդիպումն այլ հունով կընթանար։ Իսկ իսպանացիներն իրենց շանսերը ձեռքից բաց չթողեցին»։ Իսպանիայի հետ խաղի, մարզչի, հավաքականի առջեւ կանգնած խնդիրների, ընդհանրապես հայկական ֆուտբոլի ներկայի եւ ապագայի մասին Միխայ Ստոյկիցայի հետ զրուցեցինք արդեն տունդարձի ճանապարհին, երբ օդանավում մեկ անգամ էլ դիտեցինք խաղի տեսագրությունը։ – Հիմա, երբ հանդիպումը դիտեցի ավելի հանգիստ վիճակում, զգացմունքներից ձերբազատված, ավելի եմ ափսոսում։ Մեր թիմն, իրոք, ավելի լավ է խաղացել։ Դրա համար էլ ափսոսանքս մեծ է։ Այժմ մտածում եմ հետագայի մասին։ Առանձին խաղացողների հետ միասին պետք է անենք ամեն բան, որպեսզի հաջորդ հանդիպումում կարողանանք հաղթել։ Հավաքականը, չեմ կասկածում, առաջ գնալու տեղ, հեռանկար ունի՝ լինի դա ինձ հետ, թե առանց ինձ։ – Այս խաղում որեւէ ֆուտբոլիստի կառանձնացնեի՞ք։ – Ոչ։ Ինձ համար բոլորն էլ հավասար են։ – Դուք դավանում եք ունիվերսալ ֆուտբոլին։ Այդուհանդերձ, կարո՞ղ եք համեմատել մեր հավաքականի պաշտպանությունը, կիսապաշտպանությունը եւ հարձակման գիծը։ – Դրանց մեջ տարբերություն պետք չէ դնել։ Բոլոր օղակներն աշխատում են համագործակցված, մեկը մյուսին փոխապահովելով եւ աջակցելով։ Սա է ժամանակակից ֆուտբոլը։ – Երբ ստանձնում էիք հավաքականի ղեկը, նկատել էիք, որ շուրջ տասը տարի թիմում միեւնույն ֆուտբոլիստներն են խաղում, ու զարմացած հարցրել. մի՞թե Հայաստանում հերթափոխ չի աճում։ – Այո, եղել է։ Հիմա էլ աշխատում եմ այդ ֆուտբոլիստների հետ։ Հասկանալի է, որ ժամանակի ընթացքում հավաքականի կազմում փոփոխություններ կլինեն։ Դա կյանքի օրենքն է։ Մեծերը պետք է ճանապարհ տան երիտասարդներին։ Բայց ինձ համար տարիքը նշանակություն չունի։ Եթե ֆուտբոլիստը լավ է խաղում, թիմում կմնա նույնիսկ 40 տարեկանում։ Գիտե՞ք, երբեմն ավելի լավ է հնի հետ աշխատելը, նրան խաղացնելը, քան բերել նորին, որը դեռ փորձ չունի։ Եթե լինի երիտասարդ, որը կապացուցի հավաքական ընդգրկվելու իր արժանիքները, ես միայն կողջունեմ։ Այստեղ շատ լուրջ անելիքներ ունեն երիտասարդների հետ աշխատող մարզիչները, որոնց հետ սերտ կապ եմ պահպանելու։ Կրկնում եմ, եթե տեսնենք ու համոզվենք, որ երիտասարդը խաղում է նվիրումով ու ֆուտբոլի համար անում է ամեն բան, ոչ մի խնդիր չեմ տեսնում, անմիջապես կհրավիրվի հավաքականի հիմնական կազմ։ – Մեր հավաքականների մարզիչների վիճակն այնքան էլ նախանձելի չէ՝ պահեստայինների նստարանը կարճ լինելու պատճառով։ Դրա համար էլ մեկնարկային կազմը հաճախ մինչեւ վերջ չի դիմանում, ֆիզիկապես հոգնում է։ Սա ձեռքից բաց թողնված հաղթանակների, պարտությունների գլխավոր պատճառներից է։ Այսինքն, լիարժեք փոխարինողներ ունենալու խնդիր կա։ – Այո, այդպես է։ Բայց դա իմ մեղքը չէ։ Ես աշխատում եմ նրանց հետ, ովքեր կան եւ ձգտում միասնական թիմ ստեղծել։ Ես ֆուտբոլիստների հետ հունվար ամսից մարզումներ անցկացնելու հնարավորություն ու ժամանակ չեմ ունեցել։ – Հավաքականների եւ ակումբների համար կադրեր փնտրելը դրսո՞ւմ է ավելի նպատակահարմար, թե՞ Հայաստանում։ – Դա որեւէ նշանակություն չունի։ Կարեւորը, որ լավ ֆուտբոլիստ լինի։ Ինձ թվում է, որ Հայաստանում էլ լավ կադրեր կան։ Առայժմ հասցրել եմ որոշ չափով ծանոթանալ «Կոտայքի» խաղին։ Հասկանալի է, գիտեմ «Փյունիկը», որի գլխավոր մարզիչն էլ եմ։ Կասկած չունեմ, որ ուրիշ ակումբներում էլ լավ ֆուտբոլիստներ կան։ Անհնար է, որ լավ ֆուտբոլիստներ չլինեն մի երկրում, որտեղ ֆուտբոլ են խաղում ու սիրում են մարզաձեւը։ Պարզապես պետք է նայենք։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել