Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՎՐՈՇԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ

Ապրիլ 12,2003 00:00

ԳԱՎՐՈՇԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ Հոգեբանների կարծիքով, թափառաշրջիկ եւ մուրացիկ երեխաները շատ արագ են հարմարվում սոցիալական այն միջավայրին, որտեղ հայտնվում են: Սակայն, միաժամանակ, լուրջ խնդիրների են բախվում: Դրա համար էլ շատ դժվար է նրանց վստահությանն արժանանալը: 12-ամյա Կարինեն ընտանիքի չորս երեխաներից ամենափոքրն է: Վարձով էին ապրում, մայրը աշխատանք չուներ, եւ ինքը ստիպված էր նախ մուրալ, ապա՝ ծաղկավաճառությամբ զբաղվել: Կարինեի պատմելով` ոչ ոք իրեն չի դրդել մուրալու, իր նախաձեռնությունն է եղել: Վաստակած գումարն աղջնակը մորն է տվել: «Գիտեի, որ երեխային չի սազում ծաղիկ վաճառել, բայց ստիպված գնում էի: Հիմա չեմ գնա»,- մեր զրույցի ժամանակ անկեղծացավ Կարինեն: Հարցիս, թե ծաղկավաճառությամբ ինչքան գումար էր վաստակում, պատասխանեց՝ օրական 300 դրամ, երբեմն՝ 500-800 դրամ: Պատահել է, որ աղջնակը ծաղիկներ է նվիրել անցորդներին: 11-ամյա Արմանին սոցիալական ծանր վիճակն է ստիպել ծաղկավաճառությամբ զբաղվել: Արմանի հետ մայրն էլ է ծաղիկ վաճառել: Արմանն այդ երեւույթի մեջ որեւէ վատ բան չի տեսնում. «ո՛չ գողանում եմ, ո՛չ էլ փող մուրում»: 10-ամյա Աննային էլ ընտանեկան անբարենպաստ միջավայրն է բերել փողոց: Հայր չունի, մայրն էլ հարբեցող է: Ստիպված է սեփական աշխատանքով վաստակել օրվա հացը: «Նոր Հայաստան» հումանիտար աջակցության կենտրոնի աշխատակցուհի Սոֆյա Շեստերնենկոն ասում է. «Փողոցի երեխաներն ամենաշատը չեն սիրում բժիշկներին եւ լրագրողներին»: Նրանց հետ մտերմանալու փորձերը մեծ մասամբ դատապարտված են ձախողման, քանի որ նրանց ինքնապաշտպանական բնազդը հուշում է լրագրող լինելդ եւ բացառում հարցերիդ պատասխանելու պատրաստակամությունը: Ինչպե՞ս եւ ինչո՞ւ են երեխաները հայտնվում փողոցում Որքանո՞վ է տարածված մանկական աշխատուժի շահագործումը Հայաստանում: ՀՕՖ-ի երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոնի տնօրեն Արմեն Լիսիկյանի հավաստմամբ, 2000թ. փետրվարից մինչեւ 2002թ. դեկտեմբերի 31-ը 604 երեխա է բերվել այստեղ: Փողոցում հայտնաբերված եւ իրավապահ մարմինների աշխատակիցների ջանքերով կենտրոն բերված երեխաների 60 տոկոսին հաջողվում է վերադարձնել ընտանիք, 40 տոկոսին տեղավորում են հատուկ հաստատություններում: Երեխաներ կան, որոնց երկու, երեք եւ ավելի անգամներ են բերում կենտրոն: Ի դեպ, որբ երեխաները փոքր տոկոս են կազմում: Այն, որ մանկական աշխատուժի շահագործումը առկա է Հայաստանում, չժխտեցին կենտրոնում: Սակայն, սոցիալական աշխատանքի պատասխանատու Միրա Անտոնյանի խոսքերով, «Կենտրոնը հայելին չէ ողջ իրականության, եւ մենք երեւույթին այնքանով ենք տեղյակ, որքանով որ առիթ ենք ունենում առնչվել փողոցում հայտնված երեխաների հետ»: Ըստ Մ. Անտոնյանի` Հայաստանում փոքր թիվ են կազմում դասական իմաստով «թափառաշրջիկ» երեխաները: Մեծ մասամբ երեխաները մուրալու կամ մանրավաճառության նպատակով հեռանում են տնից մի քանի օրով եւ հետո վերադառնում: «Որպես կանոն, երեխայի աշխատուժը շահագործում են ծնողները»,- ասում է Մ. Անտոնյանը: Մանկավարժ-հոգեբանների գնահատմամբ, փողոցում հայտնված երեխաները չորս խմբի են բաժանվում. 1.Ամենատարածվածը, երբ երեխան մուրում է իր ցանկությամբ: 2.Երեխան մուրում է՝ ելնելով ծայրահեղ անհրաժեշտությունից: 3.Երեխան մուրացկանությունը զուգորդում է աշխատանքի հետ (մանրավաճառություն փողոցում): 4.Երեխան զբաղվում է մուրացկանությամբ մեծահասակների դրդմամբ: Այդպիսի երեխան, խուսափելով տուն վերադառնալ, կապեր է որոնում դրսում: Իսկ ստիպողական մուրացկանությունը տղաներին կարող է ներքաշել հանցագործ խմբերի, աղջիկներին՝ մարմնավաճառության մեջ: «Նոր Հայաստան» կենտրոնում էլ փողոցում հայտնաբերված երեխաներին բաժանում են հետեւյալ խմբերի՝ խնամազուրկ երեխաներ (28%), ընտանեկան բյուջեն լրացնող երեխաներ (45%), դեւիանտ (շեղումներ ունեցող) վարքագծով երեխաներ (25%), որբ երեխաներ (2%): Երեխաների 27%-ին մուրալու կամ մանրավաճառությամբ զբաղվելու դրդում են ծնողները եւ մոտ հարազատները, 27%-ն ինքնուրույն է դուրս գալիս դրամ վաստակելու՝ սոցիալապես անապահով վիճակից ելնելով, 8%-ը կազմում են խնամազուրկ երեխաները, 17%-ը փողոցում է հայտնվում ընտանիքում տիրող բացասական մթնոլորտի պատճառով, 10%-ը՝ շրջապատի ազդեցության, 2%-ը՝ պատահական, 9%-ը դեւիանտ վարքագիծ ունեցողներն են: «Նոր Հայաստան» կենտրոնի սոցիալական աշխատող Ս. Շեստերնենկոյի հավաստմամբ, մանկական աշխատուժի շահագործումը հիմնականում արտահայտվում է նրանց ծաղկավաճառության եւ մանր առեւտրի դրդելով: Ընդ որում երեխաները գումարի մի մասը տալիս են ծնողներին, մյուս մասն օգտագործում են ըստ իրենց պահանջների: Դեպքեր են լինում, սակայն, երբ երեխան, հետագայում զգալով ծնողի կողմից խաբված լինելը, հոգեկան ծանր ցնցում է ապրում: «Նոր Հայաստան» կենտրոնի աշխատակիցների հավաստմամբ, առավել հաճախ հաջողվում է հասնել ցանկալի արդյունքի՝ երեխային վերադարձնել ընտանիք: «Փողոցում հայտնված երեխան զոհ է» «Մենք շատ հաճախ մեղադրում ենք մուրացող երեխաներին եւ նրանց ծնողներին: Կարծում եմ դա անարդարացի է»,- ասաց «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության առաքելության ղեկավար Սամուել Անրիոնը: Հանդիպումները մուրացիկ երեխաների եւ նրանց ծնողների հետ պրն Անրիոնին համոզել են, որ նրանց մեծ մասին փողոց են մղում անելանելիությունն ու ծայրահեղ կարիքը: Ընտանիքներ կան, որտեղ ծնողները չեն աշխատում, պարտքեր ունեն, եւ նրանք ստիպված են երեխային դրդել մուրացկանության: Պրն Անրիոնի դիտարկումներով, թափառաշրջիկ եւ մուրացիկ երեխաների 90%-ը վերադառնում է ընտանիք: «Բարեբախտաբար, փողոցում մշտապես գիշերող երեխաներ չկան»,- ասաց պրն Անրիոնը: «ԲԱՍ» կազմակերպությունը, որն ուղղակի աշխատում է փողոցի երեխային տուն վերադարձնել, «Կանխարգելում» ծրագրում ընդգրկել է 200-250 երեխաների՝ նրանց առաջարկելով այլընտրանքային տարբերակ: Առաքելության ղեկավարի դիտարկմամբ, երեխաների երկու երրորդը փողոցում է հայտնվում ընտանեկան ամուր կապեր չունենալու պատճառով: Ծրագրում ընդգրկված են մոտ 600 շահառուներ (դրանք երեխաներն են եւ նրանց հարազատները), որոնց հետ կազմակերպությունը աշխատանքներ է իրականացնում: Այդ երեխաների ծնողների մեծ մասը շատ աղքատ է կամ էլ միայնակ մայրեր են: Նրանք կողմնակի օժանդակություն չունեն եւ երբեմն ստիպված են երեխային ուղարկել մուրացկանության: Պրն Անրիոնը նշեց նաեւ, որ մշտապես մուրացող երեխաների թիվը նվազել է. առավել հաճախ հանդիպում են սեզոնային մուրացկանները: Պրն Անրիոնի` երեխաների հետագա ճակատագրին վերաբերող դիրքորոշումը խիստ էր. «Փողոցում մուրացող երեխան զոհ է, քանի որ գործիք է այլ անձանց ձեռքին: Մուրացող երեխային դեռեւս չպետք է ուղարկել մանկատուն: Նրան պետք է տեղավորել որեւէ հաստատությունում միայն այն դեպքում, եթե ընտանիքը կամ միջավայրը, որտեղ նա ապրում է, վտանգ է ներկայացնում երեխայի համար: Ի վերջո, այն երեխան, որ մուրում է փողոցում, մյուսներից ոչնչով չի տարբերվում: Երեխայի տեղը փողոցը չէ: Մուրացող երեխաները հասարակության օժանդակության կարիքն ավելի շատ ունեն, քան մյուսները»: ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Կարինե Հակոբյանը հավաստիացրեց, որ մանկական աշխատուժի շահագործումը կանխարգելելուն ուղղված ոչ մի պետական ծրագիր չի իրականացվել: Եվ եթե մանկական մուրացկանությունը նվազել է, ապա միայն հասարակական կազմակերպությունների ջանքերով: ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել