Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարությունում մշակույթից չեն հասկանում»

Ապրիլ 12,2003 00:00

«Նախարարությունում մշակույթից չեն հասկանում» «Հայաստանի մշակույթի նախարարությունը արվեստի հանդեպ գրագետ քաղաքականություն չի վարում, որովհետեւ այնտեղ աշխատողների գերակշռող մասը արվեստից չհասկացող մարդիկ են»,- գտնում է նկարիչ Նարեկ Ավետիսյանը։ Նարեկը ցավով է նշում, որ «կառավարությունը նույնպես ուշադրություն չի դարձնում արվեստին, հնարավորություն չի տալիս իրականացնել մի շարք գեղեցիկ գաղափարներ, չի աջակցում ստեղծագործական ազատության ստեղծմանը։ Էլ չեմ ասում, որ արվեստն ամբողջովին մասնատված է, գեղանկարչությունն անկում է ապրում, նոր դեմքեր չկան։ Այսօր ավելի արդիական է «ժամանակակից արվեստ» հասկացությունը, որը կրկին պետության եւ հատկապես՝ մշակույթի նախարարության կողմից չի կարեւորվում եւ ուշադրության չի արժանանում»։ Ն. Ավետիսյանը գտնում է, որ միջակությունները արվեստում չպետք է տեղ ունենան, գերադասում է իսկական, անպիղծ արվեստը, ինչպես իր հայրը՝ Մինաս Ավետիսյանը. «Հայրս ոգեշնչում էր երիտասարդությանը, ուզում էր, որ նրանցից յուրաքանչյուրը որեւէ մեկի հետեւորդը չլիներ, այլ լիներ ինքնատիպ նկարիչ։ Ես չափազանց փոքր եմ եղել, սակայն մինչ օրս հիշում եմ Մինասի մտորումները՝ ժամանակակից արվեստի մասին»։ Նարեկ Ավետիսյանը կարծում է, որ ինքը «առաջ է ընթանում ժամանակակից արվեստի ուղիներով, որոնք դեռեւս հետազոտված չեն»։ Նկարիչն ասում է. «Ես գիտությունից եմ ոգեշնչվում, նախընտրում եմ աստղագիտական եւ երկրաբանական մարմինները այլաբանել նկարչի լեզվով, ունեմ բազմաթիվ համակարգչային գործեր, ինստալյացիաներ», այսինքն ձգտում է զերծ մնալ շաբլոն գործերից, լինել ինքնատիպ։ Իսկ այսպիսի ապագա նրան խոստանում էին դեռ մանկուց, երբ վեց տարեկանում ունեցավ իր առաջին անհատական ցուցահանդեսը։ Այնուհետեւ աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Իսպանիայիում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իտալիայում, Շվեյցարիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Իրանում հաջողությամբ իրար են հաջորդում Ն. Ավետիսյանի նկարների ցուցահանդեսները, իսկ 1981-ին՝ Թբիլիսիում, հերթական ցուցահանդեսին ներկա է լինում նաեւ Նարեկի նկարներով հիացած Սերգեյ Փարաջանովը։ Սակայն նրա հաջողությունները առաջացնում են ավագ սերնդի մի քանի նկարիչների խանդն ու նախանձը, որի պատճառով էլ նկարիչը կիսատ է թողնում ուսումը Գեղարվեստի ինստիտուտում։ Ն. Ավետիսյանը խոստովանում է, որ «դա 1995-ին էր, երբ Նկարիչների միությունում երիտասարդ եւ ավագ սերնդի նկարիչների միջեւ տեղի ունեցավ մեծ բախում, որի արդյունքում մի երիտասարդ նկարչի նույնիսկ ծեծեցին, իսկ պատճառն այն է, որ ավագ սերնդի նկարիչները չեն գիտակցում, որ ժամանակներն ու արժեքները փոխվել են եւ երիտասարդ նկարիչներին թշնամաբար են վերաբերվում»։ Սակայն Գեղարվեստի ինստիտուտում ուսումը կիսատ թողնելը ունենում է իր դրական հետեւանքները։ Հենց այդ ժամանակ Վլադիմիր Սպիվակովի հրավերով Նարեկ Ավետիսյանը մեկնում է Իսպանիա, ապա Ֆրանսիա, որտեղ աշխատում է երկու տարի։ Սկզբնական շրջանում նրան հովանավորում էր հենց Սպիվակովը, այնուհետեւ՝ նրա հիմնադրամը։ Ն. Ավետիսյանը գտնում է, որ արտասահմանում աշխատելու տարիներն իրեն «ավելի շատ գիտելիքներ են տվել, քան կտար Գեղարվեստի ինստիտուտը»։ Ու այսօր արդեն այդ գիտելիքների եւ հորից ժառանգած ունակության շնորհիվ Նարեկ Ավետիսյանը ստեղծել է նկարչի իր ինքնատիպ կերպարը։ Նշենք, որ Նարեկը շուտով կմեկնի Բեռլին, ուր հունիսի 5-ին բացվելու է մեծ ցուցահանդես, որին կմասնակցեն հայաստանցի երկու (այդ թվում եւ Նարեկը), ֆրանսահայ եւ գերմանահայ մեկական նկարիչներ։ Բոլոր ծախսերը հոգում է կազմակերպիչը։ Բնականաբար, այդպես էլ պետք է լիներ, քանզի Ն. Ավետիսյանն ասաց, որ «ընտանիքը պահում է արտերկրում վաճառված նկարների գումարով, երբեմն էլ պատվերներ են լինում, սակայն այս ամենը նույնպես իրականացվում է իր անձնական կապերի շնորհիվ»։ Ինչ վերաբերում է հոր՝ Մինասի առեղծվածային մահին, Նարեկ Ավետիսյանն ասում է. «Ես չարացած չեմ, դա տեղի է ունեցել այն տարիներին, որտեղ նույնպես կային ե՛ւ հրաման տվողներ, ե՛ւ կատարողներ։ Բայց պետք է նշեմ, որ Մինասի նման մարդիկ ընտրել էին մի ուղի, որը հետագայում օրինակ պիտի ծառայեր եկող սերունդներին։ Մինասը, Սեւակը գնացին այդ քայլին՝ գիտակցելով, որ զրկվելու են իրենք իրենցից»։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930