Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանդական ջարդուփշուր

Ապրիլ 17,2003 00:00

Ավանդական ջարդուփշուր Երեկ Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Մանվել Եգանյանի եւ ԶԼՄ ներկայացուցիչների հանդիպման վայրը կրկին Նուբարաշենի աղբանոցն էր: Անօրինական արտադրված ալկոհոլային խմիչքների եւ մաքսանենգ ճանապարհով հանրապետություն ներկրված ծխախոտի ոչնչացունը ՀՊԾ-ի կողմից իրականացվող թվով հինգերորդ ակցիան էր: Այս անգամվա խմբաքանակը կազմում էր 5000 տուփ չակցիզավորված ծխախոտ եւ մոտ 5500 շիշ օղի, կոնյակ, գինի: Անդրադառնալով նախորդ չորս ակցիաներին, Մանվել Եգանյանը նշեց, որ ստեղծված հանձնաժողովը մինչ օրս հավաքել եւ ոչնչացրել է 75 հազար շիշ անօրինական արտադրված ալկոհոլային խմիչք եւ 30 հազար տուփ մաքսանենգ ծխախոտ: Սովորաբար նման արարողությունների ժամանակ ոչնչոցվող ապրանքներ արտադրողների անունները չեն նշվում: Պետի տեղակալը տեղեկացրեց, որ ձմռան ամիսներին այս ակցիան դադարեցված է եղել, ինչի պատճառով ոչնչացման ենթակա ապրանքների մեծ քանակություն է առաջացել եւ պահեստավորվել: Ըստ Մ. Եգանյանի, աղբանոցի պայմաններից, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունից ելնելով, իրենք չեն կարող միանգամից մեծ խմբաքանակ ոչնչացնել: Ուստի, այսուհետեւ արարողությունը շաբաթը մեկ անգամ կկրկնվի: Մաքսանենգ ծխախոտի հիմնական քանակությունը ՀՊԾ աշխատակիցներն ու ոստիկաններն այս անգամ հավաքագրել են Շիրակի մարզից: Իսկ խմիչքների տեսականին, պարոն Եգանյանի խոսքերով, «ապահովել» են մայրաքաղաքի տոնավաճառները: Նույն աղբյուրի հավաստմամբ, այս ակցիաների շնորհիվ մեկ եռամսյակում 80 միլիոն դրամի հարկ է ավելացել: Սակայն չմասնավորեցվեց, թե արդյոք ի՞նչ հաշվարկի հիման վրա են եկել նման եզրակացության. օրինազանցներն արդյոք արդեն խուսափում են ապրանքն ապօրինի իրացնելո՞ւ ձեւերից, թե՞ կեղծ ապրանքը «չեզոքացնելուց» հետո առավել մեծացել է օրինական եւ հետեւաբար որակյալ արտադրանքի պահանջարկը: Ըստ Մ. Եգանյանի, 13 մլն 900 հազար դրամ էլ վարչական տույժի կիրառման արդյունքում է մուտքագրվել պետբյուջե: Ի դեպ, դեռեւս առաջին ակցիայից սկսած, արծարծվում է ոչնչացման ենթակա ապրանքները բարի նպատակների ծառայեցնելու հարցը: ՀՊԾ-ն բացառում է ալկոհոլային այս խմիչքները որեւէ տեղ օգտագործելու հարցը քննարկելը, քանի որ բաղադրությունը չի համապատասխանում պահանջվող նույնիսկ նվազագույն չափանիշներին: Իսկ մաքսանենգ ծխախոտը թեեւ օգտագործման ենթակա է, բայց այս դեպքում էլ, Մանվել Եգանյանի խոսքերով, իրենք երաշխիքներ չունեն, որ կրկին շուկա չի վերադառնա. «հիմա էլ ասեն՝ պետությունն է մաքսանենգությամբ զբաղվում»: Հայտնեց, որ, այնուամենայնիվ, համապատասխան հանձնաժողովում քննարկվում է առգրավված ծխախոտը բանակին կամ կալանավայրերին տրամադրելու հարցը: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել