Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկնակի «բայղուշություն»

Ապրիլ 18,2003 00:00

Կրկնակի «բայղուշություն» Մենք մեր բարութը չոր ենք պահում «Հմայակ Հովհաննիսյանն այն մարդը չի, որ իր պահունակի փամփուշտները լրիվ կրակի: Մենք միանգամից ամբողջությամբ չենք կրակում, որ հետո բոբիկանանք եւ դատապարտված լինենք բայղուշություն անելու: Մենք մեր բարութը չոր ենք պահում»,- հայտարարեց «Ազգային միաբանության» գաղափարախոս Հմայակ Հովհաննիսյանը՝ ի պատասխան ընդդիմության կազմակերպած հանրահավաքների, որոնք ի սկզբանե, ըստ նրա, դատապարտված էին ձախողման: «Եթե դու դուրս ես գալիս փողոց, որ հաղթես, ես քեզ կողջունեմ, բայց եթե դուրս ես գալիս, որ ընդամենը մի երկու մարդու գցես քացու տակ եւ ինքդ էլ կողքից բայղուշություն անես ու դրանով ամեն ինչ ավարտես, ապա մենք ուղի ենք ցույց տալիս»,- «Արդարություն» դաշինքից դժգոհեց Արտաշես Գեղամյանի գաղափարախոսը: Իսկ «Ազգային միաբանության» հակաճգնաժամային ուղին, ինչպես նշեց Հ. Հովհաննիսյանը, այն է, որ իրենք ասում են՝ «գնում ենք ԱԺ ընտրությունների, ուզում ենք վերցնել մեծամասնություն, ուզում ենք, որ այս Սահմանադրական փոփոխություններն անցնեն, որպեսզի հնարավոր լինի ձեւավորել քաղաքական կառավարություն եւ իրականացնել մեր ծրագիրը»: Ընդամենը: Նրա համոզմամբ, մասնակցելով ԱԺ ընտրություններին, իրենք չեն օրինականացնում նախագահական ընտրությունները՝ համարելով, որ այն հնարավոր էր օրինականացնել միայն մասնակցելով ընտրությունների 2-րդ փուլին: «Դա արեց իրեն «Արդարություն» հորջորջող, այսպես կոչված, միասնական ընդդիմությունը: Իսկ մենք մասնակցություն չունեցանք 1-ին փուլի օրինականացման անփառունակ գործին»,- ասաց Հ. Հովհաննիսյանը, որի հավաստմամբ, եթե իրենց հաջողվի ապագա խորհրդարանում ձեւավորել մեծամասնություն, ապա կարող են լուծել շատ ավելի «կարեւոր» խնդիրներ, քան նախագահական ընտրություններում: «Խորհրդարանում է ձեւավորվում ազգային-քաղաքական վերնախավը: Եվ հստակ գաղափարական կողմնորոշում ունենալու պարագայում նախագահը երկրի ապագայի վրա մեծ ազդեցություն չի կարող ունենալ: Կամ նրա ազդեցությունը կլինի այն շրջանակներում, որոնք կնախագծի խորհրդարանական այդ մեծամասնությունը, քանի որ ինքը՝ նախագահը, չունի քաղաքական սեփական հենարանը՝ ի դեմս իր կողմից ղեկավարվող կուսակցության»: Իսկ միասնական ընդդիմության որդեգրած ճանապարհն, ըստ նրա, «փողոցային» պայքարի ճանապարհ է: «Մենք խանգարեցի՞նք այդ պայքարը: Ո՛չ: Մինչեւ հիմա պայքարում են. գնացին ընտրությունների, օրինականացրին նախագահական ընտրությունները եւ օգնեցին, որ Ռոբերտ Քոչարյանը ստանա Պուտինի, Շիրակի, Բուշի եւ մյուսների շնորհավորանքները, քանի որ դատարկ խոսակցություններ են միտինգում հնչեցված ելույթները: Երկրորդ փուլը հիմնական արգումենտն էր ամբողջ ընտրական գործընթացի օրինականացման համար, որն օգտագործվեց: Դրանից հետո մենք հետամուտ եղանք մեր կեցվածքին, իսկ ընդդիմության մյուս թեւը դուրս եկավ փողոց եւ փորձեց միտինգային ճանապարհով ինչ-ինչ արդյունքների հասնել: Ու չհասավ, եւ չէր էլ կարող հասնել: Մենք չէին խանգարում, մենք ցուցաբերում էինք առավելագույն զսպվածություն»,- հայտարարեց պրն Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ, 2-րդ փուլին մասնակցելով՝ ընդդիմությունը հասավ նրան, որ էապես ուժեղացան Դաշնակցության դիրքերը: «Դաշնակցությունը ցույց տվեց իր արդյունավետությունն ու իր ծառայությունը մատուցեց Ռոբերտ Քոչարյանին: Էապես ուժեղացնելով Դաշնակցության դիրքերը, թուլացրեց հանրապետականի դիրքերը: Ուրեմն ի՞նչ, նրանց խնդիրը դա՞ էր: Կամ այն, որ այս միտինգային տարերքին տրվելով ուժեղացնեն ուժայինների՞ դիրքերը, ովքեր փորձում են՝ ճնշելով այդ դրսեւորումները իրենց օգտակարությունը ցուցաբերել»,- միասնական ընդդիմության քայլերի գնահատականն ամփոփեց Հ. Հովհաննիսյանը: Ա. Գեղամյանի գաղափարախոսի ասածները թերեւս վիրավորական հնչեն հենց Գեղամյանի համար, քանի որ եթե ընդդիմությունը հանրահավաքների միջոցով է հաղորդակցվում ժողովրդի հետ, ինչը Հ. Հովհաննիսյան բնութագրմամբ, «բայղուշություն» է, ապա Ա. Գեղամյանը դա անում է վճարովի հեռուստաեթերով: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել