Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՆԻ ԹՌՉՈՒՆԻՉԸ ԿԱ՝ ԴՊՐՈՑ ՉԻ ՓԱԿՎԻ»

Ապրիլ 18,2003 00:00

«ՔԱՆԻ ԹՌՉՈՒՆԻՉԸ ԿԱ՝ ԴՊՐՈՑ ՉԻ ՓԱԿՎԻ» ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանին սաստիկ զայրացրել է «օպտիմալիզացիայի ծրագիրը»։ Պատգամավորն այն կարծիքին է, որ այդ ծրագիրը փորձանք է դպրոցների գլխին եւ վտանգում է կրթական համակարգը։ Ծնունդով մարտունեցի Խորեն Սարգսյանն իր ծննդավայրի կտրվածքով դիտելով խնդիրը, ասում է, թե ծրագիրը վաղուց կար, սակայն. «գաղտնիք է պահվել ժողովրդից մինչեւ նախագահական ընտրությունները, ընտրություններից հետո սկսվեց դպրոցների ջարդը։ Այն դպրոցները, որոնք իրենց մաշվածության տեսակետից ավելի բավարար վիճակում են, որոնցից յուրաքանչյուրում սովորում է մոտ 500 աշակերտ, մի դպրոցից մյուսի միջեւ հեռավորությունը մի քանի կիլոմետր է կազմում, փակվում են։ Այսօր մարտունեցիք հպարտանալու ոչինչ չունեն, բացի իրենց երեխաների կրթությունից եւ իշխանություններն էլ լավ գիտեն, որ բարվոք ծնունդները հենց Մարտունիում են լինում։ Օրինակ՝ Մարտունու Վերին Գետաշեն գյուղում անցած տարի ծնվել է 107 երեխա եւ այդ երեխաները վեց տարի հետո դպրոց պետք է հաճախեն։ Իսկ դպրոցական երեխան Մարտունու դաժան ցրտի պայմաններում 4-5 կմ ոտքով ինչպես է հասնելու մյուս դպրոց։ Դա նշանակում է, որ երեխան դպրոց չգնա, նշանակում է Մարտունիում մեռցնել կրթությունը, դա նշանակում է Մարտունուն ցույց տալ արտագաղթի ճանապարհ։ Երկիրը երկիր է դառնում իր դպրոցներով»։ Խորեն Սարգսյանն առայժմ երեք գյուղերում է եղել՝ Ծովինար, Վերին Գետաշեն եւ Լիճք, եւ գիտի, որ այս գյուղերի ութամյա դպրոցները փակվում են։ Սակայն ոչ միայն սա. «գյուղացու տունն այսօր ջուր է լցված, գյուղացու երեխայի մահճակալի ոտքերը ջրի մեջ են (Խորեն Թռչունիչը երեւի նկատի ունի վերջին օրերին հանրապետության տարբեր շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղները.- Մ. Ե.), բայց, հավատացնում եմ ձեզ, գյուղացուն սա էնքան չի մտահոգում, նա մտածում է, որ մեկ-երկու ամսում այս ջուրը կցամաքի։ Նա մտահոգված է դպրոցի ճակատագրով»։ Խորեն Սարգսյանը կարծում է, թե վերոհիշյալ ծրագրի հեղինակները չգիտեն որտեղ է գտնվում Մարտունին ու նրա գյուղերը. «իշխանություններին ես զգուշացնում եմ՝ քանի ես կամ, քանի կա Խորեն Թռչունիչը, թույլ չեմ տալու, որ դպրոց փակվի»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել