Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքս կստանձնեմ պատասխանատվությունը»

Ապրիլ 19,2003 00:00

«Ինքս կստանձնեմ պատասխանատվությունը» Ասաց Թերի Դեւիսը Ղարաբաղի հարցով զեկուցող ԵԽ ԽՎ ներկայացուցիչ Թերի Դեւիսը երեկ այցելեց Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին։ Պրն Դեւիսն այցելեց նաեւ Ցեղասպանության թանգարան եւ բավականին հետաքրքրված ունկնդրեց տնօրեն Լ. Բարսեղյանի բացատրությունները։ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մինչ այժմ իր ասածներին նոր բան չավելացնելով, պրն Դեւիսը հերքեց ադրբեջանական մամուլում տպագրված այն լուրերը, թե իբր ինքն Ադրբեջանում հայտարարել է, թե իր տվյալներով Հայաստանի «կողմից հրադադարի խախտումներ են լինում». «միարժեք սուտ է, ես նման բան չեմ ասել»։ Պրն Դեւիսն իրականում ասել է, թե, ցավոք, հակամարտության պատճառով մարդիկ են սպանվում, եւ իր համար կարեւոր է թեկուզ մեկ մարդու կյանքը։ Թերի Դեւիսը շարունակ կրկնում էր, որ ինքը որեւէ հայտարարություն չի անելու։ Սակայն պատմեց, որ մեկուկես ժամ է տեւել Ռ. Քոչարյանի հետ հանդիպումը. «նա շատ անկեղծ արտահայտեց իր տեսակետները, եւ շատ անկեղծ ու բաց տվեց իմ որոշ հարցերի պատասխանները։ Ես առանձնազրույց եմ ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահի հետ եւ իմ զեկույցի համար օգտակար չի լինի, եթե ես հիմա հայտարարեի բացեիբաց, թե ինչ հարցեր են քննարկվել։ Ես իմ զեկույցում չեմ նշելու, թե տեղեկություններս որ աղբյուրից եմ ստացել եւ հղում չեմ անի մարդկանց, ինքս կստանձնեմ պատասխանատվություն զեկույցում տեղ գտած բոլոր մտքերի եւ կարծիքների համար։ Չեմ ուզում, որ դրանց համար մեղադրանք հնչեցվի Հայաստանի կամ Ադրբեջանի նախագահների հասցեին»։ Ադրբեջանում եւ Հայաստանում այցելելով փախստականների բնակավայրեր, Թերի Դեւիսը նկատել է, որ երկուստեք փախստականների վիճակը մխիթարական չէ՝ «փաստը մնում է փաստ, այն ժամանակվանից 9-10 տարի է անցել, եւ փախստականներից շատերը շարունակում են ապրել շատ վատ պայմաններում։ Երբ ես այցելում էի փախստականներին, ինձ հետ հայեր կային, որոնցից շատերը չէին եղել այնտեղ, եւ չէին տեսել նրանց վիճակը եւ իրենք էլ էին ցնցված»։ Ադրբեջանում եւ Հայաստանում ժողովրդավարության վիճակին անդրադառնալով, պրն Դեւիսն ասաց, որ ինքն ունի իր կարծիքը ներքաղաքական իրավիճակների մասին, բայց մտադիր չէ իր կարծիքը ներառել զեկույցում. «դա կլինի զուտ իմ կարծիքը ժողովրդավարության վերաբերյալ։ Իսկ ժողովրդավարությունն այնպիսի երեւույթ է, որ միշտ կարելի է կատարելագործել»։ Թերի Դեւիսը հնարավոր է այցելի նաեւ Ղարաբաղ. «ինձ հողը կամ տարածքը ֆիզիկապես տեսնել պետք չէ, որ կարողանամ կարծիք կազմել, դրա համար կարող եմ մարդկանց հետ զրուցել։ Մենք հրավիրել էինք ԼՂՀ վարչակազմի ներկայացուցիչներին, բայց նրանք չկարողացան գալ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել