Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐԱԿԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԴԵՐ ՉԽԱՂԱՑԻՆ

Ապրիլ 19,2003 00:00

ՈՐԱԿԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԴԵՐ ՉԽԱՂԱՑԻՆ ՍԴ եզրակացությունը ՀՀ նախագահի էքսթեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումի կապակցությամբ, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, որին երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Դատական պրակտիկայում նախադեպ է, երբ մեկնաբանվում է դատարանի կայացրած որոշումը կամ վճիռը։ «Մենք հավանաբար առիթ տվեցինք այդպիսի մեկնաբանությունների»,- խոստովանեց ՍԴ նախագահը, որը մեկնաբանությունները բաժանեց երկու խմբի. լրագրողներ- քաղաքական գործիչների եւ պաշտոնատար անձանց։ Վերջիններիս համար ՍԴ նախագահը նկատեց, որ որոշման ամբողջական տեքստը ձեռքի տակ չունենալով (որոշումը պաշտոնապես այսօր է ստորագրվել), բանավոր լսելով, մամուլի վերծանված տեքստերին ծանոթանալով, մեկնաբանություններ են արել։ Արդյունքում, ՀՀ գլխավոր դատախազության հայտնի մեկնաբանությունները, որոնք ՍԴ նախագահի գնահատմամբ, ինչ-ինչ թյուրիմացության արդյունք էին: Պրն Հարությունյանը բնավ չէր գտնում, որ ՍԴ-ն դուրս է եկել իր լիազորության շրջանակներից։ «Ես ուզում եմ միարժեք շեշտել, միանշանակ ասել, որ Սահմանադրական դատարանը, քննության առնելով այդ վեճը, անփոփոխ թողեց ԿԸՀ-ի մարտի 11-ի որոշումը»,- այսօր հայտարարեց ՀՀ ՍԴ նախագահը՝ մեկ անգամ էլ հավաստելով, թե դա «միանշանակ ենթադրում է, որ Սահմանադրական դատարանը մերժել է դիմամումատուի խնդրանքը արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ»: Գ. Հարությունյանը, խոսելով գործի առանձնահատկությունների մասին, նկատեց, որ «գործնականում բողոքարկվում էր ոչ միայն ակտիվ իրավունքի խախտման, այլ պասիվ իրավունքի (ընտրվելու իրավունքի) հիմնահարցը։ Դիմող կողմը փաստաթղթեր ներկայացրեց, ոչ թե քանակական հիմնավորումներով, այլ շեշտը դրվում էր խախտումների որակական գնահատականների վրա»։ Խորհրդակցելով նաեւ եվրոպական փորձագետների հետ, Գ. Հարությունյանը հայտնեց, որ հետաքրքրվել են, թե ինչպես առանձնացնեն որակական բնույթի խախտումները եւ կեղծիքները, ինչպես տարանջատել քանակական գործոնները որակականից եւ ինչպես ճշտել ազդեցությունը ձայների տարբերության վրա։ ՍԴ նախագահը տեղեկացրեց, որ նախորդ վեճերի լուծման ժամանակ գործնականում այնպիսի սրությամբ չեն հարցադրումներն ի հայտ եկել։ Նա մասնավորապես անդրադարձավ վերահսկողական ֆունկցիաներին, երբ ստուգումներ անցկացնելու պահանջ էր դրվել։ ՍԴ-ի համար հետաքրքիր էր նաեւ իմանալ, թե ինչպիսին են գնահատականները, երբ, մասնավորապես, դիմողը գտնում էր, որ ցանկացած վստահված անձ, ցանկացած պարագայում, ցանկացած քանակությամբ կարող է ստուգումներ անցկացնելու պահանջ ներկայացնել եւ մոտեցումն էլ այն էր, որ այս դեպքում մեկ վստահված անձի պահանջով հանրապետության բոլոր ցուցակները պետք է նայվեր… «Բացահայտվեցին խախտումներ, որոնք իրենց բնույթով եւ դրսեւորումներով այնպիսին էին, որ անտարբեր անցնել դարձյալ հնարավոր չէր»,- շարունակեց նա, համեմատելով 2 ամփոփիչ արձանագրություններ միմյանց հետ, երբ մեկը պատշաճ լինելով մի արդյունք էր վավերացրել, մյուսը, նույն անդամներով, ստորագրություններով, կնիքով՝ բոլորովին այլ արդյունք։ ՍԴ եզրակացության մեջ երկու կետ արժանացան տարաբնույթ մեկնաբանությունների՝ վստահության հանրաքվեի եւ ԼՂՀ-ին վերաբերող։ Գ. Հարությունյանը տեղեկացրեց, որ ըստ Լեհաստանի Սահմանադրական տրիբունալի, տարվա մեջ մեկ անգամ տրիբունալը երկրի նախագահին եւ պառլամենտին առաջարկություններ է ներկայացնում երկրում սահմանադրական օրինականության եւ դրա պահպանման ճանապարհի վերաբերյալ։ Այդ առաջարկը իրավական հետեւանք չի առաջացնում։ Ընդ որում, դա միտված է հասարակական դիմակայության վերացմանը, ինչը կարող է հաղթահարվել թե՛ ընտրությունների արդյունքներով, թե՛ սահմանադրական հանրաքվեի արդյունքներով։ Ինչ վերաբերում է դիմումատուի առաջ քաշած ԼՂՀ-ում ընտրատեղամասեր ունենալու առաջարկի կապակցությամբ ՍԴ գնահատականին, նախագահը բառացիորեն ասաց հետեւյալը. «Քանի որ գնում է որոշակի բանակցային գործընթաց որոշակիացնել ՍԴ որոշումը, որը ոչ միայն մեր քաղաքական ուժերի, խորհրդարանականների եւ լրագրողների քննարկման առարկան է, այլ խոշորացույցով ուսումնասիրվելու է տասնյակ երկրներում, միջազգային կառույցներում, հստակ նշեցինք, որ այսօր ԼՂՀ-ն ունի իրավական կարգավիճակ։ ԼՂՀ-ն Հայաստանից ավելի շուտ է հանրաքվեով իրեն անկախ հռչակել, մենք ճանաչե՞լ ենք այդ կարգավիճակը պաշտոնապես՝ չենք ճանաչել։ Դիմումատուի խոսքը վերաբերում է ընտրատարածքներին։ Գնում է լուրջ քաղաքական լուծումներ փնտրելու ճանապարհ»։ Գ. Հարությունյանը հայտնեց նաեւ, որ Սահմանադրական դատարանը իրավունք չուներ դատախազությանը չներկայացնել նյութեր, քանի որ իրենք չէին կարող փորձաքննություն նշանակել։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել