Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽԵ՞Լ, ԹԵ՞ ՉՓՈԽԵԼ

Ապրիլ 22,2003 00:00

ՓՈԽԵ՞Լ, ԹԵ՞ ՉՓՈԽԵԼ Այս չէ խնդիրը Հատկապես, երբ խոսքը սահմանադրական փոփոխությունների մասին է։ Ինչո՞ւ։ Մեծ գաղտնիք չէ, որ Սահմանադրությունը, ըստ էության, այն փաստաթուղթն է, որն ունի ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական, մշակութային մեծ, կառուցվածքաստեղծ նշանակություն։ Սա՝ ըստ էության, իսկ երբ սկսվում է հրապարակավ քննարկվել Սահմանադրությունը բարեփոխելու, նոր որակի հանելու անհրաժեշտությունը, ակամա ենթադրում ես, որ գործողը, իր թերություններով եւ առավելություններով հանդերձ, լիարժեք իրացվել եւ ընկալվել է պետության, քաղաքական ուժերի, մտավորականների եւ հանրության կողմից։ 2003թ. նախընտրական, ընտրական եւ հետընտրական գործընթացները բավական պերճախոս ցույց տվեցին, որ «Սահմանադրության էությունը» դեռ բավական տկար է «անցումային-ազգային մենթալիտետի» հետ ոտք գցելու համար։ Հետեւաբար, անհասկանալի է, թե մեր փոքրիկ Հայաստանում որ սոցիալական շերտի կամ կորպորատիվ խմբավորման մոտ է առաջացել Սահմանադրության բարեփոխման օբյեկտիվ, բնական անհրաժեշտություն։ Հասարակության լայն շերտերը օտարված են այս գործընթացից, մտավորականությունը եւ պետությունը առայսօր չեն հասունացել սեփական ապահարզանի համար, մեկը գովերգում է, մյուսը՝ սնուցում։ Իսկ քաղաքական ուժե՞րը։ Ընդդիմությունը պնդում է, որ նախագահի լիազորությունները նոր Սահմանադրությամբ ընդլայնվում են, իշխանությունը՝ ճիշտ հակառակը։ Մի կողմ թողնենք, թե իրավական տեսակետից որ կողմն է ճիշտ (գուցե եւ երկուսն էլ)։ Երբ Սահմանադրությունը դառնում է ընդդիմության եւ իշխանության քաղաքական (եւ ոչ միայն) վեճի առարկա, երբ, իշխանությունների խոստովանմամբ, վերջիններիս եւ հանրության միջեւ կա խոր անջրպետ, երբ սոցիալական դժգոհությունը ստվերել է բոլոր բարոյական եւ մնացած արժեքները, որքա՞ն նպատակահարմար է հանրային հարաբերությունների այս փուլում անցկացնել թեկուզ եւ բարեփոխումներ։ Ակնհայտ է, որ բարեփոխված Սահմանադրությունը չի կարող շրջանցել անվստահության եւ թերարժեքության բարդույթը։ Ի՞նչ կտա մեզ հերթական բարեփոխված, չընկալված Սահմանադրությունը։ Շատ քաղաքական վերլուծաբաններ, գործիչներ գտնում են, որ մեր պետության խնդիրներից մեկն էլ իշխանության թեւերի քաղաքական կշռի առումով անհավասարաչափությունն է, եւ նոր Սահմանադրության մեջ հստակեցվում է իշխանական թեւերի տարանջատումը եւ առավել մեծանում փոխադարձ զսպումների, հավասարակշռումների էֆեկտիվությունը։ Իհարկե, սա դրական է։ Բայց։ Որոշ պատգամավորներ Ազգային ժողովում նոր Սահմանադրության հարցի քննարկման ժամանակ «գրոհելով» Արմեն Հարությունյանին եւ Տիգրան Թորոսյանին, հարցադրում էին, եթե մեծանում է խորհրդարանի դերը, նվազում է նախագահինը, եւ երբ ընտրվում է նախագահ իր ծրագրով ու պետության զարգացման սեփական պատկերացմամբ, իսկ մյուս կողմից ընտրվում է խորհրդարանական մեծամասնություն սեփական պլաններով, արդյո՞ք մեր պետությունը չի կանգնի նոր քաղաքական ճգնաժամի առջեւ։ Քաղաքակիրթ աշխարհում այս դեպքերի համար գոյություն ունի քաղաքական կոմպրոմիսի լուրջ մշակույթ։ Կոմպրոմիսը Հայաստանում դեռեւս հավասարազոր է դավաճանության եւ խորթ «անցումային-ազգային մենթալիտետին»։ Եվ իրոք, բացառված չէ, որ իշխանության թեւերի հավասարակշռումը դառնա քաղաքական ճգնաժամերի նոր պատճառ կամ առիթ, եւ դեռեւս վաղ է նախագահական ինստիտուտը իր բոլոր թերություններով հանդերձ հավասարակշռել։ Բարեփոխված Սահմանադրության մեջ ամենաէական նորմերից մեկն էլ, ի տարբերություն գործողի, երկքաղաքացիության վետոյի վերացումն է։ Եթե երկքաղաքացիությունը լինելու է սիմվոլիկ, եւ սփյուռքահայերը ոչինչ չասող ու չտվող փաստաթուղթ են ունենալու «համազգային համերաշխության» գերազգային տրամաբանությամբ, ապա առնվազն անլուրջ է եւ անիմաստ։ Եթե վերջիններս պետք է ռեալ հնարավորություն ունենան ազդել մեր պետության քաղաքական որոշումների վրա՝ պետության զարգացումն ուղղորդելով այս կամ այն հունով, ապա անհասկանալի է, թե որ մեխանիզմով Լոս Անջելեսում, Աթենքում կամ Մոսկվայում բնակվող Հայաստանի նորաթուխ քաղաքացիները պետք է պատասխանատվություն կրեն իրենց կայացրած որոշումների համար եւ ընդհանրապես բնության մեջ գոյություն ունե՞ն նման մեխանիզմներ։ Թե չէ մի գեղեցիկ օր նախագահ կընտրվի կամ ամերիկահայերի մշակութային կուռք Արամ Ասատրյանը, կամ էլ պարսկահայերի՝ Լորիս Ճգնավորյանը։ Կդիմանա՞ մեր «ազգային մենթալիտետը» նման փորձությունների, դժվար է ասել։ ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ Քաղաքական մեկնաբան,ՀՔԴՄ «Ալիք» հասարակական-քաղաքական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել