Լրահոս
Օրվա լրահոսը

2-րդ կամ 3-րդ «սորտի» դատավորների համար

Ապրիլ 22,2003 00:00

2-րդ կամ 3-րդ «սորտի» դատավորների համար Սահմանադրական դատարանի ապրիլի 16-ին ընդունած որոշումը դեռ շատ ջուր կվերցնի։ Ոչ միայն այն հանձնարարականի համար, որը տրվեց ՀՀ գլխավոր դատախազությանը «համալիր քննություն» կազմակերպելու եւ մինչեւ մայիսի 20-ը արդյունքների մասին ՍԴ-ին տեղյակ պահելու մասով, այլեւ նախադեպի առումով, երբ դատավորը մեկնաբանում է կամ պարզաբանում իրենց կայացրած վճիռը կամ որոշումը։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ կլիներ, եթե առաջին ատյանի, վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների դատավորները իրենց ամեն վճռի կամ դատավճռի կապակցությամբ ասուլիս հրավիրեն եւ բացատրեն, թե ինչու է այս կամ այն կետը տեղ գտել վճռում։ «Այն, որ օրենքի կիրառումը անհնար է առանց դրա պարզաբանման, ակնհայտ է, իսկ այն, որ օրենքը պետք է պարզաբանվի բոլոր այն դեպքերում, երբ կիրառվում է, նույնպես ակնհայտ է։ Բայց այս ակնհայտության պայմաններում այսօր օրենքի պարզաբանում վերապահվում է որոշակի «աստվածածին դատավորների», իսկ 2-րդ եւ 3-րդ «սորտի» դատավորներն իրավունք չունեն այն պարզաբանելու»,- գրել է վճռաբեկ դատարանի Քրեական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը դատավորների կարգավիճակին նվիրված իր աշխատությունում։ Նա խոսել էր ընդամենը օրենքի մեկնաբանման մասին, մտքով իսկ չանցկացնելով, որ «աստվածածին դատավորները», այսինքն՝ ՍԴ անդամները, կմեկնաբանեն նաեւ իրենց իսկ որոշումը։ «2-րդ կամ 3-րդ սորտի» դատավորներին էլ՝ այսինքն ընդհանուր իրավասության դատարանների, տեղ չեն տա… խոսելու։ Չգիտես ինչու, քաղաքական ենթատեքստ գտնվեց որոշման միայն ղարաբաղյան կարգավորման եւ «վստահության հանրաքվեի» մասով։ Մինչդեռ դուրս մնաց մի շատ կարեւոր հատված. «Փաստելով, որ սահմանադրական ժողովրդավարության դեռեւս անկատար համակարգի ներկա պայմաններում պետության ճակատագրի համար վճռորոշ նշանակություն ունեցող ընտրական վեճն ունի նաեւ անվստահության եւ անհանդուրժողականության վրա խարսխված խոր հասարակական-քաղաքական ենթատեքստ, մեծ կարեւորություն տալով հանրաքվեների եւ ժողովրդական հարցումների դերին, որպես անմիջական ժողովրդավարության եւ ժողովրդաիշխանության իրականացման, պետության համար հատուկ կարեւորություն ունեցող հարցերի լուծման, հասարակական վստահության առանձնահատուկ նշանակություն ունեցող ձեւ… ընտրել վստահության հանրաքվեի կազմակերպումը»։ Ս. Դեմիրճյանը պահանջել էր ՀՀ նախագահական ընտրությունների թե 1-ին, թե 2-րդ փուլի արդյունքներն անվավեր ճանաչել եւ ՍԴ-ին չէր դիմել «հասարակական-քաղաքական ենթատեքստ ունեցող» վեճի լուծումը հանրաքվեի առաջարկով փոխարինելու հարցով։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել