Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԲԱՌԵՐ

Ապրիլ 25,2003 00:00

ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԲԱՌԵՐ Ազգային ժողովի մայիսյան ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու են 4 դաշինք, 14 կուսակցություն, 2 հասարակական-քաղաքական կազմակերպություն եւ 1 միություն։ Ընդհանուր թվով դրանք 21-ն են՝ իրենց հին ու նոր անվանակոչություններով։ Փորձենք տեսնել, թե ո՞ր բառին են լծված համամասնականները եւ կամ որ բառն է առաջնային։ Պատկերն այսպիսին է. «Հայաստան» բառը օգտագործվել է 6-ի՝ ժողովրդավարական-ազատական, կոմունիստական, հանրապետական, նորացված կոմունիստական, ռամկավար-ազատական, քրիստոնեա- դեմոկրատական կուսակցությունների համար։ 2 կուսակցություններում շեշտվել է. մի դեպքում «օրենք» բառը, մի դեպքում՝ «օրինաց»։ «Հայ» բառով են սկսվում ավանդական՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ նորացված ավանդականը՝ «Հայ արիների բռունցքը»։ Ունենք 3 բնույթի «ազատականներ»՝ ազատական դաշինք, ժողովրդավարական-ազատական միություն եւ ռամկավար-ազատական կուսակցություն։ 2 «հայրենիք» ունենք՝ «Արժանապատվություն, ժողովրդավարություն, Հայրենիք» դաշինքն ու «Հզոր Հայրենիքը»։ «Ազգային» բառն օգտագործվել է այս դեպքում 2 անգամ, «կպչելով» «Համաձայնություն» եւ «Միաբանություն» կուսակցություններին։ 2 անգամ է «արդարության» քաղց զգացվել, մի դեպքում առաջնային դառնալով դաշինքի համար, մի դեպքում՝ նորահայտ հ/կ կազմակերպության։ «Միաբանություն, համաձայնություն, միասնություն, միավորված» բառերը հանդիպում են 4 անգամ։ Կան 2 «աշխատանքային» թեքում ունեցողներ։ «Համազգային» բառն առկա է 1 կուսակցության դեպքում՝ «Շարժման», ինչպես «հեղափոխական» բառը «դաշնակցության»։ «Ժողովրդավարություն» եւ «ժողովրդավարական» բառերն ուղեկցում են 1 դաշինքի եւ 1 միության։ «Երկիր» բառը առկա է 1 դեպքում։ Բացառիկը թերեւս դաշինքներից մեկն է. «Արդյունաբերողների եւ կանանց», որով, հավանաբար, ակնարկվում է, որ բացի արիներից, հեղափոխականներից, ազատականներից ու նորացվածներից, կան կանայք։ Բացի նրանցից, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող 21 դաշինք-կուսակցություններից մեկ կին է գլխավորում ցուցակը։ Եվ պատահական չէ, որ նրա գլխավորած դաշինքն էլ սկսվում է «արժանապատվություն» բառով, որն օգտագործվել է մեկ եւ վերջին անգամ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել