Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՏՈ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ

Ապրիլ 26,2003 00:00

ԳԵՏՈ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ Օրինականության վերջին հնարավորությունը «Բանտը չի կարող նույնանալ պետականությանը… գետոն եւ պետականությունն անհամատեղելի են… գետոն եւ հայրենասիրությունն անհամատեղելի են», 1998 թվականի նախագահական ընտրություններից հետո մի շարք հոդվածներում շեշտադրում էր վաղամեռիկ քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը։ Հավանաբար, պետության եւ պետականության մասին նրա պատկերացումներն էին այդքան տարբերվում ժամանակակից հայ պետականակերտիչների պատկերացումներից, որովհետեւ անցած հինգ տարիներն ապացուցեցին միանգամայն հակառակը. գետոն եւ պետականությունը ոչ միայն համատեղելի են, այլեւ սպառնում են իրականություն դառնալ, եթե արդեն չեն դարձել։ Փոքր-ինչ այլ է «գետո-հայրենասիրություն» համատեղելիության պարագան, եւ որքան որ երկուսն էլ հավասար քարոզչություն են պահանջում, սակայն հնարավոր չէ գետոն հայրենասիրությամբ արդարացնել, ինչպես հնարավոր չէ ազգայնամոլությունն արդարացնել ազգասիրությամբ, քանի որ մեկի հաստատումը մյուսի հերքումն է։ Ինչեւէ։ Երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի 99-ի Ազգային ժողովի ընտրություններում օրինական ճանապարհով մեծամասնություն կազմելու միասնական ջանքերը տարիների հեռվից կարելի է դիտարկել որպես 98-ի նախագահական ընտրությունների կեղծ արդյունքները սրբագրելու վերջին հնարավորություն, ապօրինականությունն օրինական ԱԺ-ի ձեւավորման միջոցով հավասարակշռելու փորձ։ Համանման իրավիճակ է ստեղծվել 2003 թ. նախագահական ընտրություններից հետո։ Դրանք դարձյալ սրբագրման կարիք ունեն եւ զարմանալի չէ, որ նման պահանջներ են դնում Եվրախորհրդի կառույցները, եւ չնայած ընտրություններին տրված իրենց բացասական գնահատականներին, ակնկալում են ժողովրդավարական չափանիշների պահպանում։ Եվ խնդիրը միայն նրանց պահանջները չեն, այլ պետությունը գետոյականության հեռանկարից փրկելու հրամայականը, որպեսզի Հայաստանում իշխանության գոնե մի թեւը՝ օրենսդիրը օրինական լինի։ Որովհետեւ այս նախագահական ընտրություններից հետո երկրում միակ լեգիտիմ իշխանությունը մնացել է Առաքելական եկեղեցին, այն էլ այնքան հիմնովին է բաժանված պետությունից, որ իշխանություն չունի, ավելին՝ կամաց-կամաց վերածվում է պետականության սին պատրանքների սպասարկուի։ Սակայն ստեղծված կացության հիմնական մեղավորը՝ գործող նախագահը, կարծես թե բռնած ուղուց շեղվելու ոչ մի ցանկություն չունի։ Ուսանողների հետ վերջին հանդիպման ժամանակ նրա արծարծած մտքերի հիմնական առանցքը վերաբերում էր մայիսի 25-ի ԱԺ ընտրություններին եւ դատելով պահվածքից՝ ամենեւին չի պատրաստվում ընկրկել՝ ուղղակիորեն հրահանգելով խորհրդարանի կազմի մասին իր նկատառումներն իբր սեփական ծրագրի իրագործման գրավական։ Մտքերի մյուս պարունակը ուղղված էր ՍԴ-ի ապրիլի 16-ի որոշմանը, որի առիթով չբավարարվելով մինչ այդ անվստահություն սերմանելու իր քարոզչամիջոցների տարածած հաղորդագրություններով, վստահաբար վերարժեքավորեց այն, բացառելով, որ վերջինս կարող է լինել իր խորհրդականների ինստիտուտի մեջ, կարծես թե շատ բնական կլիներ, որ այդպես լիներ, ինչով օրենքից դուրս հայտարարվեց նաեւ երկրի բարձրագույն ատյանի գոյությունը։ (Քոչարյանի վարքի մասին առանձին վերլուծաբանների համար հատուկ նշենք, որ սկսած 97-ից երկրի գերագույն օրենքը պարբերաբար գործով խախտող գործիչը ոչ մի անգամ մերժումը չէր հաստատել խոսքով եւ բացահայտ քամահրանքը արդեն ձեռնոց նետել չէ, որ ասպետականության օրենքներով չի կարելի չվերցնել, այլ մարտահրավեր, որի ընդունումը ասպետականության բոլոր օրենքներից դուրս է։ Որովհետեւ, եթե այն ընդունենք, կնշանակի խաղալ իր իսկ սահմանած խաղի կանոններով, որտեղ հաղթանակի հասնելու կեղծիքը համարժեք է հակառակորդի կեղծելու ունակությանը։ Այդ իմաստով Քոչարյան- Դեմիրճյան թեժացող հակամարտությունը հասարակություն-պետություն հարթություն տեղափոխելով, կամ մերժում ենք հասարակության ընտրության իրավունքը, կամ ընդունում ենք պետությունը առանց ընտրության իրավունքի)։ Սահմանադրական դատարանը, ըստ էության, քաղաքականապես հետադարձ օրինականության խնդիր է դնում։ Իրավաբանորեն, իհարկե, Արմեն եւ Դավիթ Հարությունյաններով ՀՀ-ում օրինականություն հաստատելը դժվար է, որովհետեւ, ժողովրդական լեզվով ասած, անշուն գյուղ մտնելը բացարձակապես ձեռնտու է իշխանություններին։ Միջանկյալ ասեմ, որ հայոց իրավաբանական լեզվի թռուցիկ քննությունը ցույց է տալիս, որ հայ մտքի ֆրուստրացիոն (պատրանքային) ընդունակությունները գերազանցում են նրա իրական հնարավորություններին, սակայն չունեցած հնարավորությունները ոչնչացնում են ցանկացած իրավաբանական միտք։ Նախատեսված դավադրություն Ազգային ժողովի ընտրություններում ներքաշված բոլոր քաղաքական ուժերը, բնականաբար, մեծ ախորժակ ունեն։ Սակայն որոշ կուսակցությունների ախորժակը մարսված նախագահական ընտրություններից հետո ավելի է բացվել։ Հարկ կա ապացուցելու ոչ միայն հավատարմությունը, այլեւ, որ ոչ ոք հենց այնպես նախագահ չի դառնում, առավել եւս նա, ով ընտրված չէ։ Անօրինականություններում ոչ մի մեղսակցություն հասարակության առաջ չընդունելով, ամենամեծ ախորժակը իրենց են վերապահում հանրապետականները եւ ՀՅԴ-ն։ Առերեւույթ թվում է, թե ամենամեծ ճակատամարտը ընթանալու է հենց այդ կուսակցությունների միջեւ։ Որպեսզի հակամարտությունը ավելի առարկայական թվա, միեւնույն ընտրատեղամասերում մրցակցության մեջ են նետված նշված կուսակցությունների անդամները։ Այդ մասին են ազդարարում ինչպես ընդդիմությանն օժանդակող լրատվամիջոցները, այնպես էլ իշխանամետները եւ զարմանալիորեն վերջիններս ավելի համառորեն։ Թվում է, ինչ կա որ, ամեն ինչ տեղավորվում է քաղաքական պայքարի համատեքստում, մոռանալով, որ ամեն ինչ կարող էր բնական լինել ցանկացած երկրի, բայց ոչ Հայաստանի համար։ Որովհետեւ թռուցիկ հայացքն իսկ ԱԺ ընտրություններում առաջադրված ցուցակներին փաստում է, որ յուրաքանչյուր կուսակցություն ունի իր երաշխավորը, որը հարյուր տոկոսով կարող է երաշխավորել այդ կուսակցությունների սահմանազանցության իրավունքը։ Հանրապետականների համար դա Սերժ Սարգսյանն է, Դաշնակցության համար՝ Արտաշես Թումանյանը եւ Հրանտ Վարդանյանը, ՀԺԱՄ-ի համար՝ Հարություն Փամբուկյանը, ՀՌԱԿ-ի համար՝ Գագիկ Աբրահամյանը եւ այդպես շարունակ։ Եվ այդ բոլորի միակ կապող օղակը Քոչարյանն է։ Մի խոսքով, հնարավոր են նաեւ անձնական հակադրություններ, որոնք լուծելի են բարձր օղակներում։ Եվ ամենակարեւորը, որ այս ընտրություններում ամենամեծ ախորժակ ունեցող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, սանձահարվում է Սերժ Սարգսյանի երաշխավորությամբ, որպեսզի, Աստված չանի, հանկարծ Անդրանիկ Մարգարյանի մտքով թագավորություն չանցնի։ Այնպես որ, եթե պետությունը անհամատեղելի է գետոյի օրենքներին, միշտ էլ հնարավոր է գետոն արդարացնել հանուն պետականության։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել