Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրապայքարը քաղաքական դրոշի տակ է, բայց…»

Ապրիլ 26,2003 00:00

«Ընտրապայքարը քաղաքական դրոշի տակ է, բայց…» Ապագա խորհրդարանի բնութագիրը ներկայացնում է սոցիոլոգիայի պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը – Տիկին Հարությունյան, ի՞նչ նոր երեւույթներով է առանձնանում առաջիկա խորհրդարանական ընտրությունը: – Նոր երեւույթներն արդեն տեսանելի են: Առաջինը՝ խորհրդարանական ընտրություններն անցնում են քաղաքական լուրջ պայքարի դրոշի տակ, սակայն պայքարը քաղաքական չէ: Տնտեսական գործոնը, դրամն ահռելի դեր են խաղում: Ընտրությունների առեւտուրի փաստն է առկա: Ժողովուրդը լավ հասկանում է, ինչ է տեղի ունենում, բայց այսօր որոշակի կրիտիկական մասսա գոյություն ունի, որը որակ է հաղորդում: Այլ բան է, որ պատահականությունների մասին ենք խոսում, ուրիշ բան՝ որ խոսում ենք արդեն կարծրացած ձեւեր ստացած երեւույթի մասին: Այդ առումով ընտրությունների կոմերցիզացիա բառն արդեն տեղին է եւ պետք է ասել, որ դա շատ վտանգավոր միտում է: Երկրորդ երեւույթը, որ անմիջական կապ ունի ասվածի հետ՝ գործարար աշխարհի շռնդալից մուտքն է խորհրդարան: Եթե նախկինում գործարար աշխարհը հանդես էր գալիս որպես քաղաքական ուժերի մաս միայն, այսօր քաղաքական ուժերն են դարձել գործարար աշխարհի մասը: Կարծում եմ, միանշանակ գնահատականները տեղին չեն այստեղ: Տարբեր սցենարներ են հնարավոր, որից առաջինը հետեւյալն է՝ հայ ազգային բուրժուազիան է աճում, որը օրենքների կարիք ունի: Հայաստանի օրենսդրությունն ամենալիբերալն է, սակայն իրականում դրանք չեն աշխատում եւ գործարարներն իրենց մաշկի վրա են զգում օրենքների չաշխատելու հանգամանքը: Շատ կուզենային զբաղվել օրենսդրական գործունեությամբ, որ ստիպեին օրենքներին աշխատել: Այստեղ նույնպես մի քանի տարբերակներ կարող են լինել: Տարբերակներից մեկը հետեւյալն է. եթե գործարարը գնում է խորհրդարան իր սեփականությունը պաշտպանելու համար, նշանակում է մենք անվտանգության խաթարվածություն ունենք: Օրենսդիր մարմինը, որը շատ կարեւոր է երկրի զարգացման, ժողովրդի շահերը ներկայացնելու համար, դառնում է ընդամենն իրենց անձի եւ սեփականության մասին մտածողների պատսպարվելու վայր: Դրան վերջ տալու համար բազմիցս առաջարկվել է՝ առավելություններ չտալ ԱԺ պատգամավորին: Առաջին տարբերակը իրավունք չունի գոյություն ունենալու: Տարբերակ երկրորդ. գնում են ԱԺ՝ ստիպելու, որ օրենքներն աշխատեն, եւ օրենքներն աշխատելու երաշխիքներ ապահովելու համար: Այս տարբերակը հարգում եմ եւ տեսնում եմ այս տարբերակի ապագան: Եթե նա գնում է ստիպելու, որ օրենսդրությունը աշխատի՝ շատ լավ է, բայց իմ խորին համոզմամբ, գործարարները դա չեն կարող անել: Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ, մասնագետ օրենսդրի հետ աշխատեն, որպեսզի արդյունքի հասնեն: Մի տարբերակ, որ գործարարի ուժը, կամքը եւ գիտակցությունը գումարվում է պրոֆեսիոնալ օրենսդրի, մտավորականի շնորհքի եւ մտածելակերպի հետ եւ մենք ստանում ենք շատ ուժեղ ԱԺ: Տարբերակ երրորդ. օրենսդիր մարմնում քաղաքական ուժն ու քաղաքական վեճերը չեն դառնում մրցակից, քաղաքական ուղղությունների ու գաղափարների մրցակցությունը չի դառնում որոշիչ՝ այլ սեփական անձնական շահերը, որոնք եթե մեծամասնություն կազմեն ԱԺ-ում, ապա կունենանք ոչ քաղաքական էլեմենտի գերակշռում, ոչ քաղաքական պայքարի գերակշռում, ոչ քաղաքական նպատակի գերակշռում եւ ԱԺ-ն իր դերն ընդհանրապես կկորցնի: Այսպիսով, նայելով ապագային՝ կուզենայի այսօր մատնանշել միայն վտանգները եւ մատնանշել այն տարբերակը, որը մեզ կարող է գոհացնել ներկայումս: Դա արդյունավետ օրենսդրական աշխատանքի տարբերակն է, որի բաղկացուցիչ մասերն են՝ առաջադեմ տնտեսական էլիտան, ներդնողները, որոնք շահեր ունեն, մտավորականները, քաղաքական գործիչները, օրենսդիրները: Այս բոլորը միասին կարող են տալ շատ արդյունավետ ԱԺ: – Տիկին Հարությունյան, ասացիք, որ գործարարները գնում են խորհրդարան՝ իրենց սեփականությունը պաշտպանելու համար, բայց գործարարների այն մասն է գնում խորհրդարան, որն առավելագույնս ունի այդ արտոնությունները: – Այստեղ ես մի քանի պատճառ եմ տեսնում: Առաջինը՝ նրանք իրենց արտոնություններն են ուզում պահպանել: Երկրորդը՝ մտել են տնտեսական գերէլիտայի մեջ եւ ուզում են այնտեղ մնալ: Երրորդը՝ նրանք դեռ չեն վստահում լոբբիստներին, որոնք ներկայացնեն իրենց շահերը: Ուզում են անձամբ ղեկի մոտ լինել, անձամբ վերահսկել, անձամբ հարաբերությունների մեջ լինել: Այսինքն, Հայաստանում տեղի չի ունեցել գործարար էլիտայի տարանջատումը քաղաքական էլիտայից, ինչը շատ ցանկալի է: Գործարար էլիտան չպետք է նախընտրի մտնել քաղաքական էլիտայի մեջ, որովհետեւ զարգացած երկրներում նրանք իրենց վեր են դասում քաղաքական էլիտայից՝ նրանք վարձում են քաղաքական էլիտա: Մեր երկրում, որովհետեւ օլիգարխները նոր են, այլ ձեւով են հասել հարստության, նրանք չեն վստահում, չեն կարողանում իրենց պահել իբրեւ էլիտա: Նրանք ուզում են լինել ամեն տեղ եւ ամեն ինչ: ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել