Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԿԱՆՆԵՐ, ՆՈՐԱՑՎԱԾՆԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄՆԵՐ

Ապրիլ 30,2003 00:00

ԴԱՍԱԿԱՆՆԵՐ, ՆՈՐԱՑՎԱԾՆԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄՆԵՐ Չկայացած դաշինքի հետքերով «Մենք շատ կցանկանայինք 3-4 կոմկուսներով գնալ ընտրությունների, սակայն նրանցից 2-ը գնում են իրենց դրոշով, մենք՝ դաշինքով: Ընտրությունների շեմին ամեն մի կուսակցություն փորձում է միայնակ գնալ, որպեսզի ինքը մենակ իր գաղափարներով ներկայացված լինի: Սա նախընտրական տակտիկա է»,- ասում է ՀԱՄԿԿ նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ ավելացնելով, որ կոմունիստների հետ ԱԺ ընտրություններին ձախ հայրենասիրական ուժերի դաշինքով մասնակցելու իր նախաձեռնությունը կոմունիստական մյուս կուսակցությունների կողմից աջակցություն չի ստացել: «Դաշինքային թուղթը պատրաստ էր ստորագրության, սակայն վերջին պահին Կոմկուսը չստորագրեց եւ միացավ «16»-ի դաշինքին: Մենք կարող ենք համախմբվել ընդհանուր գաղափարախոսության շուրջ ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի, այլ հանուն ինչ-որ բանի»,- հայտարարեց Վ. Սաֆարյանը: Սակայն ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանն ասաց, որ նման «պատմություններով» Վ. Սաֆարյանը ցանկանում է մոլորության մեջ գցել հասարակությանը, ինչի մասին պրն Դարբինյանն անպայման մեծ հոդվածով հանդես կգա իրենց թերթում. «Այդ մարդիկ եւ Նորացված կոմունիստները վտարված են մեր կուսակցությունից իրենց հավատափոխության համար. հիմա ի՞նչ է նշանակում՝ դաշինք: Նրանք Լենինի, Մարքսի, Էնգելսի դիրքերից չեն՝ առաջադեմ են, նորացված են: Դաշինքները ստեղծվում են գաղափարական հենքի վրա»,- նշեց Վ. Դարբինյանը՝ ավելացնելով, թե իրենք ընդդիմադիր են ու մերժում են կապիտալիզացիայի ուղին: Իսկ Նորացված կոմկուսի առաջնորդ Յուրա Մանուկյանը նշեց, որ անցած տարի իրենք դաշինք կազմելու պատրաստակամություն էին հայտնել, ինչին, սակայն, ոչ ոք, ըստ նրա, «ռեակցիա չտվեց»: Նման անտարբերության արժանանալով, ըստ Յ. Մանուկյանի, իրենք կուսակցության պլենումով որոշել են առանձին մասնակցել ընտրություններին. «Սաֆարյանի ասածները ճշմարտությանը մոտ չեն: Մեր նպատակը միավորված ու միասնական գնալն էր, անկախ նրանից, թե ով կլինի, ովքեր կհամախմբվեն»: Անդրադառնալով Վ. Դարբինյանի հայտարարությանը, թե դաշինքները գաղափարական հենքի վրա են ստեղծվում, ինչը բացակայում է «նորացվածների» եւ «առաջադեմների» մոտ, Յ. Մանուկյանը հակադարձեց. «Անբարոյականություն է մեր մեջ այդ հենքը չտեսնելը: Երբ մենք հայտարարեցինք, որ ուզում ենք միություն ստեղծել, Դարբինյանն ասաց՝ միություն ստեղծելը սուրբ գործ է, բայց Մանուկյանը ստոր նպատակներ է հետապնդում: Նա ասում է՝ միությունը սուտ ու կեղծ է, որովհետեւ իրենք դոգմատիկ պահպանողականությունից դուրս չեն գալիս: Դրանց /նկատի ունի ՀԿԿ-ին- Լ. Ս./ տխրահռչակ ղեկավարությունը պետք է հրաժարական տա: Մենք ասում ենք՝ դուք էլ գնացեք, մենք էլ, հերթափոխը երիտասարդներին տանք»: Երիտասարդներ ասելով, սակայն, Յ. Մանուկյանն ամենեւին էլ տարիքային ցենզը նկատի չուներ. «60 տարեկան մարդիկ կան, որոնք շատ ավելի երիտասարդ են, քան իսկական ջահելները: ՀԿԿ-ում երիտասարդներ կան, որոնք հին բոլշեւիզմն իրենց սեփականությունն են դարձրել: Աշխարհի օրենք կա, խաղ, ոչ թե պնդաճակատությամբ իրենցն առաջ տանելը: Դարբինյանն իրենից բացի ոչ մեկին գաղափարական չի համարում, քանի որ նա միայն իրեն է ղեկավար տեսնում: Զուտ անձնական խնդիր է դա, եթե ինչ-որ դաշինք ստեղծվի հօգուտ իրեն, այսինքն՝ ինքը առաջնայինը լինի, ապա նա այսօր էլ դրան համաձայն կլինի»,- վստահեցնում է Դարբինյանի նախկին կուսակիցը: Առաջադեմ կոմունիստների ղեկավար Վ. Սաֆարյանը նորացված կոմունիստներ եւ կոմունիստներ հակադրությունը որակեց որպես «կոմունիստական շարժման մեջ առաջնություն վերցնելու մոլուցք», սակայն, ըստ նրա, դա չէ այն ճանապարհը, որով կարելի է առաջնություն վերցնել: «Կոմունիստական շարժման մեջ առաջնություն կարող են վերցնել նրանք, ովքեր ավելի շրջահայաց կլինեն: Պարզապես որոշ մարդիկ պետք է իրենց անձնական ամբիցիաներից վեր կանգնեն եւ առաջնորդվեն գաղափարներով: Ստեղծված իրավիճակը ոչ բարենպաստ է մեր էլեկտորատի համար, որովհետեւ նրանք տատանվելու են՝ ո՞ւմ տալ նախապատվությունը,- ասաց նա՝ շարունակելով,- ՀԿԿ-ն վաղուց արդեն փոխվել է. դասական ՀԿԿ այլեւս չկա թե այստեղ, թե Ռուսաստանում: Նրանց ծրագրային դրույթներում էլ արդեն ընդունվել է սեփականության բազմակացութաձեւությունը, բազմակուսակցական համակարգը… Այս ամենը եթե ընդունում ես, ուրեմն արդեն զարգացման, էվոլյուցիոն ներազդեցությունների ես ենթարկվել»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել