Լրահոս
Օրվա լրահոսը

Հին սխալները հարյուրապատկվեցին

Մայիս 01,2003 00:00

Հին սխալները հարյուրապատկվեցին «Այնպիսի քաղաքական ուժը, ինչպիսին Հայոց համազգային շարժումն է, իրավունք ունի, ավելին, պարտավորված է, նաեւ՝ հնարավորություն ունի Հայաստանը վերադարձնել այն ուղուն, ինչին հասել էինք 90-ականների կեսերին, երբ մեր երկիրը ժողովրդավարության կղզյակ էր համարվում»,- մեզ հետ զրույցում ընդգծեց ՀՀՇ համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Մանուկյանը։ Ըստ վերջինիս, «Հայաստանում գոյություն ունեցող քաղաքական դաշտը եւ իշխող վարչակազմը խիստ ճգնաժամային վիճակում են»։ Դրան ավելացնելով նախագահական ընտրությունների խիստ բացասական արձագանքները, Ա. Մանուկյանն արձանագրում է, որ «Հայաստանն այլեւս չի դիտվում իբրեւ լուրջ գործընկեր», որովհետեւ «ցանկանում ենք, թե ոչ, ժողովրդավարական ճանապարհն է թիվ մեկ պայմանը, որով մենք կարող ենք միջազգային կառույցներում վարկ ունենալ»։ Երկրորդը, որ ՀՀՇ-ին ստիպում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, ներքաղաքական իրավիճակն է. «Իշխանությունները ոչինչ չեն անում երկրի ներսում հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու համար։ Քաղաքական դաշտը նպատակային բաժանվում է բեկորների, ինչը, դաշտը թուլացնելուց զատ, ժողովրդի աչքին նվաստացնում է քաղաքական ուժերին»։ Ավելին, ըստ պարոն Մանուկյանի, դաշտում հայտնվել է «կեղծ ընդդիմություն» երեւույթը։ «Նախ,- ասում է Ա. Մանուկյանը,- այդ ուժերը լծված էին ընտրակեղծիքներ ապահովելու գործին, այժմ իբրեւ ընդդիմություն պատրաստվում են ներթափանցել խորհրդարան՝ թոզ փչելով բոլորի աչքին»։ «Բայց 1995-ի խորհրդարանական եւ 1996-ի նախագահական ընտրություններով ՀՀՇ-ն ինքը ոտնահարեց սեփական ձեռքբերումները եւ դրանով իսկ հիմք դրվեց անօրինականություններին»։ Ի պատասխան այս նկատառման, Արամ Մանուկյանն ասաց. «Հաճախ են շահարկվում այդ ընտրությունները։ Ոչ ոք չի մերժում, որ խախտումներ են եղել։ Կազմվեց «Հանրապետություն» բլոկի ցուցակը, որտեղ հայտնվեցին մարդիկ, ովքեր այսօր մաֆիոզ են, կաշառակեր են, 3-4 կուսակցություն են փոխել։ Իրավիճակային որոշումները հանգեցրել են նման երեւույթների։ Մենք տեր ենք մեր տարած հաղթանակներին, կատարած սխալներին, թույլ տրված թերություններին։ Այս իշխանությունը հնից ընդօրինակեց միայն բացասականը եւ դրանք տասնապատկեց, հարյուրապատկեց»: «Եվ կարծում եք, որ ժողովուրդը մեկ անգա՞մ էլ վստահության քվե կտա»։ «Մենք այսօր չենք գնում ռեւանշի,- հարցին ի պատասխան արձանագրեց Ա. Մանուկյանը,- փորձում ենք վերադառնալ ակտիվ քաղաքականություն։ Դաշտը կա եւ ազատ մտածողությունն ուզում ենք ամրապնդել։ Սկսած նախագահական ընտրություններից եւ հիմա էլ, բոլոր հիմնական հայտ ներկայացրած կուսակցությունները Մոսկվայի «դաբրոն» են ձգտում ստանալ։ ՀՀՇ-ն մերժում է ավանսով վերցրած բոլոր «դաբրոները»։ Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել