Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազում միայն տղաներն են

Մայիս 02,2003 00:00

Ջազում միայն տղաներն են Տվեք մուժիկին մի զույգ կոշիկ Սովորաբար նախընտրական քարոզարշավներին քաղաքական ուժերը մարզերում հանդիպումներ կազմակերպելու համար համապատասխան գրաֆիկ են սահմանում եւ իրենց հանդիպումները տեղավորում են հենց այդ շրջանակներում: Սակայն «Ազատական դաշինքի» հիմնադիր ԱԻՄ կուսակցությունը, պարզվում է, նոր ձեւ է սահմանել, եւ այն անվանում է «իմպրովիզային»: «Ազատական դաշինքի» շտաբի ղեկավար Հակոբ Յումուշադյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք մինչ օրս այցելել են Գեղարքունիք եւ Շիրակ. դա էլ կարող էր չլինել, եթե անգիր արած ու մոռացված «նոտաներից» հետո նրանք չորոշեին «իմպրովիզացիաներ» անել Գեղարքունիքում ու Շիրակում: «Մենք իմպրովիզներով, ջազային տարբերակով ենք առաջնորդվում. նոտարներով պարապում ենք, հետո նոտաները մոռանում ենք ու սկսում ենք իմպրովիզներ անել»,- մեզ հետ զրույցում հայտարարեց պրն Յումուշադյանը՝ բացատրելով, որ պարապած նոտաներն իրենց քարոզարշավային տրանսպորտի ուղղություններն են, որոնք մոռանում ու «հավեսի» դեպքում այցելում են այն մարզերը, որտեղ այդ պահին սրտներն ուզում է: «Ազատական դաշինքի» նախընտրական շտաբի պետը նշեց, որ իրենք հիմնականում հանդիպումներ են կազմակերպում Երեւանի բակերում. «Այցելում ենք բակ առ բակ, 90 տոկոսում Հայրիկյանը մասնակցում է»,- վստահեցրեց նա՝ հավելելով, որ Երեւանի բնակիչները միայն մեկ հարցում են ընդվզում Պարույր Հայրիկյանի դեմ. «Հարցնում են՝ ինչո՞ւ Գեղամյանի հետ նույն դաշինքով չենք գնում ընտրությունների: Ասում ենք, որ նախագահականում միասին էինք, իսկ հիմա՝ ոչ»,- բացատրում է Յումուշադյանը: Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ իսկապես պառակտվեց Հայրիկյան-Գեղամյան դաշինքը, «Ազատական դաշինքի» շտաբի պետը պատասխանեց. «Այդ հարցը պետք է Գեղամյանին ուղղել: Զուտ ճաշակի ու մոտեցումների հարց է: Նախագահականում պետք էր 51 տոկոս համակրանք ունեցող մեկին միանայինք, իսկ հիմա այդ խնդիրը չունենք: Այն ժամանակ նպատակային էր մեր մոտեցումը, հիմա՝ գաղափարական: Ազատական գաղափարներ ունեցող կուսակցությունների հետ հիմա դաշինք կազմեցինք»: Անդրադառնալով Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հայտարարությանը, թե՝ ինքն ավելի փորձառու քաղաքական գործիչ է, քան Պարույր Հայրիկյանը, պրն Յումուշադյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ինքն է՞լ է այդ կարծիքին: «Ո՞նց կարող է, եթե ես այդպես կարծեի, նրա կողքին կլինեի: Բայց նա 6 ամիս առաջ՝ էլ արեւ չմնաց, որ երդվեր, թե ինքը քաղաքականությամբ չի զբաղվում: Նա «ալո», «ալո» անելով իր հեռուստադիտողներին անընդհատ դա էր ասում: Հիմա էդ ո՞նց եղավ, որ 6 ամսում դարձավ Հայաստանի թիվ 1 քաղաքական գործիչը: Իսկ նույն դաշինքի «Ազատ Հայք Առաքելություն» կուսակցության նախագահ Ռուբիկ Մնացականյանը, որի թեկնածությունը չգրանցեցին թիվ 18 ընտրատարածքում, վիրավորվածությունից վերոնշյալ հանձնաժողովների երկու անդամների՝ Ա. Մարգարյանի, Մ. Կիրակոսյանի ու իր մասին գեղարվեստական խոսք է գրել. «Մուժիկը թող ճառ գրի այն մասին, որ նրան ասվել է՝ հավաքածդ ստորագրությունները՝ «չիք»: Դե, խեղճ մուժիկն էլ դիմել է Իլյիչին, որ նա վերցնի մի թուղթ ու գրի ուր որ հարկն է… Ամեն ինչն իր ժամանակն ունի. Աստծո ու Սատանայի խոսքն առաջին հնչյունից ճանաչելու եւ պատասխան տալու ժամանակն էլ է գալու: Այսօր քարվանսարաներում ու գինետներում պորտապարով հիացողների, բեմահարթակներում ու հեռուստաէկրաններից էրոտիկ ցնցումներով ցուցադրվողների ժամանակն է… Մուժիկն ասում է ձեզ՝ դուք ուրիշ պայքարի եք սովոր. գլխներիդ տեղ՝ հսկա մի բերան, գլխներիդ տակ՝ անսահման մի փոր: Ելել եք շալակը երկրիս, խմում եք արյունը բոսոր»: Նշենք, որ այս «ստեղծագործության» հերոս մուժիկն ինքն է, իսկ մյուս դերակատարները՝ հանձնաժողովի անդամներն ու իշխանությունները: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել