Լրահոս
Օրվա լրահոսը

Հոմեոպատիայի տասնամյա ուղին

Մայիս 03,2003 00:00

Հոմեոպատիայի տասնամյա ուղին Տասը տարի առաջ հոմեոպատիան իբրեւ բուժական մեթոդ Հայաստանում հայտնի չէր։ Այսօր Հայաստանում պաշտոնապես գրանցված են եւ գործունեության արտոնագիր ունեն հոմեոպատների մի քանի ընկերություններ։ Հոմեոպատիայի ներդրումը մեր կյանքում սկսվեց 1993-ին, երբ շվեյցարահայ Հարություն Կուրչօղլուն, իր կողմից Շվեյցարիայում հիմնադրված Կոմեդ ընկերության միջոցով եւ ֆինանսական օժանդակությամբ կազմակերպեց հոմեոպատիայի եւ ռեֆլեքսաթերապիայի երկու մասնագետների՝ Ցիմերմանի եւ Մարկֆարդտի այցը Հայաստան։ «Էրեբունի» բուժկենտրոնի հետ նրանց հաստատած համագործակցությունը շարունակվեց հետագա տարիներին։ 95-ին Հայաստանում Հարություն Կուրչօղլու նախաձեռնությամբ կազմակերպվում է հոմեոպատիայի վերաբերյալ բաց դասախոսությունների առաջին շարքը։ 96-ին գրանցվում է Հայաստանում առաջին հոմեոպատների ընկերությունը՝ AHA172ն։ Նույն 96172ին Ավանի Ավանդական բժշկության ինստիտուտում հոմեոպատիայի վերաբերյալ դասախոսություններ են սկսում կարդալ վերապատրաստված հայաստանյան մասնագետները: Հայաստանցի հոմեոպատների մասնագիտական կատարելագործման համար հետագա տարիներին պարբերաբար կազմակերպվում են երկշաբաթյա դասընթացներ Գերմանիայից եւ Շվեյցարիայից ժամանած դասախոսների մասնակցությամբ։ Սկսնակների համար հիմնադրվում է դպրոց, որտեղ 8 տարիների ընթացքում գիտելիքներ են ձեռք բերել ավելի քան 90 անձինք։ Շնորհիվ ԱՀԱ-ի անդամների, Հայաստանի ազգաբնակչությունը աստիճանաբար ծանոթանում է հոմեոպատիային։ Ծանուցողական բնույթի միջոցառումներ են կազմակերպվում մարզերում եւ Արցախում։ Ոչ միայն Հայաստանում, այլեւ խորհրդային մյուս հանրապետություններում շատերը բուժման այս մեթոդը շփոթում են բուսաբուժության հետ կամ դրա մասին ամենեւին չեն լսել։ Մինչհեղափոխական Ռուսաստանում հոմեոպատիան հայտնի էր, դրանից օգտվում էր բուրժուազիան։ Խորհրդային տարիներին այն արգելվեց, քանի որ մատերիալիզմի փիլիսոփայությունը սկզբունքորեն չէր կարող ընդունել օրգանիզմի վրա հոմեոպատիկ միջոցների ազդեցությունը, որոնցում բացակայում է դեղանյութի նյութական չափաքանակը։ ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակաբար աճեց հոմեոպատիայով հետաքրքրվող եւ բուժման այս մեթոդը նախընտրող մարդկանց թիվը։ Հայաստանյան մարզերում անվճար հոմեոպատական բուժօգնություն ցուցաբերող բժիշկներն էլ 2002-ին դարձան Հայաստանում երկրորդ՝ Դասական հոմեոպատիայի ՀԿ-ի հիմնադիրներ։ Այդուհանդերձ, հասարակությունում բուժական այս մեթոդը պաշտոնական ճանաչում եւ կյանքի ուղեգիր չէր ստանում։ 1999-ին Շվեյցարիա կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահին աջակցության խնդրով դիմում է Հարություն Կուրչօղլին։ 2001-ին հոմեոպատիան պաշտոնապես իբրեւ բուժական մեթոդիկա ընդունվում Է ՀՀ առողջապահության նախարարության կողմից։ Այժմ Առողջապահության ազգային ինստիտուտում ավանդական բժշկության ամբիոնում հոմեոպատիան դասավանդվում է իբրեւ երաշխավորվող մեթոդիկա՝ բժշկական պրակտիկայում կիրառելու համար։ Երեւանի Կուրորտոլոգիայի եւ ֆիզիոթերապիայի ինստիտուտում հոմեոպատի հաստիքով աշխատում են Շվեյցարական Հոմեոպատիայի ինստիտուտում ուսանած հայաստանցի մասնագետներ։ ԼԱՈՒՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ Հոմեոպատ, OCH նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել