Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՕՐԵՆՔՈՎ

Մայիս 06,2003 00:00

ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՕՐԵՆՔՈՎ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը եւ Դանիայի Թագավորության փախստականների, իմիգրացիայի եւ ինտեգրացիայի հարցերով նախարար Բերթել Հերցերը ս. թ. ապրիլի 30-ին Դանիայում ստորագրել են «ՀՀ կառավարության եւ Դանիայի Թագավորության կառավարության միջեւ առանց թույլտվության ապրող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը։ Նման փաստաթուղթը կարող է առավելագույնս պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքները եւ հիմք լինել անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաղադրիչների առնչությամբ մուտքի պետություններից հնարավոր օժանդակություն ստանալու համար։ Այդ բաղադրիչներից մեկը անօրինական միգրացիայի վերաբերյալ տեղեկատվություն ապահովելն է։ Հայաստանում վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, բնակչության 40%-ը տեղյակ չէ եվրոպական երկրներ մուտքի թույլտվության կամ վիզայի անհրաժեշտության մասին։ 58,7%-ը գաղափար անգամ չուի, որ այդ երկրներում աշխատելու համար անհրաժեշտ է հատուկ աշխատանքի թույլտվություն։ Սա՝ այն պայմաններում, երբ զանազան «տուրիստական» եւ միջնորդ կազմակերպություններ, օգտվելով նման անիրազեկությունից, ՀՀ քաղաքացիներ են հավաքագրում՝ իբրեւ թե արտասահմանում աշխատանքի տանելու համար։ Արդյունքում՝ քաղաքացիները գումարներ են վատնում եւ դրսում հայտնվում անօգնական ու անորոշ վիճակում։ ՀՀ-ն Միգրացիայի միջազգային կազմակերպության ջանքերով երկու տարի է՝ ներգրավված է արեւմտաեվրոպական մի շարք երկրներում անօրինական ապրող ՀՀ քաղաքացիների վերադարձի վերաբերյալ համաձայնագրեր նախապատրաստելու եւ կնքելու աշխատանքներում։ Այժմ նման բանակցություններ են ընթանում Բենիլյուքսի երկրների, Չեխիայի, Լեհաստանի, Ուկրաինայի հետ, իսկ Շվեյցարիայի Դաշնության կառավարության հետ առաջիկայում համաձայնագիրն արդեն կստորագրվի։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել