Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսեցին՝ Կենտրոնում

Մայիս 26,2003 00:00

Գորիսեցին՝ Կենտրոնում Իսկ արշալույսները 0363-ում խաղաղ չէին Մայրաքաղաքի թիվ 16 ընտրատեղամասում, որտեղ երեկ պատգամավորի մանդատի համար մեծամասնական պայքար մղեցին Արարատ Զուրաբյանը, Շավարշ Քոչարյանը, Վլադիմիր Բադալյանը, Ալեքսանդր Գիվոեւը, Սարգիս Ասատրյանը եւ այլք, ընտրախախտումներ սկսեցին արձանագրվել դեռ նախորդ օրվանից։ Մասնավորապես, ըստ ՀՀՇ կենտրոնական նախընտրական շտաբից ստացված տեղեկության, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից թիվ 0368 տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացվել է 2049 քվեաթերթիկ (մեծամասնական)։ Սակայն հանձնաժողովը հաշվելիս պարզել է, որ 1006 քվեաթերթիկ պակաս է։ Նույն տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահը նախապես է ստորագրել քվեաթերթիկների ետեւի մասում, որն ընտրական օրենքի կոպիտ խախտում է։ Թիվ 57 դպրոցում տեղակայված 0363 տեղամասում քվեարկելու ակտիվ փորձեր էին անում Գորիսի գրանցում ունեցող քաղաքացիներ։ Այդ առիթով դժգոհություն էր բարձրացրել ՀՀՇ-ի վստահված անձ Ծովինար Սամսոնյանը։ Հանձնաժողովի նախագահ Կարեն Գրիգորյանն անկեղծ խոստովանություն արեց. «Ուզում էինք նիստի դնեինք, որոշեինք, բայց…»։ Իսկ թե գորիսեցին ինչպե՞ս էր հաջողացրել Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի ընտրացուցակներում հայտնվել՝ «ես պատասխանատու չեմ ցուցակների համար»,- կրկին անկեղծացավ հանձնաժողովի նախագահը։ Նույն տեղամասում ՍԻՄ-ի վստահված անձ Հարություն Սառաֆյանը, որին վերապահված էր քվեատուփերը վերահսկելու պատիվը, ՀՌԱԿ-ի վստահված անձին համոզում էր, որ «էս մարդը մի անգամ արդեն եկել-քցել է» (սույն անձին չշփոթել գորիսեցու հետ)։ ՍԻՄ-ի վստահված անձը տեղեկացրեց նաեւ, որ հանձնաժողովի նախագահը ոչ մի դիտորդի թույլ չի տալիս վերահսկել՝ անձնագրային տվյալներն ինչպես են լրացվում՝ «առնվազն երեք մարդ ես բռնել եմ, որ էստեղ գրանցում չեն ունեցել ու նրանք քվեարկել են հանձնաժողովի նախագահի գիտությամբ»։ ՀՌԱԿ-ի վստահված անձն աննկուն մնաց՝ «ձեր կասկածը հիմք չունի»։ Ի դեպ, մեզ հասած տեղեկությամբ, հանձնաժողովի նախագահը Վլադիմիր Բադալյանի «մարդն» է։ Օրվա վերջում տեղեկություն ստացվեց, որ նույն դպրոցում ընտրախախտողները ծեծել են հանձնաժողովի անդամներից մեկին։ Վերջինս օրինականության կողմնակից է եղել։ Իսկ ընտրակեղծիք ապահովողները ճողոպրել են միլիցիոներների օգնությամբ։ Կոնդում գտնվող 0353 տեղամասային հանձնաժողովում 13։15-ի սահմաններում, Ազգային միաբանության կենտրոնական շտաբի ներկայացուցիչը, որը որեւէ փաստաթուղթ չի ունեցել, ներխուժել է տեղամաս եւ ԱՄ-ի վստահված անձի՝ Ադամյան Եվգենյայի հետ համատեղ, ըստ արձանագրության, «վայնասուն» են բարձրացրել։ Խնդիրն այդ տեղամասում գտնվող դիտորդն է եղել, որին Ազգային միաբանականներն այլ տեղամասում տեսել են իբրեւ ընտրող։ Քվեարկության արդյունքում, հանձնաժողովականները ԱՄ-ի վստահված անձին դուրս են հրավիրել։ Ըստ ՀՀՇ կենտրոնական շտաբի, Մայակովսկու անվան դպրոցի 0362 տեղամասում մոտ 600 զինվոր քվեարկել է բաց։ Լցոնման դեպքեր են արձանագրվել նաեւ Գյումրիում՝ ե՛ւ մեծամասնականով, ե՛ւ համամասնականով։ ՀՀՇ փոխնախագահ Արամ Մանուկյանի կարծիքով, եթե ընտրությանը մասնակցածների թիվը քիչ հայտարարվի, ապա խախտումներն այդքան էլ շատ չեն եղել։ Իսկ «եթե պրեզիդենտական ընտրությունների թիվը պահպանվի, ապա… մեկ տեղամասում 800-900 մարդուց ավելի, ֆիզիկապես հնարավոր չէ, որ քվեարկեն։ Պրոցեսը դանդաղ է գնում, ուստի, մասնակիցների իրական թիվը 800 հազարից ավելի չի կարող լինել»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել