Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԵՐԹՈՒՂԱՅԻՆԸ

Մայիս 26,2003 00:00

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԵՐԹՈՒՂԱՅԻՆԸ Ի տարբերություն ՀՀԿ կենտրոնական շտաբի, ուր երեկ օրվա առաջին կեսի դրությամբ դեռեւս ոչ մի ընտրակեղծիքի վերաբերյալ ահազանգ չէր ստացվել, Ժողովրդական կուսակցության գրասենյակում մեզ հայտնեցին, որ թիվ 17 ընտրատարածքի (ուր կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն առաջադրված է մեծամասնական ընտրակարգով) բոլոր ընտրատեղամասերում կեղծիքներ են գրանցվել, որոնց մասին ԱԼՄ հեռուստաընկերությունը պարբերաբար տեղեկացնում է: Շտաբում համաձայնեցին մեզ ինֆորմացիա տրամադրել՝ պայմանով, որ անուններ չհրապարակվեն եւ ձայնագրություն չլինի: Մենք պահպանում ենք լրագրողական էթիկայի կանոնները եւ հարգում խնդրանքը, ի տարբերություն ԱԼՄ-ի, որը պատրաստվում է եթեր հեռարձակել գաղտնի ձայնագրություններ, որտեղ իբր լսվում է, թե ինչպես է թիվ 17 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը, մեղմ ասած, անհարգալից խոսում ԿԸՀ նախագահի հետ եւ հրաժարվում է կատարել վերջինիս խնդրանքը՝ թույլ տալ ԱԼՄ-ի օպերատորին՝ նկարահանումներ կատարել: Այս մասին մեզ հայտնեցին հենց ԺԿ շտաբում: Խոսքն ընտրությունների նախորդ օրը քվեաթերթիկների ստորագրման եւ փաթեթավորման «արարողությունը» նկարահանելու եւ Ընտրական օրենսգրքի հոդված 30-ի 1-ին կետի մասին է, ըստ որի՝ ԶԼՄ ներկայացուցիչներն իրավունք ունեն անարգել ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին եւ այլն: ԺԿ շտաբը հայտնում է նաեւ, որ երթուղային տաքսիներով ընտրատեղամասեր են բերում «օտար ընտրողների», այսինքն անձանց, ովքեր այդ տեղամասում ընտրելու իրավունք չունեն եւ ովքեր «լցոնում» են Տ. Կարապետյանի մրցակից Արմեն Դանիելյանի օգտին: Վերջինիս, ի դեպ, սատարում է ՀՀԿ-ն: Մենք եղանք շտաբի մատնանշած ընտրատեղամասերից երկուսում՝ 0381/17 եւ 0382/17: Այստեղ թե հանձնաժողովի նախագահները, եւ թե Տիգրան Կարապետյանի վստահված անձինք հավաստիացնում էին, թե «ոչ մի միջադեպ չի գրանցվել, ամեն ինչ հանգիստ ու խաղաղ է»: Իսկ 0382/17-ի հանձնաժողովի նախագահ Աշոտ Աֆյանը ահազանգերը որակեց իբրեւ շանտաժ: Այս նույն տեղամասում Տ. Կարապետյանի վստահված անձ Սամվել Տեր-Պողոսյանը եւ անգամ «Ազգային միաբանության» վստահված անձը հաստատեցին, թե իրենք շատ հանգիստ պայմաններում են աշխատում: Քիչ էր մնում՝ հավատայի աչքերի անմեղ արտահայտությամբ ասված վերջիններիս խոսքերին, երբ ինքս ականատես եղա, թե ինչպես ժամը 15:30-ին ընտրատեղամասի՝ թիվ 17 դպրոցի բակ խորհրդավոր մտավ թիվ 81 երթուղայինը՝ 02-794 համարանիշով՝ էլի մի քանի տարբեր մակնիշի ավտոմեքենաների ուղեկցությամբ՝ բոլորի մեջ լիքը երիտասարդ տղաներ: Տպավորություն ստեղծվեց, որ նրանք թաղի տղաներ են. մոտեցան տեղամասի մուտքի մոտ ավելի վաղ հավաքված տղաների խմբին, ձեռքով բարեւեցին, բնականաբար նաեւ համբուրվեցին ու կանգնեցին՝ շուրջբոլորն ուսումնասիրող հայացքներով: Շարունակությունը պարզ է՝ նախադեպը եւ փորձը կա: Ի դեպ, ԸՕ-ի «ամենաանմեղ» խախտումներից է նաեւ տեղամասի մոտ խմբվելը. ըստ հոդված 23-ի 3-րդ կետի, «արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչեւ 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը»: Տիգրան Կարապետյանի շտաբից մեզ հայտնեցին նաեւ կոնկրետ մի փաստ. Արթուր Գրիգորի Գրիգորյանը՝ Լիսինյան 14, բն. 31 հասցեից, ընտրել է 0372/17 ընտրատեղամասում, որի իրավունքը նա չուներ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել