Լրահոս
Օրվա լրահոսը

Նորքի զանգվածը՝ ռեկորդակի՞ր

Մայիս 26,2003 00:00

Նորքի զանգվածը՝ ռեկորդակի՞ր Թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Գեղամ Հարությունյանն ահազանգեց, որ Նորքի զանգվածում տեղակայված մի շարք ընտրատեղամասերում (0023, 0028, 0033, 0044) արդեն գրանցվել են կոպիտ խախտումներ։ Ըստ նրա, այդ ամենը ակնկալելի էր դեռեւս մայիսի 24-ից. «Երեկվանից որոշակի պրոբլեմներ էին առաջացել ընտրությունների հետ կապված։ Երբ, ըստ տեղամասերի, սկսեցին բաժանվել քվեաթերթիկները, հաշվելուց հետո պարզվեց, որ 271 հատ պակասում է։ Բացի սրանից, կասկածելի եւ տագնապահարույց այլ դեպքեր էլ եղան։ Նույն 0028 տեղամասում հանձնաժողովի նախագահը կամային որոշում էր ընդունել եւ միայն ինքն էր ստորագրում քվեաթերթիկները, իսկ դա օրենքի կոպիտ խախտում է»։ Գ. Հարությունյանը պնդում է, որ վերոնշյալ տեղամասերում արձանագրվել են նաեւ այլ դեպքեր, երբ վիճակահանություն չի անցկացվել կամ էլ ընտրատարածքային հանձնաժողովի կողմից ցուցում է տրվել, թե ամեն տեղամասում ինչ գույնի գրիչով ստորագրվեն քվեաթերթիկները։ «Չորս տեղամասերում, այդ թվում եւ 0028-ում կնիքները թաց ու օգտագործված էին, 0027-ում կարուսելի դեպք է գրանցվել եւ արձանագրություն կազմվել»,- հայտարարում է պատգամավորության թեկնածուն։ Նրան մտահոգում էր նաեւ «կորած» 271 քվեաթերթիկների ճակատագիրը. «12 ժամվա ընթացքում 23 տեղամասերում շրջելու դեպքում դա լուրջ թիվ է դառնում եւ փաստորեն ընտրությունների օրինականությունը խախտվում է հենց ընտրատարածքային հանձնաժողովների մասնակցությամբ»։ Ի դեպ, թիվ 2 ընտրատարածքն աչքի է ընկնում պատգամավորության թեկնածուների առատությամբ։ Գ. Հարությունյանը, սակայն, մյուս թեկնածուներին, բովանդակային առումով, իր մրցակիցներն ու հակառակորդները չի համարում, շեշտելով, որ իր հակառակորդը ստեղծված անհեթեթ իրավիճակն է. «Այն, ինչ կատարվեց նախագահական ընտրությունների ժամանակ, հարված էր բոլորիս։ Կարծում էի, որ բաց թողնվածը գոնե խորհրդարանականի ժամանակ կփոխհատուցվի, բայց հենց այս պահից էլ կարող եմ ասել, որ ընտրությունների արդյունքներն ինձ վստահություն չեն կարող ներշնչել։ Քանիցս ասել եմ, որ մեր պետական ապարատում հարաբերությունները միջնադարյան-վասալային են, երեւի եկել է բահրայի ժամանակը, դրա համար էլ այսօր նույնիսկ բնամթերքով են ընտրակաշառք տալիս»։ Թեկնածուն փաստեց, որ թիվ 2 ընտրատարածքի պատգամավորության որոշ թեկնածուներ տարբեր չափի գումարներ էլ են առաջարկում ընտրողներին, իսկ նրանց մարդիկ՝ «ընտրություններում մասնագիտացած սպեկուլյանտները, փորձում են որքան հնարավոր է պակասեցնել դրանց չափը, որովհետեւ թեկնածուներից վերցրածի հաշվին ուզում են իրենց համար գումարներ տնտեսել»։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել