Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱԴԵՄԻՆ-2

Հունիս 04,2003 00:00

ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱԴԵՄԻՆ-2 Խորհրդարանական ընտրությունների այլ արդյունքներ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներին համառոտ անդրադարձել է Արամ Աբրահամյանը։ Մեկ-երկու հանգամանք հատկապես կուզենայի ընդգծել. ա) որքան էլ տարօրինակ է ասելը՝ ընտրություններին առանձին մասնակցած ուժերից Քոչարյանին ամենահավատարիմ կուսակցությունները պարտվեցին (ՀԺԱՄ, ՀՌԱԿ, «Հզոր հայրենիք», մասամբ՝ ՀՅԴ), բ) Սերժ Սարգսյանին հավատարիմ ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան (ՀՀԿ, «Օրինաց երկիր», «Ազգային միաբանություն»)։ Անշուշտ, հաղթանակած ուժերին երկու թեւի բաժանումը խիստ պայմանական է։ Սակայն պայմանականը զուտ պայմանական էլ կարելի էր համարել, եթե այդքան զռացող չլիներ առաջին կետում նշված պարագան։ Դրանից ելնելով կարող ենք ասել, որ այս ընտրություններից հետո Քոչարյանը հայտնվել է 99-ի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակում։ Այսինքն՝ նրան սպառնում է եւս մեկ անգամ դառնալ դիտորդ, մինչեւ իրադրության փոփոխություն։ Այդ վիճակն ավելի բարդանում է նրանով, որ նա չճանաչված օրինականություն ունի, ինչը թեեւ առկա էր նաեւ 98-ին, բայց չմոռանանք, որ այդ կարգավիճակում նա հայտնվում է երկրորդ անգամ, գումարած՝ Հայաստանի Հանրապետությունը Եվրախորհրդի անդամ է, այսինքն՝ տարբեր է նաեւ ՀՀ-ի կարգավիճակը։ Այս հանգամանքների հաշվառմամբ եւ չնայած իր զինանոցի անսպառ հնարավորություններին, Քոչարյանի ելք գտնելու ռեսուրսները առանձնապես մեծ չեն քաղաքական կապիտալի տեսակետից։ Կարելի է քննարկել հնարավոր ելքի մի քանի վարկած։ Դեպք առաջին. սա այն դեպքն է, որ նա բազմիցս կիրառել է. քավության նոխազի փնտրտուք։ Այս վարկածով պետք չէ անտեսել «մի խումբ ռոմանտիկների» տարբերակը։ Բայց այս՝ յուրայինների քաղաքական զոհաբերման տարբերակի հնարավորությունը գրեթե հավասար է զրոյի, մանավանդ պայմանական յուրայինը, որին նա կարող է զոհաբերել, նույնպես ձեռքի տակ կարող է ունենալ այս տարբերակը, հաշվի առնելով նաեւ նախագահի խախուտ օրինականությունը։ Դեպք երկրորդ. խորհրդարան եկած կուսակցությունների այլասերման քաղաքականության շարունակում։ Այս հանգամանքի օգտին է խոսում արդեն որպես խայծ նետված «կոալիցիոն կառավարություն» ստեղծելու մասին հայտարարությունը։ Դատելով Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի եւ Գալուստ Սահակյանի նեղսրտած հակազդեցությունից, հայտարարությունը փոխադարձ համաձայնության ծնունդ չէր։ Մյուս կողմից՝ այս պահին, համենայնդեպս, Սերժ Սարգսյանի սատարած ուժերից ոչ ՀՀԿ-ին, ոչ «Օրինաց երկրին» եւ ոչ էլ «Ազգային միաբանությանը» պառակտման կամ այլասերման վտանգ չի սպառնում։ Վտանգավոր գայթակղություն կա միայն «Օրինաց երկրի» համար՝ կապված կառավարությունում առաջիկա ստանձնելիք պաշտոնների քանակի հետ, այն էլ սանձելի խնդիր է Արթուր Բաղդասարյանի ԱԺ նախագահ դառնալու հնարավորությամբ։ Այնպես որ, սա էլ չի գործելու։ Դեպք երրորդ. այս վարկածը ամենաբարդ ենթադրելին է, բայց քանի որ հասել ենք դրան, չենք կարող չավելացնել, որ պաշտպանության նախարարի թեւի ջախջախիչ հաղթանակը ծրագրված նախապատրաստություն է, որ բան է, եթե հանկարծ այնպես պատահի, որ քաղաքական ներքին եւ հատկապես արտաքին զարգացումները հանգեցնեն Քոչարյանի հրաժարականի անհրաժեշտության, «պալատական հեղաշրջման» հուսալի պատվանդան ունենան՝ ի դեմս հանրապետականների եւ մյուսների։ Կարծում եմ, թվարկած տարբերակներից այս մեկը հավանական լինելու ամենամեծ հնարավորությունն ունի, բայց այդ մասին ավելի մանրամասն կանդրադառնանք հաջորդ հոդվածում։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30