Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՆ՝ ԸՍՏ ՀՅԴ-Ի

Հունիս 05,2003 00:00

ԿՈԱԼԻՑԻԱՆ՝ ԸՍՏ ՀՅԴ-Ի Կոալիցիոն կառավարության շուրջ բանակցություններն ընթանում են ոչ թե կուսակցությունների միջեւ, այլ Ռոբերտ Քոչարյանի հետ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հունիսի 3-ին Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են կոալիցիոն կառավարության վերաբերյալ իրենց առաջարկ-սկզբունքները՝ տարակուսանք հայտնելով, թե ինչպես են այլ շրջանակներում հասկացել ձեւավորվելիք կոալիցիան: «Նախագահն ասում է՝ «կոալիցիոն կառավարություն», իսկ օրինակ, Հովիկ Աբրահամյանն ասում է, թե իրենք մեծամասնություն են ԱԺ-ում, 73 հոգի են: Այդ դեպքում հասկանալի չէ՝ եթե այդքան ճնշող մեծամասնություն են, էլ կոալիցիան ի՞նչ են անում, որ: Այդ մենք չենք կարողանում հասկանալ: Եթե «կոալիցիա» բառի տալ ա՛յլ բան են հասկանում, ապա մեզ պիտի հստակ բացատրեն»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Կոալիցիոն կառավարության կազմավորման ՀՅԴ առաջարկած սկզբունքները հետեւյալն են՝ պիտի լինի Ռոբերտ Քոչարյանի երաշխիքը, նախնական պայմանավորվածություն եւ ուժերի միջեւ հուշագրի ստորագրում: Վերջինս, ըստ Վահան Հովհաննիսյանի՝ պիտի վերաբերի հետեւյալ հարցերին. «Քաղաքական ուժերն իրե՛նք են նշանակում իրենց ներկայացուցիչներին, այլ ոչ թե իրենց միջից ընտրվում է ուրիշի տեսակետից հարմարագույնը: Քաղաքական կուսակցությո՛ւնն է պատասխանատու իր կադրի համար՝ ուրեմն ինքն էլ կատարում է այդ առաջարկը, եւ նշանակումը պայմանավորում իր առաջարկով»: Բացի այդ՝ ըստ պրն Հովհաննիսյանի, վատ աշխատող նախարարին ոչ թե այլ նախարարություն պիտի փոխադրեն կամ որեւէ այլ բարձր պաշտոնի, այլ՝ «պետք է վռնդե՛ն: Շրխկոցո՛վ՝ եթե անհրաժեշտ է»: Եվ ամենակարեւորը. «Քաղաքական ուժերը պետք է ունենան վետոյի իրավունք», այսինքն՝ ըստ նրա, եթե ավելի ծանրքաշային ուժերն այլ ուղղությամբ են տանում ծրագիրը՝ կուսակցությունը պետք է կարողանա հետ քաշել իր նախարարներին: Այս ամենի երաշխիքն ունենալուց հետո ՀՅԴ-ն նոր կբանակցի կառավարության պորտֆելների շուրջ: Ի դեպ՝ նաեւ ԱԺ ղեկավարության: ՀՅԴ Բյուրոյի անդամը բացահայտել է, թե ինչ հավակնություն ունեն պորտֆելների հարցում՝ «Հակակոռուպցիոն պայքարի ճակատը»: Եվ նշել է, թե դա անպայման ուժային ծառայությունների ղեկավարների պաշտոնը չէ. «Մենք ավելի շատ խոսում ենք հակակոռուպցիոն հատուկ անկախ գործակալություն ստեղծելու մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել