Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՂ ՄԻ ԴԻՄՈՒՄ ԷԼ ԳՐԻ

Հունիս 05,2003 00:00

ԹՈՂ ՄԻ ԴԻՄՈՒՄ ԷԼ ԳՐԻ Շուրջ երկու տարի է, ինչ Արցախյան պատերազմի մասնակից Աբգար Մակյանը ջանում է հաստատել իր հաշմանդամության կարգը եւ ստանալ իր թոշակը։ Այս ընթացքում նա հասցրել է անհրաժեշտ փաստաթղթերի տրցակը երկու անգամ պատռել, որովհետեւ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներին միշտ ինչ-որ փաստաթուղթ է պակասում։ Ա. Մակյանն այդ բյուրոկրատական քաշքշուկն արդեն երրորդ անգամն է փորձում հաղթահարել։ Այս անգամ հանձնաժողովը պահանջել է ազատամարտիկի զինգրքույկը, ինչը, պաշտպանության նախարարությունից ճշտեցինք՝ աբսուրդ է։ Բացի այդ, այլ փաստաթղթեր կան, որոնք վկայում են Ա. Մակյանի վնասվածքները պատերազմում ստանալու մասին։ Հաշմանդամության կարգը հաստատելը պարոն Մակյանին անհրաժեշտ է կենսաթոշակ ստանալու համար։ Բայց այս անիմաստ քաշքշուկների արդյունքում ոչ միայն կարգը չի հաստատվել, այլեւ բոլորովին վերջերս Մակյանների ընտանիքը զրկվել է ընտանեկան նպաստից։ Մինչդեռ, Աբգար Մակյանը պատերազմ գնալով առաջին իսկ օրերից, հասցրել է վիրավորվել 8 անգամ, մինչ այժմ բաց կոտրվածք ունի, ինչպես նաեւ վեց անչափահաս երեխա (մեծն այս տարի չափահաս կդառնա) է խնամում։ Իհարկե, այս ամենը հաստատող փաստաթղթեր կան։ Ու չնայած երկրապահ կամավորականների միության եւ ՀՀ ՊՆ Սոցիալական պաշտպանության վարչության կողմից տրված վկայականներին, բժշկասոցիալական փորձագետները ազատամարտիկին ասել են, թե՝ միգուցե հրազենային վնասվածքներն ստացել ես հարեւանիդ հետ վիճելու հետեւանքով բռնկված կռվում։ Հերոսական մարտական ուղի անցած Աբգար Մակյանն ստիպված է եղել դիմել իր «ծանոթին», ում բրիգադում կռվել է՝ ԵԿՄ նախագահ, ՊՆ փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին։ Վերջինս ՊՆ Ռազմաբժշկական վարչության պետին ուղղված իր գրությունում հաստատում է, որ «ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Աբգար Հովսեփի Մակյանը (գրանցված ԵԿՄ Նաիրիի տարածքային բաժանմունքում) ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի եւ ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին։ Այժմ Ա. Մակյանը գտնվում է վատառողջ վիճակում եւ կարիք ունի հետազոտման ու բուժման»։ Փոխնախարարը վարչության պետից ակնկալում է «աջակցություն՝ Ա. Մակյանի հետազոտումն ու բուժումը կազմակերպելու, ինչպես նաեւ պատճառական կապը հաստատելու հարցում»։ Միայն համագյուղացիների (Կոտայքի մարզ, Նաիրիի շրջան, գ. Զորավան) հորդորով է Աբգար Մակյանը նախաձեռնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը երրորդ անգամ հավաքելու երկար գործը։ Միաժամանակ դիմել են «Առավոտին»։ Փաստաթղթերի պատճենները տրամադրվել են նախարարությանը, որտեղից հայտնեցին, որ Ա. Մակյանին մնում է ՊՆ ներկայացնել միայն իր մարտական ուղին եւ փոխնախարարի անունով մի դիմում։ Իսկ վնասվածքների (որոնց մասին վկայում են նաեւ բժշկական փաստաթղթերը) պատմությունը հետեւյալն է. «Կամավոր գնացել եմ «Աշոտ Երկաթ» ջոկատ։ («Պատերազմի առաջին օրերին»,- ավելացնում են համագյուղացիները- Ա. Ու.)։ Գնացել եմ Մարտակերտ։ Խփել եմ 7-8 թուրք, բայց վիրավորվել եմ։ Տարան Չլդրանի հիվանդանոց։ Առավոտյան փախա հիվանդանոցից, որ նորից կռիվ գնամ, որովհետեւ իմ բոլոր վիրավոր ընկերներն էլ կռվում էին։ Մտածեցի՝ ուսից եմ, էլի, վիրավորվել։ Ինչի՞ չպիտի կռվեմ։ Հետո Վազգեն Սարգսյանը 1993թ. կանոնավոր բանակ ձեւավորելու հրաման էր տվել։ Մարտի 12-ին գնացի Չարբախ, հետո Սարիթաղ, հետո Ֆիզուլի, որտեղ նույնպես վիրավորվեցի։ Քանաքեռի հիվանդանոցում մի քիչ բուժվեցի ու գնացի Մարտակերտ։ Ես ընդհանրապես կռվելիս եմ եղել նաեւ իմ թագավոր գեներալի (նկատի ունի Մանվել Գրիգորյանին- Ա. Ու.) բրիգադում, եղել եմ նաեւ ջերմուկցի Համոյի (Մուշեղ Բաբայան) աջ թեւը (Երեւանի գումարտակ)։ Սահմանը պահել եմ առանց որեւէ միջադեպի»։ Ա. Մակյանը չի կարող ֆիզիկական աշխատանք կատարել, որովհետեւ վնասվածքներ ունի, իսկ ձախ թեւի փոքր ոսկորը մինչեւ հիմա շարժվում է։ Պատճառն այն է, որ ազատամարտիկը ժամանակից շուտ է հանել գիպսը՝ իր կռվող ընկերներին շուտ միանալու համար։ Պարոն Մակյանն անընդհատ չի խոսում իր սխրանքների մասին եւ մինչ այժմ տուժել է իր համեստությունից։ Իրենով սկսել են հետաքրքրվել մտերիմները, իսկ ԵԿՄ-ն ու ՊՆ-ն «Առավոտի» միջոցով խոստացան, որ խնդիրը շուտով կլուծվի։ Կհետեւենք։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30