Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիայով քավենք բիբլիական մեղքը

Հունիս 05,2003 00:00

Կոալիցիայով քավենք բիբլիական մեղքը Շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունքով եւ էկոլոգիական ոչ բավարար էթիկայով, պարզվում է, առաջինը աչքի են ընկել մեր բիբլիական նախատատն ու նախապապը։ «Հայաստանի ծառատունկ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Ջեյսոն Քաուֆելդը երեկ լրագրողներին պարզաբանեց. «Ադամն ու Եվան դրախտը կորցրին, որովհետեւ սխալ օգտագործեցին բնությունը. կերան արգելված պտուղը»։ Առաջին մարդկանց գործած մեղքին փաստորեն բնապահպանականն էլ ծանրացնելով, պրն Քաուֆելդը զուգահեռներ տարավ, եթե հայերս շարունակենք այսպես սխալ օգտագործել մեր անտառները, շուտով կզրկվենք դրանցից։ Համաշխարհային բանկի հաշվարկներով, այդ «շուտովը» կգա ընդամենը 20 տարուց։ Երեկ «Արմենիա» հյուրանոցում կայացավ «Պահպանենք մեր անտառները» կոալիցիայի հիմնադիր ժողովը։ Կոալիցիային անդամակցում են «Հայաստանի անտառների ապագայով մտահոգված քաղաքացիներ, կազմակերպություններ, գործարարներ, կառավարության համապատասխան մարմիններ եւ միջազգային կազմակերպություններ»։ (Թվարկվում է)։ Սա՝ ըստ փաստաթղթերի։ Երեկ դահլիճում ներկա էին հիմնականում հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ «կառավարության համապատասխան մարմիններից» ներկա էին հիմնականում բնապահպանության նախարարության ներկայացուցիչները։ Ինքը՝ նախարար Վարդան Այվազյանը, բացակայում էր։ Ինչպես պարզաբանեցին, «կառավարությունից շտապ կանչեցին, շրջան է մեկնել»։ Իսկ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը հայտնեց, որ հրավերներ ուղարկվել են համապատասխան բոլոր գերատեսչություններին։ Կոալիցիան իր մոտակա նպատակներից առաջինը նշել է. «Հայաստանում ընդլայնել առողջ անտառածածկույթի տարածքը՝ հասցնելով այն ընդհանուր տարածքի 25%-ին»։ Մասնագետների պնդմամբ, Հայաստանի անտառների հետ գործ ունենալիս որպես ամենամոտակա նպատակ պետք է դնել եղած անտառները պահպանելու խնդիրը։ Մանավանդ որ, ներկայումս հատված եւ հատվող անտառների տարածքներն անմիջապես սեփականաշնորհվում են։ Հիմնադիր ժողովից առաջ ասուլիսում եւ ժողովի ընթացքում ելույթ ունեցողները կարեւորում էին անտառների պահպանության գործը։ Սակայն ամենատպավորիչը բնապահպանության նախարարության «Կենսառեսուրսների պահպանության գործակալության» տնօրեն Արտաշես Զիրոյանի խոսքն էր, որտեղ օգտագործվեցին անգամ «էկոհամակարգերի օպտիմիզացիա», «ջրային ռեսուրսների բարտեր», «օրենքում զետեղենք գաղափար» արտահայտությունները։ Իսկ անտառները պահպանել եւ պաշտպանել պետք է։ Հաշվի առնելով, որ Հայաստանի անտառային ֆոնդի վերջին հաշվառումը կատարվել է 1993-ին եւ արդեն այդ ժամանակ հանրապետության անտառածածկ տարածքները ընդհանուր տարածքի մոտավորապես 11%-ն են կազմել։ Անտառահատումները շարունակվում են մինչեւ այսօր։ Տարեկան մեր հանրապետությունում միայն որպես վառելիք օգտագործվում է 500 հազար խմ փայտանյութ։ Կոալիցիան ստեղծվեց երեկ, սակայն անդամ-կազմակերպությունները համագործակցել սկսել են 2002-ի դեկտեմբերից։ Որպես այդ համագործակցության օրինակ, նշվեց եղեւնիների եւ սոճիների հատման արգելքի կիրառմանը նպաստած միջոցառումներից այլընտրանքային տոնածառի մրցույթը դպրոցականների շրջանում։ Երեկ հիմնադիր ժողովն աշխատանքը շարունակեց աշխատանքային խմբերով։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30